«Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղակի չեն ուզում հասկանալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով ոչ իշխանական եռյակի մյուս ուժերին, կարելի է ասել, վերջնագիր էր ներկայացրել: Նա նշել էր, որ իրենց շարժման առաջ գնալու համար անհրաժեշտ է, որ ստորագրվի փաստաթուղթ` «Համաժողովրդական շարժման հռչակագիր»: Ր. Հովհաննիսյանը հրապարակել էր նաեւ այդ նախագծի բովանդակությունը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ է իրենց կուսակցության առաջնորդը որոշել այժմ էլ հանդես գալ առանձին հռչակագիր ստորագրելու կոչով:

-Պարո՛ն Մարտիրոսյան, դեռեւս եռյակի առաջին հանրահավաքից տեսանելի դարձավ այն, որ «Ժառանգություն» կուսակցությունը ՀԱԿ-ից եւ ԲՀԿ-ից տարբերվող դիրքորոշում ունի: Նախօրեին Ր. Հովհաննիսյանի արած հայտարարությունն էլ արդեն բացահայտ հաստատեց, որ «Ժառանգություն»-ը եռյակից առանձին է հանդես գալիս: ՀԱԿ-ում եւ ԲՀԿ-ում տեղյակ եղե՞լ են, որ նա հռչակագիր է մշակում:

-Եթե ուշադրություն դարձրել եք՝ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն ասել է, որ ինքը տեղյակ եղել է, որ այդպիսի հռչակագիր կա:

-Այսինքն՝ եռյակի հետ համաձայնեցվա՞ծ է եղել Ր. Հովհաննիսյանի ներկայացրած հռչակագիրը:

-Ո՛չ, ինչպես տեսել եք՝ դա պարոն Հովհաննիսյանի հռչակագիրն է, իր մոտեցումն է, ըստ էության, ամբողջացնող փաստաթուղթ է դա՝ ե՛ւ համաժողովրդական շարժման հետ կապված, ե՛ւ գրասենյակների հետ կապված, անդրադարձ կա Արցախին, այնպես որ՝ որոշակի տեղյակ են եղել… ու այսպես ասեմ՝ խորն անհանգստանալու կարիք չեմ տեսնում:

-Բայց ստացվում է, որ եռյակում կոնկրետ միասնական պահանջ չկա, ամեն մի ուժ իր դիրքորոշումն ունի, որը ներկայացնում է առանձին: Արդյո՞ք դա չի վտանգում եռյակի միասնականությունը:

-Դուք ճիշտ եք, մենք մեր մեկնաբանություններում միշտ նշել ենք, որ ամեն մեկն իր մոտեցումն է արտահայտում, պարոն Հովհաննիսյանի դեպքում, կարծես թե, այդ մոտեցումն ամբողջացնող է, ու հենց իր խոսքի սկզբում է դա ասում, նշում է, որ մեր գործընկերներն առանձին-առանձին հրապարակային ելույթներ ունեցան, ինչը ողջունելի է, իսկ այս ելույթը նաեւ ամբողջացնող է:

-Դա չի նշանակո՞ւմ, որ եռյակում պառակտում կա:

-Ո՛չ, այս պահին պառակտում գոյություն չունի: Տեսակետները ներկայացված են, կարծում եմ՝ հետագան ցույց կտա ընթացքը: Մենք միշտ ժողովրդի հետ ենք, միշտ ժողովրդի կողքին ենք, համենայնդեպս իմ տրամադրության մեջ փոփոխություն չկա ու ոչ էլ կարգավիճակում, այնպես որ՝ ինչ հայտարարել եմ նախկինում, դա ուժի մեջ է: Երկրում այնքան շատ առիթներ կան հիասթափվելու, չեմ կարծում, որ այս ամենը կարող է հիասթափվելու առիթ լինել:

-Այնուամենայնիվ, պարո՛ն Մարտիրոսյան, ակնհայտ է, որ եռյակն անգամ չի կարողանում մինչեւ այսօր հստակեցնել համատեղ հանրահավաքի օրը: Իսկ վերջերս էլ եռյակի ներկայացուցիչները սկսել են միմյանց հետ շփվել հայտարարությունների ձեւաչափով:

-Ես կարծում եմ, որ հանրահավաքը չպետք է ինքնանպատակ լինի, բայց ուշացնել էլ չի կարելի, ես կարծում եմ՝ մենք որոշակի որոշումներ պետք է ունենանք, նոր հանրահավաք անենք, բայց, դե, ուշացնել այդ որոշումների կայացումը եւս չի կարելի: Դուք տեսել եք, որ երկու օր առաջ եռյակը կրկին հանդիպում է ունեցել, այդ հանդիպումները կան, իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, հրապարակային մոտեցումներին, ապա դա եւս տեսակետ է, դա եւս մոտեցում է, այնպես որ չեմ կարծում, որ խնդիրը դա է:

-«Ժառանգություն»-ը համաձա՞յն է այն «դադարի» հետ, որը վերցրել են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո գրեթե որեւէ կոնկրետ քայլ չի կատարվել:

-Չեմ կարծում, թե որեւէ մեկն ինչ-որ հանգիստ է կնքել, որ «ժառանգություն»-ը համաձայն լինի կամ չլինի, այս պահին քննարկումներ են ընթանում, իսկ երբ քննարկումները կավարտվեն, այդ ժամանակ տեղյակ կպահենք մեր հետագա քայլերի մասին:

-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հռչակագրի մեջ հետգրությամբ ինչ-որ կոչ է արել, որը անհասկանալի է բոլորի համար: «Եւ ոչ միայն: Սերժ, Բակո, Սեյրան, Մովսես, տղերք՝ մի մասդ դե յուրե, մյուսդ դե ֆակտո, արդեն գրեթե միեւնույնն է: Արցախի պետականության հռչակումից 23 տարի անց քանի ուղղաթիռներ, սպաներ, զինվորներ, հայ մարդիկ պետք է թշնամու գնդակից ու «դիվանագիտությունից» զգետնվեն, որ վերջապես հասկանաք՝ ՁԵՐ եւ ՄԵՐ մեղքն ու սխալը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Խոնարհվում ենք նրանց առջեւ»,-նշել է Հովհաննիսյանը: Այս կոչով ի՞նչ է ցանկանում ասել Ր. Հովհաննիսյանը, Ձեզ համար հասկանալի՞ է:

-Ես մեկնիչ չեմ, ճիշտն ասած, կարող եք այդ հարցն իրեն ուղղել, բայց կարծում եմ՝ շատ պարզ գրված է: Արցախյան խնդրի, եւ ոչ միայն Արցախյան խնդրի հետ կապված, մեջբերում է արվել… Այսինքն՝ այդ մեծ համաձայնության խնդիրը մեր առջեւ օրվա խնդիր է դարձել, մեր միասնության հրամայականը, ու դա միայն բովանդակային քայլերի արդյունքում կարելի է անել: Առանձնապես մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում, ամեն ինչ շատ պարզ ասված է:

-Բայց հասարակության կողմից չեն ընկալվում Ր. Հովհաննիսյանի կոչերը…

-Եթե Ր. Հովհաննիսյանը հասարակության կողմից հասկանալի չէ, այդ դեպքում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա այդքան ձայն կստանա՞ր: Քաղաքական դաշտում չեն ուզում հասկանալ, կամ հասկանում են, չհասկանալու տեղ են իրենց դնում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս