ԵՊՀ-ն եւ Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանը (РУДН) համագործակցում են ԱՊՀ երկրների ցանցային համալսարանի շրջանակներում, որը ստեղծվել է 2008 թ-ին: Ներառված են ԱՊՀ երկրների շուրջ 20 առաջատար բուհեր, իսկ ղեկավար կազմակերպությունը Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանն է (РУДН): ԵՊՀ-ն կոնսորցիումին միացել է 2010 թ-ին: Այսպիսի ծրագիր Հայաստանում կիրառվում է առաջին անգամ:
Առաջին 4 շրջանավարտները, ովքեր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներ են, ստանալու են կրկնակի դիպլոմներ` եԲւ ԵՊՀ-ի, եԲւ РУДН-ի: Համալսարանը նույն սկզբունքով համագործակցում է նաեւ Գերմանիայի Ռոստոկի համալսարանի հետ, որի առաջին շրջանավարտները գիտական աշխատանքները կպաշտպանեն այս տարվա աշնանը:
“Ծրագիրն առաջին հերթին կարեւորում ենք նրա համար, որ խթանում է ուսանողների շարժունությունը: Մեր զարգացման ռազմավարական ծրագրում մեծ ուշադրություն է հատկացված բուհի հետագա միջազգայնացմանը: Ուսանողների համար էլ եզակի հնարավորություն է միաժամանակ սովորել հարազատ բուհում եւ РУДН-ում ու ստանալ կրկնակի դիպլոմ”,-նշում է ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:
Անցած տարի ԵՊՀ-ից Ռուսաստան է մեկնել 11 ուսանող` Ռուս բանասիրության, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների եւ Տնտեսագիտության ֆակուլտետներից: Քանի որ գործում է նաեւ ԱՊՀ երկրների ցանցային համալսարանի տեխնիկական կոնսորցիում, այս տարի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3 ուսանողներ էլ սովորելու են Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանում:
“Կրկնակի դիպլոմի ծրագիրն օրվա հրամայական է: Մենք այդպիսի ծրագրերի հարուստ փորձ ունենք ե՛ւ եվրոպական, ե՛ւ մերձարեւելյան, ե՛ւ ասիական երկրների հետ: Մեզ մոտ սովորող հայ ուսանողները տարբերվում են մեծ աշխատասիրությամբ: 2-րդը` շատ պատասխանատու են. հասկանում են, որ եթե իրենց են ընտրել եւ ուղարկել, ուրեմն պետք է իրենց արդարացնեն: Շատ ակտիվ են նաեւ համալսարանի հասարակական կյանքում: Նրանք մերն էլ են. գոհ ենք մեր ուսանողներից”,-ասում է պետական քննական հանձնաժողովի անդամ, РУДН-ի ներկայացուցիչ Վլադիմիր Դենիսենկոն:
Մագիստրոսական ծրագրի առաջին տարին ուսանողները սովորում են Մոսկվայում, 2-րդ տարին` իրենց երկրում: Երկու բուհում էլ ունենում են գիտական ղեկավար: Ուսանողների ծախսերը վճարվում են ՌԴ պետական բյուջեից եւ Հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդից:
“Մտավախություն ունեինք, որ գուցե չհամապատասխանեն մեր` այստեղ ստացած գիտելիքներն այնտեղի պահանջներին: Բայց բարեհաջող կարողացանք սովորել: Ամենակարեւորն այն էր, որ սովորեցինք դասախոսների հետ առցանց աշխատել, ինչն այստեղ մինչ այդ չէինք արել. հանձնարարությունը ստանում էինք, կատարում եւ էլեկտրոնային փոստով ուղարում դասախոսին: Եվ ,ստիպվածե էինք նաեւ համակարգչային հմտություններ ձեռք բերել”,-պատմում է շրջանավարտներից մեկը` Անի Սահակյանը: