Օրեր շարունակ «Հայռուսգազարդ»-ի Գյումրու գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղում լարված եւ, կարելի է ասել, խուճապային իրավիճակ է: Այստեղ որեւէ մեկը չգիտի՝ ինքը պաշտոնապես համարվում է կառույցի աշխատակից, թե ոչ, կամ թե ինչ է լինելու կառույցի հետագա ճակատագիրը:
Բանն այն է, որ Գյումրիում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ լուծարվել է «Հայռուսգազարդ»-ի գազաֆիկացման եւ գազամատակարարման Գյումրու մասնաճյուղը, եւ որ կան նաեւ մեծ թվով մարդիկ, որոնք հեռացվել են աշխատանքից: Ասեկոսեներն ավելի ակտիվացան խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, ընդ որում տեղեկություններ տարածվեցին, որ աշխատանքից ազատվում են հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ:
Պարզեցինք, որ կառույցն ունի նորանշանակ ղեկավար՝ Սերգեյ Ամիրբեկյանը, որը հաստատեց տեղեկությունը մասնակի վերապահումներով: Նրա փոխանցմամբ «Հայռուսգազարդ»-ի ղեկավարության հրամանով են տեղի ունեցել որոշակի փոփոխություններ՝ Շիրակի եւ Գյումրու գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղերը վերակազմավորվել են՝ դառնալով մեկ կառույց՝ Շիրակի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղ: Անդրադառնալով կադրային կրճատումներին՝ վերակազմավորված կառույցի նորանշանակ ղեկավարը շեշտեց, որ կրճատվել են երկու կառույցների կրկնվող հաստիքները:
Սերգեյ Ամիրբեկյանի խոսքերով՝ շատ քիչ թվով մարդիկ են ազատվել աշխատանքից, մինչդեռ գրասենյակի ընդհանուր եւ կադրերի բաժնի աշխատակիցները հակառակն են փաստում: Նախկին տնօրենը Արթուր Մկոյանն էր, ում լիազորությունները դադարեցնելուց հետո, տարբեր տեղեկությունների համաձայն, լուծարվել են կառույցի 224 աշխատակիցների աշխատանքային պայմանագրեր: Ընդ որում այդ մասին կրճատված աշխատակիցներն իմացել են ծանուցման թերթիկների միջոցով: Նորանշանակ տնօրենը վերջիններիս հետ աշխատանքային նոր պայմանագիր չի կնքել, ահա թե ինչով է պայմանավորված Շիրակի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղում տիրող անորոշ իրավիճակը:
Մեզ հաջողվեց պաշտոնական պարզաբանում ստանալ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ից: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, սակայն խնդրի վերաբերյալ մենք կփորձենք առաջիկայում նոր տեղեկություններ ճշտել` պարզաբանելու համար բազմաթիվ աշխատակիցների անորոշ իրավիճակի բուն պատճառները:
Գյումրի