Երիտասարդ ընտանիքները դպրոցի բացակայության պատճառով հեռանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս համայնքում գրեթե երիտասարդ ընտանիք չկա: Կուրիսի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանի խոսքով՝ երիտասարդ ընտանիքները հեռանում են միայն դպրոցի եւ մանկապարտեզի բացակայության պատճառով: Ստորեւ ներկայացնում ենք Կուրիսի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանի հետ «Ժողովուրդ»-ի զրույցը:

-Պարո՛ն Գրիգորյան, առաջիկայում Ձեր համայնքում գյուղապետի ընտրություններ են լինելու, առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:

-Արդեն մուծումն արել եմ, կառաջադրվեմ: Իսկ մյուսների մասով չգիտեմ: Գուցե լինեն այլ թեկնածուներ:

-Գո՞հ եք, որ զբաղեցնում եք գյուղապետի պաշտոնը: Աշխատավարձը բավարարո՞ւմ է:
-Դե, ոչինչ, հիմա այնպես չէ, որ աշխատանքն ամեն տեղ թափված է: Որտեղ էլ որ աշխատենք, էլի բան է, էլի: Չեմ բողոքում, փա՛ռք Աստծո:

-Քանի՞ բնակիչ է ապրում Կուրիսում: Ընտրողների թիվն ինչքա՞ն է:

-Քառասունվեց ընտրող ունենք գյուղում: Իհարկե, նախկինում շատ էր, բայց հիմա քանի գնում, քչանում են: Մանկապարտեզ, դպրոց չունենք: Հիմանական պատճառը դա է: Անկախացումից հետո դպրոց չենք ունեցել:

-Իսկ որտե՞ղ են հաճախում գյուղի աշակերտները:

-Երիտասարդ ընտանիքները գնում են կա՛մ Մեղրի, կա՛մ էլ Ագարակ, այնտեղ բնակարան են վարձում ու ապրում: Կարճ ասած՝ դպրոցի ու մանկապարտեզի չլինելու հետեւանքով մեր գյուղում այս պահին երեխա չկա:

-Որպես գյուղապետ՝ ի՞նչ եք անում Դուք դա կանխելու համար:

-Լավատես եմ, հնարավոր է, որ գյուղը նորից զարգանա: Հույս ունեմ: Հնարավորության սահմաններում կաշխատեմ այնպես անել, որ երիտասարդությունը հետ վերադառնա: Գաղտնիք չէ, որ լեռնային գյուղերի վիճակը նույնն է: Մի մասն աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքում: Եթե կոմբինատն էլ չաշխատի, ապա Մեղրիի տարածաշրջանի ժողովրդի վիճակը շատ վատ կլինի, որովհետեւ իրենց ապրուստի միակ միջոցն է: Դրանով են ընտանիք պահում:

-Որքա՞ն է կազմում ստացած աշխատավարձը:

-Մոտավորապես 110-300 հազար դրամի սահմաններում աշխատավարձ են ստանում: Ճիշտ է՝ դրամը հիմա արժեք չունի, բայց բոլոր դեպքերում մեր բնակիչներին հարմար է:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս