«ՄՈՍԿՎԻՉԿԱՅԻ» ՊԱՐՏՔԸ ԿՄԱՐԵՆ ԳՈՒՅՔՈՎ
Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանն իր պարտապանների հետ համաձայնության գալու ուղիները ստիպված է դատարաններում փնտրել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ: Վերջինիս հիմնադիրը Երեւանի նախկին ոստիկանապետի որդին` Արմեն Նազարյանն է:
Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ից հօգուտ իրեն գումար բռնագանձելու պահանջով: «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Սեւակ Մարաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանություններ տալուց: «Այս գործով անգամ դատական նիստ չի եղել եւ, միգուցե, կողմերը հաշտության գան, ուստի առայժմ ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանություն անելուց»,- ասաց Մարաբյանը:
Ի դեպ, «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ն միջնորդել է, որպեսզի «Բիզնես լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի հաշիվների եւ գույքի վրա արգելանք դրվի: Արդյունքում՝ գործը քննող դատավոր Գագիկ Խանդանյանը հոկտեմբերի 13-ին միջնորդությունը մասնակի բավարարել է: Նախկին ոստիկանապետի որդու ընկերության գույքի վրա արգելանք է դրվել: Նշենք նաեւ, որ դատարանում պատասխանող ընկերության ներկայացուցիչը հենց ընկերության հիմնադիր Արմեն Նազարյանն է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմեն Նազարյանն ասաց, որ «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ի եւ «Բիզնես լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի միջեւ ֆինանսական խնդիրն առաջացել է վարձակալության վճարների հետ կապված: «Մենք այդ ընկերությունից վարձակալությամբ տարածք էինք վերցրել, բայց գործն իրեն չարդարացրեց: Վարձակալության գումարն էլ չէինք կարողացել ժամանակին վճարել ու հիմա կարգավորում ենք խնդիրը: Բանակցություններ են ընթանում, տեխնիկական հարցեր կան: Այսինքն՝ գույքի տեսքով որոշ բաներ կան, որ պարտքի դիմաց պետք է թողնենք իրենց»:
Մեր այն հարցին, թե վարձակալությամբ վերցված տարածքում կոնկրետ ինչ գործունեություն է իրականացվել, Արմեն Նազարյանը պատասխանեց. «Նշված տարածքում գտնվում էր Սարյան փողոցի «Մասկվիչկա» սուպերմարկետը, որտեղ առեւտուրը շատ թույլ էր: Այսպես ասեմ՝ այդ փողոցը երեկոյան լրիվ մեռնում էր, ու առեւտուրը շատ վատ էր: Այդ պատճառով էլ վարձակալության վճարման հարցում խնդիր առաջացավ: Հիմա կարգավորում ենք, ամեն ինչ նորմալ է»:
Իսկ թե կոնկրետ որքան գումարի պարտք ու պահանջի մասին է խոսքը, Արմեն Նազարյանն ասաց, թե չի հիշում: Իհարկե, տարօրինակ է, որ Նազարյանը չի հիշում գումարի չափը, առավել հավանական է, որ նա պարզապես չի ցանկանում թիվը հրապարակայնացնել: Հաշվի առնելով այն փաստը, որ պարտքը պատրաստվում են գույքով մարել, կարելի է ենթադրել, որ մեծ գումարի մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ գրել էինք, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը չի կարողանում վճարել իրեն մատակարարված ապրանքների դիմաց, եւ սուպերմարկետի ցանցին ապրանք մատակարարող կազմակերպությունները ծանր կացության մեջ են հայտնվել: Հետագայում Արմեն Նազարյանն ասել էր, որ խնդիրները կարգավորված են, եւ իրենց ընկերությունը սկսել է նորմալ աշխատել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՊԱՆՈՒՄ ՁՈՒՆ` «ՏԱԿԻՑ»
«Տակից տալ» արտահայտությունը մարզկենտրոն Կապանում խորհրդային ժամանակներից է մնացել: Այն լսելիս ավագ սերունդը ժպիտով է հիշում կյանքի անցած ժամանակահատվածը, խանութների դատարկ տաղավարներն ու ապրանքների դեֆիցիտը: Երբեմն էլ զարմանում, թե ինչպես էին ապրում եւ անչափ ուրախանում չճարվող ապրանքի ձեռքբերմամբ: Այս օրերին էլ նմանատիպ ժպիտ է հայտնվում մարդկանց դեմքին, երբ լսում են, որ խանութում ձու կա:
Լսածիս չհավատացի եւ իբրեւ հումար ընդունեցի այն լուրերը, որ Կապանի մի շարք խանութներում ձուն «տակից» են վաճառում: Այսինքն, եթե վաճառողին ծանոթ չես կամ դեմքդ նրա մոտ չի տպավորվել, ապա չես կարող ձու ձեռք բերել:
Խանութներում շրջելու արդյունքում տաղավարներում ձու չտեսնելով, երբ սկսեցի հարցուփորձ անել, պարզվեց, որ, իսկապես, «խորհրդային ավանդույթները» վերադարձել են: Խանութներից մեկում, որտեղից երբեմն գնումներ եմ կատարում, վաճառողը՝ խորամանկ ժպիտը դեմքին, հետաքրքրվեց, թե խանութի տաղավարի բացակայող ձվից քանի՞ հատ եմ ուզում…
Սուպերմարկետներից մեկում հավկիթի համար նախատեսված հատվածը երկար ժամանակ է՝ արդեն դատարկ է, ու նախկին ութսունհինգ դրամ գնապիտակն էլ դեռ մնում էր: Վաճառողուհին անմիջապես փորձեց այն հանել՝ պատճառաբանելով, թե հիմա այն թանկացել է: Դեռ չեն ստացել, չգիտեն, երբ կստանան, ստանալուց հետո էլ 90 դրամով են վաճառելու:
Առեւտրի ոչ մի կետում այդպես էլ չկարողացան ստույգ պատասխանել, թե ձվի շուկայում ինչո՞ւ է դեֆիցիտ առաջացել:
Ձու չկա նաեւ շուկայում, որտեղ նախկինում ամեն քայլափոխին` բանջարեղենների կողքին, կարելի էր հանդիպել տնական հավկիթների: Շուկայում տնական ձու չի վաճառվում արդեն մոտ երկու ամիս: «Այսօր արդեն խնդրում ենք, որ բերեն, նույնիսկ հարյուր քսանով վաճառենք, բայց տնական ձվի երես չենք տեսել: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ են բերել»,- ասաց շուկայի առեւտրական կանանցից մեկը:
Ձվի բացակայությունը նաեւ քաղաքական կատակների առիթ է դարձել: Մսավաճառներից մեկը, ով նախկինում նաեւ տնական ձու էր վաճառում, կատակով նկատեց. «Հավերը «տորմուզ» են տվել, ձու չեն ածում, որովհետեւ դեմ են ներկայիս քաղաքականությանը»:
Մսի խանութներից մեկում նոյեմբերի յոթի արտադրության միջին չափի ձուն արկղերով գետնին դրված վաճառվում էր հատը ութսուն դրամով: «Այստեղ երբեւէ ձու չի վաճառվել, վերջին շրջանում սա երկրորդ անգամն է, որ ձու ենք ստանում: Լուսակերտի ձու է, ստացել ենք, ես էլ վաճառում եմ»,- ասաց կինը:
Թե ինչքան կշարունակվի ձվի դեֆիցիտը, ոչ ոք չգիտի: Ոմանք ասում են՝ սրանից հետո շաբաթական երկու անգամ են ստանալու, այն էլ՝ սահմանափակ թվով, իսկ մյուսներն էլ հրաժարվում են կանխատեսումներ անել:
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան
ԼՈՒՐԵՐ
ՇՈՈՒ ՌԵԿՏՈՐԻ ԴԵ՞Մ
Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր բնակարանի դիմաց մարտական «Ֆ-1» տեսակի նռնակ հայտնաբերելու դեպքը ոստիկանների կողմից կազմակերպված շոու է եղել: «Եկան կազմակերպեցին եւ այս ամենը ինձ վերագրեցին ու գնացին: Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում այս գործով, եւ եթե անգամ ոստիկանություն կանչեն էլ, չեմ գնալու: Ես եւ իմ հարազատները վստահ ենք, որ սա իմ հետ կապված չէր: Ինչ ուզում են, թող անեն: 8 տարի է՝ ռեկտոր չեմ ու ֆինանսական որեւէ հարցի հետ կապ չունեմ»,- ասաց Հակոբյանը: Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 21-ին` ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը սպորտային կոշիկի մեջ դրված մարտական «Ֆ-1» տեսակի նռնակը կապել էր Հակոբյանի բնակարանի դռանը: Բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող էր ավարտվել, եւ ոչ ոք չէր տուժել:
ԵՐԵՔ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ
Վերջին երկու օրերի ընթացքում Երեւանում ինքնասպանության երեք դեպք է արձանագրվել: Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10-ի սահմաններում, Դավիթաշենի կամրջից նետվելով՝ ինքնասպան է եղել 54-ամյա մի տղամարդ` Կոտայքի մարզի բնակիչ: Վերջինս իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան կայանած է եղել Կոմիտաս պողոտայի ուղղությամբ: Ի դեպ, ավտոմեքենան պատկանել է տաքսի ծառայություններից մեկին: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի 3-րդ հարկից 44-ամյա մի տղամարդ է իրեն ցած նետել, որը նյարդերի հետ կապված խնդիր է ունեցել եւ հիվանդանոցում բուժվելիս է եղել: Ի դեպ, պատուհանից նետվելու պահին ինքնասպանության դիմած տղամարդու կինը եղել է նույն սենյակում: Բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին լուրի տարածվելուց քիչ անց հայտնի դարձավ, որ ժամը 10:00-ի սահմաններում էլ Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել 25-30 տարեկան մի երիտասարդ: Երեկ՝ դեռեւս ուշ երեկոյան, ոստիկաններին չէր հաջողվել պարզել տղայի ինքնությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինքնասպանը եղել է պայմանագրային զինծառայող:
ՎՃԱՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ
Օրերս արտառոց կողոպուտ է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի «Ալյումինի գործարանին» հարակից տարածքի տնակներից մեկի մոտ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տնակներից մեկի երկու բնակիչներ` հայր ու որդի, դաժան ծեծի են ենթարկել «Չաո» տաքսի ծառայության վարորդին եւ նրանից գողացել բջջային հեռախոսն ու մոտը եղած գումարը: Մեր տեղեկություններով՝ տաքսու վարորդի կողոպտման պատմությունը բավական դրամատիկ ընթացքով է զարգացել, եւ ամեն ինչ սկսվել է այն բանից, որ մի երիտասարդ աղջիկ տաքսի է պատվիրել եւ պահանջել իրեն տուն տանել: Պատվիրատու աղջիկը հարբած վիճակում է եղել եւ կարողացել է ասել միայն, թե որ տարածքում է ապրում եւ ճանապարհին քնել է: Վարորդը հասնելով նախապես ասված վայրը՝ ոչ մի կերպ չի կարողացել ուղեւորին արթնացնել. ստիպված է եղել սպասել: Իսկ երբ աղջիկն արթնացել է, եւ վարորդը նրանից պահանջել է 3 հազար դրամ վճարել, նրանց միջեւ վեճ է սկսվել: Ի վերջո, աղջիկը համաձայնել է գումարը վճարել` պայմանով, որ վարորդն իրեն տուն հասցնի: Իսկ երբ տեղ են հասել, աղջիկը կանչել է հորն ու եղբորը, որոնք ոչ միայն տաքսու գումարը չեն վճարել, դեռ մի բան էլ տաքսիստին ծեծել եւ կողոպտել են:
ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ
Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի համագործակցության ծրագրի համաձայն` ս. թ. նոյեմբերի 6-ից անցկացվում են «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունները, որոնց մասնակցում են ՀՀ զինված ուժերի ավելի քան 17.000 զինծառայողներ, 550 միավոր հրետանային միջոցներ, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոցներ, 300 միավոր հակատանկային միջոցներ, 100 միավոր հատուկ տեխնիկա եւ ավելի քան 1.200 ավտոմեքենա: