Անշարժ գույքն էժանանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. մարտին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 13 հզ. 808 գործարք, որոնց քանակը 2012թ. փետրվարի համեմատ նվազել է 4.5%-ով, իսկ 2011թ. մարտի համեմատ` 19.5%-ով: 2012թ. մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3,608 օտարման գործարքների 76.8%-ը կազմել են առուվաճառքները, 22.7%-ը` նվիրատվությունները և 0.5%-ը` փոխանակությունները:  Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39.7%-ն արձանագրվել է Երևանում, իսկ օտարված անշարժ գույքի 38.6%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: Երևանում 2012թ. մարտին փետրվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 18.7%-ով, իսկ 2011թ. մարտի համեմատ նվազել է 12.3%-ով: Մարտին Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2012թ. փետրվարի համեմատ, նվազել են 0.1%-ով, իսկ անցած տարվա համեմատ էժանացումը կազմում է 3.1%: Մայրաքաղաքում ամենաթանկ շրջանը շարունակում է մնալ Կենտրոնը, որտեղ այս տարվա մարտին 1քմ արժեր 400 հզ. դրամ, ապա Արաբկիրը՝ 333 հզ. դրամ, Քանաքեռ-Զեյթունը՝ 260 հզ. դրամ, Դավիթաշենը՝ 254 հզ. դրամ, Էրեբունին և Ավանը՝ 233 հզ-ական դրամ, Շենգավիթը՝ 229 հզ. դրամ, Նոր նորքը՝ 225 հզ. դրամ, Աջափնյակը՝ 221 հզ. դրամ, Մալաթիա-Սեբաստիան՝ 219 հզ. դրամ, իսկ ամենաէժան բնակարանները Նուբարաշենում են՝ 140 հզ. դրամ: 




Լրահոս