Երեկ՝ առավոտյան, Կոնդի բնակիչները Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի հատվածում բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյունը: Վերջինս ստիպված էր եղել իջնել մեքենայից եւ զրուցել մարդկանց հետ՝ անմիջապես խոստանալով բարձրացված խնդրին լուծում տալ:
Նշենք, որ 2007-ին ՀՀ կառավարության որոշմամբ Լեոյի փողոցից մինչեւ Դեմիրճյան փողոց ընկած հատվածի կառուցապատման իրավունքը տրամադրվել է «Դաուն թաուն» ընկերությանը: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող ամբողջ տարածքը` 26.000 քմ, որտեղ բնակվել է 215 ընտանիք, քանդել են: Տեղի բնակիչները շուրջ 4 տարի է՝ վարձով են ապրում: Եւ հիմա այդ ընկերությունը սնանկ է ճանաչվել: Կոնդեցիների վարձով բնակարանների վճարները փոխհատուցում է «Ամերիքն բիլդինգ» ընկերությունը՝ ակնկալիքով, որ հետագայում սնանկ ճանաչված «Դաուն թաուն» ընկերությունից տվյալ տարածքը կվերցվի եւ կտրամադրվի իրեն:
Երեկ Կոնդի բնակիչները մոտ 20 րոպե զրուցել են Սերժ Սարգսյանի հետ: «Մինչեւ չփակեցինք ճանապարհը, չիջավ: Էլի նույն խոստումները տվեց: Ասաց, որ որ ձեր հարցով անձամբ ես եմ զբաղվում: Բայց երբ՝ չգիտեր»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Կոնդի բնակչուհի Լիլիթը: Նրա խոսքերով՝ այսօր Կոնդի բնակիչները բողոքի ակցիա չեն կազմակերպելու ՀՀ կառավարության շենքի առաջ. «Այս անգամ էլ փորձենք հավատալ իրեն: Եթե ոչ մի բան չարեց, մենք նորից կսկսենք բողոքել»:
Կոնդի բնակիչները Սերժ Սարգսյանին ասել են. «Մեր ամբողջ հույսը Ձեզ վրա է: Նա էլ, ի պատասխան, մեզ ասաց, որ ձեր ծառան եմ, լսում եմ ձեզ: Ձեր հարցով զբաղվում եմ, ում հետ պետք է՝ խոսել եմ»: Բնակիչները մեզ պատմեցին, որ Սարգսյանը նրանց ասել է նաեւ, թե միայն թղթաբանության հարցն է մնացել, որ լուծվի:
«Մենք էլ անհանգստացանք, թե թղթաբանությունը սովորաբար երկար ժամանակ է պահանջում: Նա էլ մեզ վստահեցրեց, որ դա երկար գործ չէ: Նույնիսկ մեր տղաներն էլ կատակեցին, թե եթե թղթաբանությամբ զբաղվողը ձգձգի, մի հատ լավ չափալաղեք, որ արագացնեն»,-ծիծաղելով պատմեց տիկին Անահիտը՝ հավելելով, որ Սարգսյանն էլ է ծիծաղել այդ կատակի վրա:
Երեկ նրանք Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ուղեւորվել են «Ամերիքն բիլդինգ» ընկերություն, որպեսզի ստանան իրենց հերթական վարձավճարները, սակայն նրանց ոչ ոք գումար չի տվել: «Այդ տղաները մեղք չունեն: Նրանք հինգ ամիս է, ինչ մեզ վճարում են: Հիմա իրենց ոչ ոք գումար չի տվել, որ մեզ տան: Նրանք էլ պատճառաբանում են, թե ինչու պետք է մեր գրպանից տանք»,-տեղեկացրեց Անահիտ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն անցյալ հինգշաբթի խոստացել էր բնակիչներին, որ կզանգահարի «Ամերիքն բիլդինգ»՝ վարձավճարները տալու համար: «Բայց «Ամերիքն բիլդինգ»-ի տղաները մեզ ասացին, որ ձեզ փող չունենք տալու՝ Կամո Արեյանը ճիշտ չի ասել»,-վրդովված պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ վարձերը տալու վերջին ամիսն է մոտենում:
Արդյունքում՝ ե՛ւ հանրապետության նախագահը, ե՛ւ քաղաքային իշխանությունն ի վիճակի չեն լուծելու Կոնդի բնակիչների խնդիրները: Նրանց տները «զոհաբերվել» են պետական կարիքների համար, ու հիմա մարդիկ ո՛չ տուն ունեն, ո՛չ էլ վարձով բնակարանի վճար:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԽՈՍՏԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ