Նախօրդ օրը հրդեհ էր բռնկվել Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբում: Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց սոցիալական ցանցերում, եւ քանի որ տուժածներ չկային ու հաշվի առնելով ավելի վաղ այրված հայտնի ակումբի եւ այրողների հնարավոր կապը կուսակցությունների հետ՝ քննարկումներն ու գրառումները միանգամից վերածվեցին ծաղրանքի:
Ներկայացնում ենք թեմայով արված ֆեյսբուքյան օգտատերերի որոշ գրառումներ: Կարեն Թովմասյանը գրում է. «Էս ՀՀԿ-ականներին թուղթ ու գիր են արել: Մի օր փուչիկներն են վառվում, մի օր գրասենյակը: Ֆաշիստ հոմոֆոբների ոճը Հայաստանում լայն ճանաչում ա ստանում ու հայ ժողովրդի «նվիրական զավակները» հիմա որոշել են «ազգային դիմագիծը» պաշտպանելու նպատակով այրել ՀՀԿ գրասենյակը: Հ.Գ. Կարող ա Ծոմակն ա որոշել վրեժ լուծել Մարիշ Բոզիկյանից (Շարմազանովից) ու որոշել ա նույն ձեւ պատժել ֆաշիստներին)))»: Անուկ Մկրտչյանն էլ հարց է ուղղում. «Հիմա էս ՀՀԿ-ի շենքի հրդեհը ո՞նց հասկանանք: Ծոմակի ակումբի պայթյունին, երեկվա իբր թե գեյ-պարադին հաջորդող ՊՌ ակցիա շարունակությո՞ւն»:
Չուշացավ նաեւ հանրապետականների պատասխանը, որն այս անգամ էլ ներկայացրեց ավելի շուտ կուսակցական, քան թե նախարար ընկալվող Արմեն Աշոտյանը, որը ֆեյսբուքյան իր պատին գրում է. «Մեր հասարակության մի շատ փոքրաթիվ, բայց շատ ագրեսիվ ու անհանդուրժող հատված, որը ակտիվ է նաեւ ՖԲ-ում, մեղմ ասած, ադեկվատ չէ եւ մեռուկասեր է: ՀՀԿ կենտրոնական մասնաշենքի այսօրվա հրդեհը «վհուկների խրախճանքի» է վերածվում իրենց կողմից: Սթափվեք, այլապես ամբողջությամբ կկորցնեք բոլոր մարդկային դիմագծերը, վերածվելով վիրտուալ կիբորգների: Ձեր չարությունն ու ատելությունն առաջին հերթին վնասում է հենց ձեզ: Կանգ առ, ով մարդ, քանի դեռ ուշ չէ…»:
Չնայած Աշոտյանի հորդորներին՝ օգտատերերը շարունակում էին իրենց «սեւ» գործը: Օրինակ՝ Զորիկ Գալստյանը նկատում է. «Շենքը չդիմացավ նրանց սրտերի ջերմությանը», Արմեն Օհանյանն էլ ավելացնում է. «Խորհրդանշական է, որ հանրապետականի շենքը հրդեհվել է. ժողովրդավարության իմիտացիոն շրջանի ավարտը բոցավառ է. սկզբում կրակ թափվեց մեր էրեխեքի գլխին, հետո պայթեցրին Ծոմակի ակումբը, ու հիմա էլ վառվում է սեփական կտուրը: Ախր, դուք կրակ ու պատիժ եք համ մեր գլխին, համ ձեր»:
ՀՀԿ-Ի ԱՅՐՎՈՂ ՏԱՆԻՔՆ ՈՒ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ