70-ԱՄՅԱ ՏԱՏԻԿԻՆ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 22-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Իջեւան) շարունակվեց Իջեւան քաղաքի 24-ամա բնակիչ, նախկինում դատապարտված, ամուրի Վազգեն Օհանյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ալկոհոլ օգտագործած վիճակում մուտք է գործել Իջեւան քաղաքի 70-ամյա բնակչուհի Սուսաննա Բեկնազարյանի տուն եւ տարեց կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարել:
Երեկվա նիստում հարցաքննվեցին գործով վկաներ Նոդար Օթարյանը, Սամվել Բեջանյանը, Էդգար եւ Շավարշ Խաչատրյանները, Անժելա Ավետիսյանը: Էդգարի կինը՝ Անժելա Ավետիսյանը, ցուցմունք տվեց այն մասին, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան իրենց տուն է գնացել իրենց  ազգական Վազգեն Օհանյանը եւ հյուրասիրվել, օղի խմել: Գիշերվա ժամը 2-ի սահմաններում տանտերերն արդեն հարբած Վազգենից  պահանջել են  հեռանալ եւ նրան ուղեկցել են մինչեւ իրենց տան դուռը:
Տուժողի թոռ Գարուշ Խաչատրյանը ներկայում շարունակում է ժամկետային ծառայությունը սահմանագոտում, դատարանում հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Ըստ դրանց՝  Գ. Խաչատրյանը, Իջեւան արձակուրդ գալով, այցելել է տատին, գիշերել նրա  տանը: Գիշերվա 3-ին արթնացել է՝ կողքի սենյակից լսելով տատի օգնության կանչերը եւ  անկողնում պառկած տատի վրա տեսել է Վ. Օհանյանին: Գարուշը տատի վրայից քաշել է Վազգենին, 2 անգամ ապտակել նրան եւ կրծքից քաշելով՝ սենյակից դուրս հանել: Գարուշն իրենց բարեկամ Վազգենին տատի ննջասենյակում հարցրել է, թե նա ինչ է անում իր տատի տանը: Վերջինս պատասխանել է, թե եկել է հորեղբոր կնոջը տեսության:
Դատարանում ցուցմունք տվեց նաեւ տուժող 70-ամյա Սուսաննա Բեկնազարյանը: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը նրա հարցաքննությունն անցկացրեց դռնփակ կարգով: Տուժողի աղջիկ Հասմիկը դատի ժամանակ տարեց կնոջը դեղահաբ՝ «վալիդոլ» տվեց՝ ասելով, որ իր մայրը սրտի հետ կապված խնդիրներ ունի: Հետաքրքիր էր ամբաստանյալ Վ. Օհանյանի պահվածքը: Նա կարծես թե համաձայնել էր դատարանում ցուցմունք տալ, սակայն հետո հրաժարվեց դրանից: Միայն գողության փորձի մեջ իրեն մեղավոր ճանաչեց: Դատավորը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները եւս: Պարզվեց, որ այդ ժամանակ նա ընդունել է մեղքը, հետո բողոքել ՀՀ գլխավոր դատախազին, որ ինքն անմեղ է, սակայն լրացուցիչ նախաքննության ընթացքում իրեն մեղավոր ճանաչել:
Դատավարության ընթացքում հրապարակված նախաքննական ցուցմունքներում նա հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին ինքն այցելել է իր բարեկամ Խաչատրյանների տուն: Գիշերվա 2-ին այնտեղից դուրս գալով՝ Ս. Բեկնազարյանի հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկությամբ մտել է տարեց կնոջ տուն: Վազգենը տեղյակ է եղել, որ ծեր կինը միայնակ է ապրում, նրա թոռը գտնվում է ժամկետային ծառայության մեջ: Մտել Ս. Բեկնազարյանի ննջասենյակ, ձեռքերը դրել նրա կրծքերին: Տարեց կինն արթնացել է,  թոռանն օգնության կանչել: Վ. Օհանյանը ձախ ձեռքով փակել է կնոջ բերանը, աջով փորձել նրա վրայի վերմակը հեռացնել: Բռնաբարության կատարելուն խանգարել է օգնության հասած Գարուշ Խաչատրյանը:
Դատավորը Վ. Օհանյանին հարցրեց, թե արդյոք նախաքննական ցուցմունքների ներքո ստորագրություններն իրենն են, ամբաստանյալը 2 դեպքում ընդունեց, որ ստորագրություններն իրենն են, մի էջի ներքո ստորագրությունն էլ իրենը չհամարեց:
Նկատենք, որ Վազգենը նիստի ժամանակ հուզվում էր, անհանգիստ շարժումներ անում, դեմքին ծամածռություն տալով՝ սուր հայացքով նայում դահլիճում գտնվողների ուղղությամբ: Նա թեեւ դատահոգեբուժական փորձաքննությամբ մեղսունակ է ճանաչվել, սակայն հոգեպես հավասարակշիռ մարդու տպավորություն չի թողնում:
Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 1-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս