Սուսուփուս, համեստ միլիոնատերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ Հայաստանի ամենահայտնի եւ ամենահարուստ պետական գործիչներից մեկի՝ Կարեն Ճշմարիտյանի «արեւն» արդեն պետական դաշտում մայր է մտնում՝ այսպես ավարտին հասցնելով նրա կարիերան, որը կարող է ամենաշռնդալիցներից եւ ամենաեկամտաբերներից մեկը համարվել մեր նոր պետության պատմության մեջ: Կարեն Ճշմարիտյանի նմանների մասին են ասում, որ բախտավոր աստղի տակ է ծնվել: Երբեք չի նեղվել պաշտոնի բացակայությունից, երբեք չի մտածել, որ ստվերում է, եւ իրեն չեն նկատում:

Երեւանի ժողինստիտուտի պլանային տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո միանգամից աշխատանքի է անցել ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման եւ նորմավորման գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում` որպես տնտեսագետ, այս ընթացքում էլ սովորել է ասպիրանտուրայում: Այսինքն՝ սովետական հաջողակ երիտասարդի համար նախատեսված պայմաններ, որոնք հետագայում նրան պիտի տանեին կուսակցական կամ պետական աշխատանքի: Եվ այս ճանապարհով անցնելու համար էլ Կարեն Ճշմարիտյանը 1985-ից 1990 թ. աշխատել է ՀՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեում` որպես ավագ տնտեսագետ, այնուհետեւ՝ գլխավոր մասնագետ, ապա՝ ֆինանսական ենթաբաժնի պետ, հետո էլ մի կարճ շրջան՝ 1990-1991-ին, դարձել «Հայէլեկտրամեքենամեծառ» հանրապետական միավորուման գլխավոր տնօրենի տեղակալ:

Անկախության հռչակումը ոչնչով չշեղեց Ճշմարիտյանի ճանապարհը, նա 1991-1993թթ. գլխավորեց ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության միջպետական առաքումների գլխավոր վարչությունը: Սա արդեն նրա հարստացման ճանապարհի առաջին մեծ հանգրվանն էր, դրան հաջորդեց ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալի պաշտոնը, որը նա վարեց 3 տարի:

Սրանք սեփականաշնորհման, երկրի ունեցվածքի թալանի տարիներն էին, որոնք այնքա՜ն «սրտահաճ» էին Կարեն Ճշմարիտյանին, այնքան ցանկալի, որ նա չխորշեց պաշտոնի իջեցումից եւ 1996-1997թթ. ստանձնեց ՀՀ առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջության նախարարության արտաքին առեւտրի վարչության պետի պաշտոնը, 1997-1998թթ. եղավ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ, իսկ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամրապնդումից հետո՝ 1999-ից մինչև 2007 թվականը, զբաղեցրեց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի, ապա՝ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնները…

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Կարեն Ճշմարիտյանը չկարողացավ լրացնել հայաստանյան նորահայտ միլիոնատերերի շարքերը, ապա արդեն երկրորդ նախագահի օրոք ճակատագիրը պարզապես բախեց նրա դուռն ու առիթ տվեց «բաժին ունենալ» սեփականաշնորհման մի շարք գործընթացներից: Հիշատակենք դրանք՝ «Էլեկտրոն» գործարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): Երկուսի սեփականաշնորհման ընթացքն էլ իրականացրել է առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը: Զանգեզուրի կոմբինատի սեփականաշնորհման ողջ գործընթացն իրականացվեց Կարեն Ճշմարիտյանի «դիրիժորությամբ»: Հենց նախարարի ջանքերով էլ հսկայական ու հարուստ կոմբինատը սեփականաշնորհվեց մոտ 140 մլն դոլարով: Սա իսկապես հեգնանք էր, որովհետեւ հաջորդ մեկ տարում ձեռնարկության եկամուտները կազմեցին… 140 մլն դոլար: Նման գործարքն առանց գնահատության չմնաց, ու Կ. Ճշմարիտյանը դարձավ ԶՊՄԿ-ի 21 տոկոսի սեփականատեր: Հարստության հոտն առնելուց եւ նոր սեփականատերերի հետ «ախպերանալուց» հետո Կարեն Ճշմարիտյանը դարձավ ԶՊՄԿ բաժնեմասի տերը հանդիսացող «Էլբատ» ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերերից մեկը:

Կարեն Ճշմարիտյանի «հաջողված» գործարքների շարքում հիշատակվում է նաեւ «Գոլդեն փալաս» հյուրանոցը: Բոլորին է հայտնի, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի փայաբաժինն այս հյուրանոցում կազմում է 83 տոկոս: Ի դեպ, նշենք, որ այս հյուրանոցը կառուցվեց «Հաղթանակ» զբոսայգու մի հատվածի ոչնչացման հաշվին, հանգամանք, որն առաջ բերեց բնապահպանների զայրույթը: Սակայն ո՞վ կարող էր ելնել երկրորդ նախագահի եւ նրա ստվերում գործող նախարար Կարեն Ճշմարիտյանի դեմ: Այս հյուրանոցի սեփականատեր էր հռչակվել կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը, որը մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի աներորդին է: Հայկ Ճշմարիտյանի անունը շրջանառելով որպես սեփականատեր՝ Կարեն Ճշմարիտյանը թաքնվում էր նրա ստվերում՝ երբեւէ չբացահայտելով, որ հենց ինքն է համասեփականատերը:

2007 թ. Ռոբերտ Քոչարյանի ցուցումով Կարեն Ճշմարիտյանը հեռացավ նախարարի պաշտոնից եւ դարձավ ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ցուցակով: Ասում են, որ սրված էին վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Կարեն Ճշմարիտյանի հարաբերությունները, ուստի Քոչարյանն իր կադրին «գործուղեց» ԱԺ՝ կամենալով «հզորացնել» ՀՀԿ խմբակցությունը եւ այստեղ եւս ունենալ իր դրածոներին: Նախարարի պաշտոնը թողնելու պահին Կ. Ճշմարիտյանի ունեցվածքի հայտարարագիրն այսպիսին էր՝ չորս սեփական շենք՝ 417,36 քմ մակերեսով, 3 005 246 դրամ աշխատավարձից զատ, նաեւ՝ 55 հզ. ԱՄՆ դոլար եկամուտ, երկու հողամաս Լոռու եւ Կոտայքի մարզերում, հասարակական նշանակության տարածք՝ 140,9 քմ մակերեսով, եւ մեկ հանգրվան՝ 42,5 քմ մակերեսով, մեկ ավտոմեքենա՝ KIA Sorento… գումարենք մյուս եկամուտները՝ 10 մլն 575 հզ. 722 դրամ (4 մլն 225 հզ. 722-ը՝ աշխատավարձ ԱԺ-ից եւ ԵՊՏՀ-ից, 6 մլն 350 հզ.՝ շահաբաժին եւ փոխառություն) եւ 40 հզ. եվրո (փոխառություն): Կարեն Ճշմարիտյանի կինը՝ Նարինե Շահբազյանը, 324.36 քմ մակերեսով երեք տուն ունի:

2007-2014 թթ Կարեն Ճշմարիտյանը խորհրդարանում էր՝ սուսուփուս, համեստ, երբեմն այնքան սուսուփուս, որ ոչ ոք չէր հիշում նրա գոյության մասին: Ճշմարիտյանին պետք էլ չէր, որ իրեն հիշեն, որովհետեւ հիշելու դեպքում պիտի սկսեին քրքրել այն գործարքները, որոնց կնքահայրերից էր եղել, եւ որոնք կմտնեն ֆինանսական մեքենայությունների պատմության մեջ՝ որպես դասական օրինակներ:

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ձեւավորված նոր կառավարությունում Կարեն Ճշմարիտյանը զբաղեցրեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Ինչո՞ւ: Մի՞թե Սերժ Սարգսյանը չէր տեսնում առավել երիտասարդ ու գործնական հատկանիշներով մեկին: Գուցե տեսնում էր, սակայն Ճշմարիտյանը, ինչպես ասում են, «կոմպրոմիսային» տարբերակ էր, ինչը ձեւավորվեց որոշակի համաձայնությունների արդյունքում: Սա նաեւ Ճշմարիտյանի կարիերայի վերջին ակորդն էր, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ մտադրություն կա միավորելու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները: Այսինքն՝ Ճշմարիտյանը դառնում էր կառավարության անդամ՝ առմիշտ դաշտից հեռանալու համար:

Եվ շուտով կհնչի հրաժեշտի տանգոն: Ո՞ւմ հետ կուզենա պարել հրաժեշտի պարը Կարեն Ճշմարիտյանը՝ չգիտենք, բայց որ պարից հետո նրան դուրս կհրավիրեն պարասրահից՝ արդեն հայտնի է:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս