Հակոբ Հակոբյանից (Ճոյտ) 23 հազար դոլար են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղմկահարույց պատմություններով հայտնի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) մեղադրվում է անօրինականության մեջ: Նրա կողմից ձեռք բերված գույքը վերադարձնելու համար դատարանում հայց է ներկայացվել:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հոկտեմբերի 1-ին «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը դիմել է Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից` Ճոյտից, անօրինական գործողությունների արդյունքում ձեռք բերված գույքը «Բետարտշին» ՍՊԸ վերադարձնելու կամ դրա անհնարինության դեպքում՝ գույքի արժեքը բռնագանձելու պայմանով: Նշենք, որ նախկին պատգամավորից բացի՝ դատարանում պատասխանողի կարգավիճակում է հայտնվել նաեւ «Էջմիածին կամուրջշին» ԲԲԸ-ն: Եւ որպեսզի անկանխատեսելի հետեւանքներ չլինեն, «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ: Եվ այդ միջնորդությունն այս տարվա հոկտեմբերի 3-ին դատավոր Հովհաննես Մելքոնյանը բավարարել է:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, ով ինքնավստահ ասաց, թե անհանգստանալու բան չունի. «Բետարտշին ՍՊԸ-ն, որի նախկին տնօրենը ես եմ եղել, ինձ ասում են, որ լինելով նախկին տնօրեն՝ իմ աշխատանքները ճիշտ չեմ իրականացրել, ու գույք է անհետացել: Արդյունքում դրա դիմաց 23.000 հազար դոլար գումար են պահանջում: Ասում են, որ ես գույքի վաճառքի թույլտվություն եմ տվել, իսկ իմ պաշտպանը դատարանում ասել է, թե տվեք այդ թույլտվության թուղթը, բայց չկա, եթե կա, իրենք պարտավոր են ներկայացնել: Ու միայն ինձանից չեն պահանջում գումար, մյուս նախկին տնօրենների դեմ էլ են մի քանի ամիս առաջ դատարան հայց ներկայացրել` մեկից պահանջելով 32 միլիոն, մեկից՝ 36 միլիոն դրամ, բայց դատարանը նրանց պահանջը չի բավարարել, եւ պարտվել են: Ես վախենալու բան չունեմ, քանի որ անհիմն պահանջ է»:

Ըստ նախկին պատգամավորի՝ իրեն նաև չի մտահոգում, որ այս իրավիճակում արգելանքի տակ են դրվել իր գույքը եւ դրամական միջոցները. «Դա նորմալ է: Արգելանքը դրել են, որ մինչ դատական վեճի ավարտը չօտարես այն, դա հայցի ապահովման համար են արել: Խնդիր չկա, ես հիմա էլ կարող եմ տանել, այդ 23.000 դոլարը վճարել եւ արգելանքը հանել, բայց սպասենք, տեսնենք՝ դատարանը ինչ է որոշում»:

Տեղեկացնենք, որ 2010թ. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Բետարտշին» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:

Հիշեցնենք, որ 2009թ. ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում հայտնաբերել էր բյուջետային միջոցների վատնման դեպքեր, որոնցից երկուսի մասով նյութեր էին նախապատրաստվել եւ ուղարկվել դատախազություն: Դրանցից մեկը վերաբերում է «Էջմիածին ջրշին» ՍՊԸ-ին (որի 51%-ի բաժնետերը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է՝ «Ճոյտ» մականվամբ), որը Հրազդան գետի հունի մաքրման, ափերի ամրացման համար պետությունից ստացել էր 190 մլն դրամի պատվեր, որից 157 մլն-ը ծախսել էր անորակ հենապատեր սարքելու եւ գետի հունից որոշ չափով աղբ հանելու վրա, իսկ 33 մլն-ը ծախսելու փաստաթղթային հիմնավորումներն այդպես էլ չէր կարողացել ներկայացնել:

Եվ մինչ դատախազությունը կգտներ պետական «բուրդը» յուրացնողներին, «Էջմիածին ջրշինը» քաղհայցով դիմել էր Երեւանի քաղաքացիական դատարան՝ մեղավորին սեփական սցենարով գտնելու նախաձեռնությամբ՝ պատճառաբանելով, որ պետությունից ստացած պատվերը չի կարողացել պատշաճ կատարել «Բետարտշին» ՍՊԸ-ի մեղքով: Այս պատմության մեջ ամենազարմանալի այն էր, որ Հակոբ Հակոբյանը «Էջմիածին ջրշինի» 51%-ի փայատեր լինելուց զատ՝ նաեւ «Բետարտշինի» 70%-ի բաժնետերն է: Ստացվում է, որ Հ. Հակոբյանն ինքն իր դեմ է հայց ներկայացրել դատարան:

Հետաքրքիր իրավիճակ է. սպասենք, տեսնենք, թե դատարանն ինչ որոշում կկայացնի:

Քնար Մանուկյան




Լրահոս