Ժանգոտված խողովակներով ջրագիծ են փոխում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը ահազանգ է ստանում ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչներից: Վերջիններիս պատմելով՝ այս օրերին Օհանավանի գերեզմանոցի հարակից տարածքում մեծ թվով ժանգոտված եւ օգտագործված խողովակներ են լցված: Մտահոգված բնակիչների խոսքով՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն մտադիր է Սաղմոսավան-Օհանավան ջրագծի խոշոր չափի խողովակները փոխել փոքր, բայց օգտագործված եւ ժանգոտված խողովակներով: Բնակիչները վստահեցնում են, որ այս ամենն արվում է Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի համար, քանի որ փոքր չափի խողովակների ջուրը կհոսի դեպի Աշտարակ քաղաք, իսկ մեծ չափի խողովակներինը՝ դեպի ՀԷԿ:

Հիշեցնենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ՝ Ապարանի ջրամբարից սնվող ջրատարի վրա, նախատեսվում էր ՀԷԿ կառուցել: Սակայն հարեւանությամբ գտնվող յոթ գյուղերի բնակիչները դեմ են այդ ՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ համոզված են՝ դրանից հետո իրենք պարզապես ոռոգման ջուր չեն ունենա, եւ գյուղերի եկամտի միակ աղբյուրը հանդիսացող այգիներն ուղղակի կչորանան: Գյուղերի բնակիչները պահանջում էին դադարեցնել Ապարանի ջրամբարի ՀԷԿ-ի կառուցումը: Որոշ ժամանակ առաջ նրանք այս պատճառով նույնիսկ փակեցին Աշտարակ-Երեւան ճանապարհը: Արդյունքում՝ ժամանակավորապես դադարեցվեցին ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները:

Աշտարակ քաղաքի մտահոգված բնակիչները պնդում են, որ «Հայջրմուղկոյուղի»-ն փորձում է Սաղմոսավան-Օհանավան ջրագիծը փոխել: Նրանց կարծիքով՝ ընկերությունն այս կերպ փորձում է ՀԷԿ-ին տալ մեծ քանակությամբ ջուր, ինչի արդյունքում կտուժեն Աշտարակի բնակիչները: «Ժողովուրդ»-ը դժգոհող բնակիչներից տեղեկացավ, որ Օհանավան համայնքի գերեզմանոցի հարակից տարածքում ժանգոտված, օգտագործված երկաթե խողովակներ են լցված: Նրանց խոսքով՝ հենց այս խողովակներով է փորձ արվում բնակիչներից «գաղտնի փոխել» Սաղմոսավան-Օհանավան ջրագիծը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ են պատկանում համայնքի գերեզմանոցի մոտ լցված երկաթե խողովակները: «Մեր տարածքում շինարարություն չի ընթանում: Իսկ խողովակներն ընդամենը մեր տարածքի ճանապարհի վրա են: Իմ տեղեկություններով՝ այդ շինաշխատանքներն ընթանում են Սաղմոսավանի տարածքում: Խոսում են, որ «Հայջրմուղկոյուղի»-ին է փոխում ջրի խողովակները: Հավանաբար, Աշտարակ գնացող ջրագիծն են փոխում»,- ներկայացրեց գյուղապետը:

«Ժողովուրդ»-ը անհայտ ծագման խողովակների շուրջ հետաքրքրվեց նաեւ Սաղմոսավանի գյուղապետ Ներսես Ավագյանից, ով վրդոված նկատեց. «Ես նամակ եմ ուղարկել ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե՝ պահանջով, որ նույն աշխատանքները դադարեցնեն, մինչեւ թույլտվություն չունենան: ՀԷԿ-ի կառուցման մասին խոսակցություններն ավարտվել են: Սա ՀԷԿ-ի հետ կապ չունի: Իսկ այս խողովակների փոփոխության մասին ես տեղյակ չեմ: Կոնկրետ ովքեր են ցանկանում ջրագծի խողովակները փոխել` նույնպես տեղյակ չեմ: Ես պահանջել եմ, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն: Իմ վարչական տարածքում գործեր են անում, բայց ես տեղյակ չեմ: Գրել եմ, որ գան, հանդիպենք, տեսնենք, թե ինչ են ցանկանում անել: Հավանաբար, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն է որոշել՝ ինչ-որ գործողություններ անել` առանց ինձ տեղյակ պահելու»:

Իսկ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն անհիմն է համարում այն մտավախությունը, որ այս խողովակները փոխելով՝ Աշտարակ քաղաքում խմելու ջրի խնդիր կառաջանա. «Ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: ՀԷԿ չի կառուցվի այնքան ժամանակ, մինչեւ չլինեն համապատասխան փաստաթղթերը, ուսումնասիրությունները: Նաեւ պետք է լինի համապատասխան բնապահպանական թույլտվություն: Իսկ «Հայջրմուղկոյուղի»-ն որեւէ կերպ չի կարող կապ ունենալ ՀԷԿ-ի հետ»,-լրացրեց մարզպետը, ով տեղյակ չէր Օհանավանի գերեզմանոցի մոտ լցված խողովակներից:
Ի վերջո, ո՞ւմ են պատկանում այս ժանգոտված, օգտագործված խողովակները, որոնք տեւական ժամանակ է, ինչ լցված են Օհանավանի գերեզմանոցի մոտ: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, որտեղից փոխանցեցին. «Այս պահին բոլոր աշխատանքները դադարեցված են: Մենք պատրաստ են մեկնաբանելու, բայց ոչ հիմա»: Ահա, այսպիսի խորհրդավոր պատասխան: «Ժողովուրդը» անհամբեր կսպասի «Հաջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մեկնաբանությանն ու այն կներկայացնի ստանալուն պես:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

10717588_409990922481858_728901580_n

10751656_409990912481859_217153521_n

10751871_409990939148523_1835352371_n

10754797_409990945815189_1385296391_n

10755002_409990949148522_2036324408_n

10805068_409990929148524_70744912_n

10807976_409990935815190_1673202804_n

10811564_409990942481856_1488087356_n

 




Լրահոս