Դերասանուհի ԵԼԵՆԱ ԲՈՐԻՍԵՆԿՈՆ ժամանակավոր դադարից հետո կրկին հայտնվեց հեռուստաէկրաններին: Պարզվեց, որ Ելենան քաղաքում չէր. դրսում անձնական գործեր ուներ: Հիմա նա նկարահանվում է «Վերվարածները» սերիալում:
-Դուք նկարահանվել եք տարբեր ֆիլմերում, նաեւ Խաչիկ Չալիկյանի «Պատուհան» թատրոնի դերասանուհի եք եղել, ինչո՞ւ եք համաձայնել նկարահանվել հեռուստասերիալում:
-Մոսկվայից վերադառնալուց հետո ես չէի կարող ծնողներիս հաշվին ապրել եւ ինքնուրույնությունս ապացուցելու, վաստակելու խնդիր ունեի: Բայց չեմ ուզում՝ տպավորություն ստեղծվի, թե ես նկարվում եւ փնովում եմ սերիալը: Չեմ ասում սերիալի որակի մասին, որովհետեւ Հայաստանում անհնար է նկարել որակով սերիալ, լավ տեսարան հնարավոր է նկարել, բայց ոչ ամբողջական սերիալ: Իսկ թատրոնում վերջին անգամ խաղացել եմ 2005-ին` «Ջայլամը ասֆալտի վրա» ներկայացման մեջ:
-Չե՞ք փորձել այլ թատրոններում աշխատանքի անցնել:
-Թատրոնն իմ կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում, հենց դրա պատճառով 1990 թվականին ես չգնացի Մոսկվա ԹթԼԽ՝ մտածելով հայրենասիրություն, իմ միակ եւ անկրկնելի թատրոն, հետո երբ տարիներ անց իլյուզիաները փլուզվեցին, հասկացա՝ ինչն էր իրական: Երբ նոր մտա սերիալ, ինձ թվում էր, թե դա սկզբունքների դավաճանություն է, քանի որ 80-ականների վերջին տարբեր ռեժիսորներ ինձ հրավիրում էին նկարահանվելու, բայց ես չէի գնում: Առայժմ չեմ կարող մտնել որեւէ թատրոն, քանի որ չեմ կարծում, որ ինձ համար հոգեհարազատ է թատրոնի այդ տեսակը: Սակայն չեմ բացառում անտերպրիզային ներկայացումների մեջ ընդգրկված լինել:
-Ձեր ազգանունը հուշում է, որ Դուք սլավոնական ծագում ունեք:
-Հայրական պապիկս ռուս է: Մայրիկս հայ է, բայց ռուսախոս: Ես ինձ ռուսական արմատներով հայ եմ համարում: Ծնվել ու մեծացել եմ Հայաստանում: Կարծում եմ, որ այսօր Կոմիտասի ժամանակաշրջանի զտարյուն հայերն արդեն շատ քիչ են: Հիմա գերիշխում է ռաբիս կլկլոցային խավը: Իրական հայից այնքա՜ն փոքր տոկոս է մնացել, ինչն ինձ վրա ահավոր ազդում է:
Երբ 90-ականներին փախչում էինք դասից ու գնում ցույցերի, գիտեինք՝ հանուն ինչի ենք անում` մեր մշակույթի, ազատության, բայց հիմա ի՞նչ մնաց, ի՞նչ ունենք: Եթե ուզում ես հայրենասեր մնալ, պետք է Հայաստանում չապրես: Այստեղ ապրելով՝ անհնարին է սիրել այս երկիրը: Հայրենիքից մնացել է միայն իլյուզիա: Ինչքա՞ն կարող ես սիրել դու քո հայրենիքը եւ ի՞նչ կարող ես անել նրա համար: Երբ որեւէ մեկն ուզում է ստեղծել արժեքավոր մի բան կինոյում, թատրոնում, հետո հասկանում է, որ այդ գործն ամենեւին էլ ոչ մեկին պետք չէ: Մեզ պետք են պրիմիտիվ, հասարակ բաներ: Լիովին դեգրադացիա է: Չեմ ուզում բողոքական լինել ու ասել, բայց վաղվա օր Հայաստանում չեմ տեսնում:
-Այս օրերին շատ արվեստագետներ, ստեղծված իրավիճակից հուսալքված ու հիասթափված, ընտանիքներով գնում են Հայաստանից:
-Ես բացարձակապես իրենց չեմ մեղադրում, որովհետեւ տեսնում եմ իրականությունը: Եթե այսօրվա սերնդի երեխաներից մեկին հարցնես՝ Արամոյին գիտե՞ս, միգուցե չիմանա, բայց Արամեին հաստատ կիմանա: Արվեստը ոչ մեկին պետք չէ, բայց մեկը կգա, կկլկլա ու… Հասկանում եմ, որ դա է պահանջարկը, ու դա արվում է գումար վաստակելու համար: Բայց կան մարդիկ, որոնք դա չեն անում, որովհետեւ չեն կարող: Ի դեպ, ասեմ, որ Վրաստանում Սահակաշվիլին նույնիսկ ռեստորաններում է արգելել անորակ երաժշտություն, ուր մնաց բեմում: Ա՛յ դա է պետական մտածողություն ու վերաբերմունք:
-Ինչո՞ւ չի ստացվում Հայաստանում, օրինակ, որակով հեռուստասերիալ նկարահանել:
-Երբ պետական դոտացիայով հեռուստաընկերությունը կսկսի նկարել որակով սերիալ, այդ ժամանակ թող սեփական հեռուստաընկերություններից էլ որակ պահանջեն: Առհասարակ կարծում եմ, որ այդ վարկանիշային կենտրոնները պետք է փակել: Պետական մտածողություն է պետք որեւէ բան փոխելու համար:
Ի դեպ, այն բոլոր դերասանները, որ տարիներ առաջ չէին նկարվում սերիալներում, ես նրանցից թուքումուր էի ուտում: Իսկ հիմա իրենք են նկարվում: Առայսօր նրանք հայտնվում են բոլոր սերիալներում ու փորձում են իրենց արդարացնել` ասելով, որ այս սերիալը շատ ավելի որակով է: Հասկանում եմ՝ նրանք դա անում են, քանի որ աշխատանք է պետք: Բոլորն էլ ուզում են որակով բան անել, որ լավ բանի ծառայի, ոչ թե մեկի հարստացմանը կամ ինչ-որ վարկանիշների: Թող ժողովուրդն էլ չնայի, ինչի՞ է նայում: Ճիշտ էր ասում մի ժամանակ Խաչիկը Չալիկյան. «Ե՞րբ ես տվել ժողովրդին լավ կերակուր, որ ինքն էլ հրաժարվել է»: Ասեմ, որ այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա՝ ոչ մասնագիտական կրթությամբ «դերասանների» ներգրավումը: Ով մի անգամ նկարվում է սերիալում, իրեն արդեն դերասան է համարում, ավելին՝ աստղ: Եթե նրանք դերասան են, ապա մենք՝ դերասաններս, ո՞վ ենք:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ