Երեւան քաղաքի մի շարք արձաններ պարբերաբար ենթարկվում են կողոպուտի, դառնում վանդալիզմի զոհ, կամ պարզապես իրենց դարն ապրելուց հետո վտանգվում են, ուստի ունեն վերականգնման, հատուկ խնամքի եւ ուշադրության կարիք: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քանդակագործ, մոնումենտալ դրվագող Ներսես Չարխչյանն իր մտահոգությունը հայտնեց մայրաքաղաքի մի քանի արձանների՝ Վարդան Մամիկոնյանի, Տորք Անգեղի, Ավան վարչական շրջանում գտնվող քնար նվագող աղջկա քանդակի, «Լեռնեցիների պարը» արձանախմբի ճակատագրերի առնչությամբ: Նրա խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը քանդակները փրկելու ուղղությամբ աշխատանքներ չի տանում եւ այդ նպատակով ֆինանսներ չի ներդնում:
Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ նշյալ եւ այլ արձանների վերաբերյալ գրություններով իրենք դիմել են ոստիկանություն, քանդակների վերականգնման համար ստեղծվել են հանձնաժողովներ, որպեսզի ճշտվի վնասի չափը:
«Օրինակ՝ «Լեռնեցիների պարը» արձանի համար Երեւանի քաղաքապետարանը բանակցում է տարածքի սեփականատիրոջ հետ, որպեսզի նրանց միջոցներով քանդակը վերականգնվի»,-նշեց Կ.Այվազյանը:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ հետ քանդակը վերականգնել-չվերականգնելու հարցի շուրջ արդեն երկար ժամանակ` շուրջ երկու տարի է, ինչ բանակցում է, սակայն կարծես թե առայժմ՝ անարդյունք:
Անդրադառնալով վերը նշված մյուս արձանների խնդրին՝ գործակալության աշխատակիցը նշեց. «Վարդան Մամիկոնյանի արձանի դեպքում ես խնդիր չեմ նկատել, եթե քանդակագործը վտանգ է տեսնում, գուցե փորձի ինչ-որ կերպ ուղղություն ցույց տալ: Իսկ ընդհանուր առմամբ, եթե պարզ խոսենք, բյուջեի միջոցները բավական սուղ են…»:
Ն. Չարխչյանը մատնանշեց մեկ այլ խնդիր եւս՝ արձանների լվացման հարցը. «Մեր արձանները կեղտի մեջ կորած են, տոնից տոն լվանալը բավական չէ: Բացի այդ՝ քանդակները պետք է լվացվեն հատուկ նյութերով, չեն ուզում մի երկու կոպեկ ավել ծախսել, որպեսզի այդ հարցով զբաղվի մասնագետը…»,- նկատեց քանդակագործը:
Կ. Այվազյանը եւս կարծում է, որ պետք է աշխատել ամեն վարչական շրջանի սանիտարական սեկտորում համապատասխան մասնագետ պահելու ուղղությամբ, որպեսզի լինեն մարդիկ, որոնք կկարողանան ճիշտ ցուցումներ տալ արձանները մաքրելու գործում:
Աննա Բաբաջանյան