Իրականում սահմանադրական է ճանաչվել ոչինչ չասող փաստաթուղթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ որոշեց, որ «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»: Այս ձեւակերպումն առաջին հայացքից ոչինչ չասող դեկլարատիվ բնույթ ունի: Իրականում այս ձեւակերպմամբ փորձ է արվում թաքցնել Հայաստանի սահմանադրական կարգի փոփոխության գործընթացը, որը սկսվել է դեռեւս մեկ տարի առաջ:

Բանն այն է, որ իրականում ՍԴ-ն սահմանադրության համապատասխանող է ճանաչել ոչինչ չասող մի փաստաթուղթ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագիրը: Իսկ ի՞նչ է գրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում, արդյո՞ք դրանում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Կասկածից վեր է, որ այս հարցերի պատասխանները ՍԴ-ն չի տվել եւ ոչ էլ կարող էր տալ, որովհետեւ նրա քննարկմանը նման հարց չի ներկայացվել: Ավելին՝ ոչ ոք, ՀՀ իշխանության նեղ վերնախավից բացի, չգիտի, թե նշված պայմանագրում, որը մի քանի հարյուր հոդվածներից է բաղկացած, ինչ է գրված: Ի՞նչ են իրենցից ներկայացնելու «Եվրասիական տնտեսական միության մարմիններ», «Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդ» եւ «Եվրասիական տնտեսական հանձնաժողով» անվանումներով նրանց ենթակայությամբ կազմավորվելիք մարմինները, որոնց ակտերը եւ որոշումները պետք է կիրառվեն Հայաստանի տարածքում:

Արդյո՞ք այդ պայմանագիրը սահամափակվում է միայն տնտեսական հարաբերությունները կարգավորելով, թե՞ դրանում կան նաեւ, ասենք, դատաիրավական ոլորտին վերաբերող, մասնավորապես Հայաստանի տարածքում ԵՏՄ անդամ երկրների ուժային կառույցներին գործելու լիազորություններ տվող հոդվածներ: Ոչ ոք չգիտի, թե այդ մարմինները եւ նրանց ստորաբաժինները ինչ լիազորություններ են ունենալու:

Կասկածից վեր է, որ այդ փաստաթուղթը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը) ոչ միայն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, այլեւ ավելին՝ այն անմիջական հակասության մեջ է լինելու ՀՀ ինքնիշխանության հետ: Եթե նման խնդիր չլիներ, ապա այդ պայմանագրի բովանդակությունը գաղտնի չէր պահվի, եւ նման խաբեության` պայմանագրին միանալու պայմանագիր հնարելու կարիք չէր լինի:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է մի գործընթաց, որի արդյունքում, ՀՀ Սահմանադրական դատարանի լուռ համաձայնությամբ, ՀՀ ԱԺ մեծամասնության ստրկամտության շնորհիվ Հայաստանում իրավական ուժ կստանա եւ կսկսի գործել մինչ օրս գաղտնի պահվող մի փաստաթուղթ, որը փաստացի ՀՀ մայր օրենքից՝ Սահմանադրությունից, բարձր իրավական ուժ կունենա: Նման իրավիճակից խուսափելու միակ տարբերակը փաստաթղթի սահմանադրականության հարցը քննարկելն ու սահմանադրությանը հակասող փաստաթղթի վավերացումը թույլ չտալն է, ինչը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ: Իսկ Սահմանադրությանը հակասող պայմանագիրը, վավերացնելով այդ փաստաթուղթը, փաստացի ավելի բարձր իրավական ուժ է ստանում:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի չորրորդ մասն արձանագրում է. «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո։ Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»: Այսինքն՝ Հայաստանի օրենքները պետք է համապատասխանեցվեն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին:

Այս դեպքում որեւէ կերպ չես կարող հղում կատարել ՀՀ Սահմանադրությանը, քանի որ միջազգային պայմանագրերի վավերացումից եւ ուժի մեջ մտնելուց հետո դրանց Սահմանադրությանը համապատասխանել-չհամապատասխանելու հարցը քննարկելու որեւէ իրավական ճանապարհ գոյություն չունի: Սահմանադրությունը մինչեւ վավերացումն է նախատեսում Սահմանադրության համապատասխանության հարցի լուծումը: Իսկ այս տարբերակով ՀՀ իշխանություններն այդ արգելքը շրջանցում են:
Սա պետական ամենաբարձր մակարդակով, նաեւ իրենց ոչ իշխանական հռչակած քաղաքական ուժերի մասնակցությամբ իրականացվող ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված խարդախություն է, որը բացահայտման կարիք ունի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս