
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում սկսվել է «Մեծ քսանյակի» գագաթաժողովը, որի գլխավոր թեմաներն են տնտեսական բարեփոխումները: Սպասվում է, սակայն, որ գագաթաժողովի երկու օրվա ընթացքում համաշխարհային առաջնորդները կքննարկեն նաև Ռուսաստանի դերը ուկրաինյան ճգնաժամում:
«Ես կցանկանայի, որ մեր քննարկումը սևեռվի տնտեսական բարեփոխումների քաղաքականության վրա», – ասել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտը:
«Սակայն սա ձեր հանդիպումն է, և ձեզանից յուրաքանչյուրը կարող է ցանկացած թեմա բարձրացնել», – հավելել է նա՝ դիմելով Բրիսբենի հանդիպման մասնակիցներին, որտեղ գտնվում են աշխարհի 19 խոշորագույն երկրների և Եվրոմիության ղեկավարները: