Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, շարունակում է հարստանալ: Նա Աշտարակի հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող նախկին այգու ծառերը կտրել է եւ իր համար առեւտրի կրպակ է կառուցում:
«Ժողովուրդ»-ը տեղեկություններ ստացավ, որ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը կտրում է կանաչ ծառերը ու հենց մայթեզրին շինարարություն է ծավալում: Ուղեւորվելով Աշտարակ՝ տեղում պարզեցինք, որ, իսկապես, քաղաքի հիվանդանոցի հարակից տարածքը շինհրապարակի են վերածել՝ չպահպանելով սանիտարական որեւէ նորմ: Անգամ ձեւական պոլիէթիլենային «ցանկապատ» չկար: Նկարներում հստակ երեւում է, որ փորված հատվածում նախկինում ծառեր են եղել, իսկ քարերն էլ լցված են դեռ կանգուն ծառերի արմատների մոտ:
Փորձեցինք Աշտարակի բնակիչներից հետաքրքրվել, թե ինչ է կառուցվում տարածքում, սակայն նրանցից շատերը հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ. «Ա՛յ մարդ, շառից-փորձանքից հեռու, անիրավ աշխարհ է, մեզ պետք չէ ավելորդ գլխացավանք»: Կամ էլ ասում էին. «Մենք տեղյակ չենք, թե ինչ են անում, ինչ շինություն է, ում է պատկանում, բայց թե, աղջի՛կ ջան, տեղյակ էլ լինենք ու քեզ ասենք, ինչ-որ բան փոխվելո՞ւ է: Սարքում են էլի»: Միայն հաստատեցին, որ շինությունը մարզպետարանի ենթակայության տակ է:
Զրուցեցինք նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, որն ասաց, որ ոչ թե առանձնատուն է կառուցում, այլ ընդամենը դեղատուն: Դե իհարկե, մայթեզրին՝ հիվանդանոցի մոտ, Աշտարակում միայն մարզպետը կկարողանար դեղատուն կառուցել: Պատկերացնում եք չէ՞, թե ինչ դրամաշրջանառություն կունենա այդ «օբյեկտը»:
Այստեղ տեղին է հիշեցնել 2011թ. մարտի 16-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը՝ ուղղված մարզպետերին: «Իմ պատկերացմամբ՝ մարզպետը մարզի լոկ ղեկավարը չէ. նա պետք է լինի մարզի բնակչության առաջնորդը, նրա հոգսերի կիսողը, նրա խնդիրները ներկայացնողը պետական ատյաններում, արդարության մթնոլորտ հաստատողը մարզում եւ, իհարկե, պետք է լինի նաեւ տեղական իշխանիկներին զսպողը: Երբ ես ասում եմ տեղական իշխանիկների մասին, ես նաեւ ուզում եմ ասել, որ ձեզնից էլ որեւէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ: Այդ հոգեբանությունը պետք է բացառվի: Դուք պետք է դրա համար օրինակ հանդիսանաք: Դուք եւ մենք ժողովրդի սպասարկողներն ենք»:
Ինչպես երեւում է, Սահակյանն ուղղակի իմաստով է հասկացել «սպասարկող» բառը եւ որոշել է աշտարակցիներին դեղ մատակարարել՝ «ձեռքի հետ» էլ տռզացնելով սեփական գրպանը:
Տեսանյութը դիտե՛ք www.armlur.am կայքում:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ