Գոշավանքի այցելուները վերջին շրջանում իրենց դժգոհություններն են հայտնում վանական համալիրի վերականգնման աշխատանքների կասեցման, ինչպես նաեւ վանքի շրջակայքի եւ գավիթի ներսում տարբեր կրոնական հուշանվերների վաճառքի առնչությամբ: Օրերս այդ թեմայով ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում էր կատարել տեղեկատվության անվտանգության փարձագետ, ԵՊՀ դասախոս Վահրամ Միրաքյանը: Նա նշել էր, որ շատ է զարմացել, երբ հայտնաբերել է, որ գործող եկեղեցու գավիթը, ինչպես ինքն է նկատում, վերածվել է փոքր սուպերմարկետի: «Գավիթում հուշանվերների փոքրիկ խանութ էր գործում: Խանութում կամ գավիթում կարելի էր գնել չինական կենցաղային ախմախ թեմաներով նկարներ, կրոնական հուշանվերներ եւ նմանատիպ այլ ապրանքներ: Տհաճ էր չինական ապրանքով լցված գավիթից ներս անցնելը»,-գրել է Վ.Միրաքյանը:
Նրա գրառման ներքո օգտատերերից մեկը մեկնաբանել է. «Նախորդ ամռանն եմ եղել Գոշավանքում: Այնտեղ ներկայացվող հուշանվերների մեջ տարբեր գների փայտե բանալիներ կային, հարցրեցի, թե գների այդ տարբերությունն ինչով է պայմանավորված, վաճառողն ասաց, որ այդ մեկի փայտը հազվադեպ հանդիպող ծառի փայտ է, կտրելն արգելված է, այդ պատճառով էլ թանկ է…»:
«Ժողովուրդ» օրաթերթը, հետամուտ լինելով մի շարք քաղաքացիների դժգոհություններին, փորձեց կապ հաստատել Տավուշի թեմի առաջնորդարանի հետ: Հեռախոսը վերցրեց երիտասարդ մի գործավարուհի, ով վերը ներկայացրած խնդրի մասին տեղեկանալուց հետո պատասխանեց, որ մեր հարցերին ոչ ոք չի կարող պատասխանել: Զրույցը ներկայացնում ենք նույնությամբ:
– Տավուշի թեմի առաջնորդարանում չկա՞ մեկը, ով կարող է մեզ հուզող հարցերին պատասխանել:
-Դե՛, ներկա պահին չէ:
-Իսկ ե՞րբ կլինի:
-Չեմ կարող պատասխանել:
–Այսինքն՝ մի ողջ թեմի առաջնորդարանում մարդ չկա՞:
(Լռում է Ա.Բ.)
-Միայն Դուք ե՞ք թեմում աշխատում…
-Դե չէ, իհակե, բայց …(լռում է Ա.Բ.)
-Գուցե ցանկություն չկա՞ պատասխանելու..
(Լռում է)
-Ե՞րբ տեղում կլինի այն մարդը, ով կկարողանա պատասխանել մեր հարցերին:
-Դե, չգիտեմ ես:
-Իսկ ո՞վ գիտի:
(Լռում է):
Մնացած մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին: Միայն թե Տավուշի թեմի առաջնորդարանից, Գոշավանք վանական համալիրից թող չզարմանան, որ Վահրամ Միրաքյանի հետեւյալ գրառմանը հավանություն տան աստիճանաբար ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ. «Երկրորդ անգամ Գոշավանք հաստատ չեմ գնա, ո՛չ որպես սրբատեղի է ձգում, ո՛չ էլ՝ որպես հուշարձան»:
Աննա Բաբաջանյան