Երգիչ, երգահան ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ երեկ armlur.am-ի «Հատուկ կարծիք» հաղորդաշարի հյուրն էր: Զրույցի ընթացքում նա կարծիք հայտնեց, որ այսօր մեր հասարակությանը ինչ-որ բանով զարմացնելը շատ դժվար է. անգամ երեխաները ծնվում են «42 տարեկան»:
-Ձեր կարծիքով՝ Հայաստանն այսօր ապրո՞ւմ է մշակութային կյանքով:
-Նախ պետք է հասկանանք՝ ինչ ասված է մշակույթ: Եթե նկատի ունենք շոու բիզնեսը, դա մշակույթ է: Ի վերջո, մշակույթը միայն նկարչության, երաժշտության մեջ չէ: Ինձ համար մշակույթը մարդկային շփումներն են: Նայե՛ք՝ մեր հասարակության մեջ ինչն է այսօր արժեքը, ովքեր են օրինակները: Պետք է այնպես անենք, որ մարդիկ մարդավարի մտածեն, բարոյական կողմը նրանց մեջ ուժեղանա: Անկեղծ, առաջ մտածում էի, որ ինչ-որ բան փոխվեց՝ հեղափոխություն եղավ, ժողովուրդը ցնցվեց, եւ այդ ցնցման հետ վատացավ մարդկանց սոցիալական վիճակը: Դրա հետ մեկտեղ մարդկանց ճաշակն էլ վատացավ, բայց հասկացել եմ, որ դա սխալ կարծիք է: Ի վերջո, ուժեղ պետության ստրուկը չլինելու համար պետք է առաջինը մշակույթով կոտրել: Մենք ունենք անկախություն, բայց լիարժեք անկախ չենք:
-Երգիչ լինելը եկամտաբե՞ր զբաղմունք է Հայաստանում:
-Նայած ինչ երգիչ լինել: Կոլեգաներ ունեմ, որոնք լավ գումարներ են վաստակում, անկեղծ, ուրախ եմ նրանց համար: Թող երբեք չթվա, որ ես քննադատում եմ, որ նրանք ինչի պետք է շատ վաստակեն, իսկ ես` ոչ: Ես էլ վատ չեմ ապրում. աջակցության կարիք երբեմն ունենում եմ, բայց չեմ դժգոհում:
-Ներքաղաքական իրավիճակին ի՞նչ գնահատական կտաք, Ձեզ գոհացնո՞ւմ է ստեղծված վիճակը:
-Ասում են՝ արջին յոթ հարց են տալիս, յոթն էլ մեղվից է խոսում, կրկնում եմ՝ մարդու խնդիրն է: Պատկերացրե՛ք՝ այս խնդիրները, որ կան մշակութային կյանքում, բա քաղաքականության մեջ ինչքա՜ն կլինեն: Ասում են, որ մշակույթի մեջ ընդունված չէ միմյանց խաբել, բայց խաբում են չէ՞: Չեմ կարողանում հասկանալ՝ մարդիկ ո՞նց կարող են գնալ այն նույն մարդու միտինգին, որը մի քանի անգամ խաբել է: Չեմ ցանկանում անձնավորել, բայց իրենք էլ չեն հասկանում, որ խաբվել են: Կուսակցություն, քաղաքականություն ասվածը ինձնից վանվել է, ես ուզում եմ հավատալ մարդուն: Տա Աստված, որ Հայաստանը բաժանվի երկու մասի՝ բարոյական եւ անբարոյական, այդ ժամանակ մենք կհաղթենք:
Հարցազրույցի ամբողջական ձայնագրությունը կարող եք դիտել armlur.am լրատվական կայքի «Հատուկ կարծիք» հաղորդման շրջանակներում:
ՄԱՐԴԻԿ ՄԱՐԴԱՎԱՐԻ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ