ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈ՞Ւ Է ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների գործընթացը թեպետ Սերժ Սարգսյանի կողմից առայժմ վերջնական հանգրվանի չի հասցվել, այդուհանդերձ, հաջորդ տարում խոստանում է անշրջելի իրողություն դառնալ: Այսօրվանից «Ժողովուրդ» օրաթերթը հանդես է գալիս «Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ» փաստաթղթի քննարկման նախաձեռնությամբ՝ մանրամասնորեն անդրադառնալով նրանում առկա բոլոր կարեւորագույն դրույթներին: Հընթացս կփորձենք «Հայեցակարգում» ներառված հիմնախնդիրները քննարկել տիպիկ օրինակներով՝ կենտրոնանալով ներհայաստանյան ամենացցուն իրադարձությունների վրա, ինչպես նաեւ՝ ներկայացնել միջազգային փորձը՝ հատկապես արեւմտաեվրոպական երկրների սահմանադրական համապատասխան նորմերի համեմատականությամբ:

Հատկանշական է, որ 1995թ. Սահամանդրության ընդունումը եւ ապա 2005թ. սահմանադրական փոփոխությունները հստակորեն վայելում էին միջազգային շրջանակների աջակցությունը, իսկ Հայաստանի քաղաքական վերնախավն այդ հարցում կարծես տարակույս չուներ: Մինչդեռ այսօր իրավիճակը միանշանակ այլ է, քանզի Սահմանադրության փոփոխման հանդեպ ընդդիմադիր կեցվածք որդեգրած ուժերը վճռականորեն խոստանում են տապալել այդ գործընթացը: Անշուշտ, առաջիկայում կպարզվի՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանին կհաջողվի փոխել Հայաստանի կառավարման համակարգը, թե՞ ընդդիմությունը կկարողանա իրականացնել սահմանադրական փոփոխությունների կանխման եւ իշխանափոխության իր խոստումները: Մինչ այդ, սակայն, հարկ է անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի» կողմից մշակված եւ հանրության դատին հանձնված «Հայեցակարգում» առկա մտքերին ու առաջարկներին: Ըստ էության, սույն փաստաթուղթը լինելու է նոր՝ առաջարկվող Սահմանադրության նախագծի հիմնասյունը: Ենթադրելի է, որ հրապարակված «Հայեցակարգում» տեղ գտած դրույթները պարզապես որոշ շտկումներից հետո կրելու են իմպերատիվ բնույթ եւ վերածվելու են Սահմանադրության համապատասխան հոդվածների:
Ընդհանրականորեն գնահատելով «Հայեցակարգը»՝ հարկ ենք համարում նկատել, որ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հանձնաժողովի ներկայացրած այս փաստաթղթից այնպիսի տպավորություն է առաջանում, որ Հայաստանում այսօր Սահմանդրություն գոյություն չունի: Բավական է նկատել, որ այս փոփոխությունների առաջին հիմնավորումներից մեկն այն է, որ նոր Սահմանադրությունը լինելու է «մարդակենտրոն»: Իրականում սահմանադրություն երեւույթը ներմուծվել է մարդկային գործունեության արդյունքում, եւ մարդն է մշտապես ընկալվել որպես դրա կենտրոնական հանգույց: Արդ, «մարդակենտրոնության» պնդումը «իշխանակենտրոնություն» եզրույթին հակադրելով՝ «Հայեցակարգը» բնավ չի կարողանում արժանի հիմնավորումներ ներկայացնել միայն ու միայն այն պատճառով, որ այդպիսի խաչաձեւումն ինքնին սխալ է: Ի վերջո, չէ որ իշխանությունը ներկայացնում է ոչ թե կենդանիների կամ այլմոլորակային արարածների, այլ հենց մարդկանց խումբ: Ուստի իշխանության եւ սովորական քաղաքացու այդօրինակ հակադրությունը թույլ է տալիս խոսել իշխանության ու քաղաքացիների միջեւ առաջացած լայն ճեղքի մասին:
«Հայեցակարգի» շրջանակներում կարեւորագույն տեղ է գրավում «Ներածությունը», որտեղ հեղինակները փորձում են հիմնավորել փոփոխությունների անհրաժեշտությունը: Անդրադարձ կատարելով սահմանադրական նախորդ փորձառնություններին՝ փաստաթուղթը արձանագրում է, որ 2005թ. սահմանադրական փոփոխությունները եղել են հիմնավոր եւ առաջադրել են մի շարք հրատապ հիմնահարցերի համար հարիր լուծումներ, ինչպես օրինակ՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, դատական իշխանության եւ այլ ինստիտուտների առնչությամբ: «Հայեցակարգը» պնդում է, որ ներկայումս հնարավոր չէ արձանագրել, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր հիմքերի վրա է, մարդու իրավունքները պաշտպանված են, կառավարման համակարգն արդյունավետ է, իսկ դատարաններն անկախ են ու անաչառ: Ավելին՝ Հայաստանում պետաիշխանական լիազորություններով օժտված մարմինների սահմանադրական գործառույթներն ու իրավասությունը ներդաշնակ չեն, եւ իշխանության սահմանափակման իրական նախադրյալներ չկան: «Հայեցակարգի» հեղինակները, սակայն, սրանում մեղավոր են տեսնում ոչ թե քաղաքական կամքի բացակայության եւ ապօրինության պարագան, այլ լոկ ներկայիս Սահմանադրությունը: Նկատելի է, որ այսօր գործող Սահմանադրությունը ոչ մի հարցում չի խրախուսում իշխանության անսահմանափակ դիրքը: Վերջիվերջո, Սահմանադրությունն իր առանձին հոդվածներով հստակորեն մատնանշում է պետական մարմինների փոխհարաբերությունների սահմանագիծը, որից հետո նաեւ օրենքներով կարգաբերվում են դրանց խախտման պատժամիջոցները: Ուստի, եթե որեւէ պաշտոնյա դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից, ապա դրա մեղավորը Սահմանադրությունը չի կարող լինել:
Հատկանշական է նաեւ «Հայեցակարգի» հաջորդ պնդումը, ըստ որի՝ պետաիշխանական մարմինների կողմից իրականացվող գործունեության շրջանակներում առկա են սուբյեկտիվիզմի եւ կամայականության դրսեւորումներ: Այստեղ եւս հիմնական մեղքը վերագրվում է գործող Սահմանադրությանը, մինչդեռ հնարավոր չէ պնդել, թե ներկայիս Սահմանադրությունը կոչ է անում կամ նույնիսկ պարտավորեցնում է պաշտոնյաներին կամայականություններ գործել: Վերջերս ՀՀ Կառավարության որոշմամբ Սյունիքում նոր մարզպետ նշանակվեց, ով հաջորդ օրն արդեն այցելեց իր աշխատավայր ու անցավ իր պարտականությունների կատարմանը: ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ մարզպետին նշանակի ՀՀ Կառավարությունը, սակայն դա պետք է հաստատվի նախագահի ստորագրությամբ: Տվյալ պարագայում Սերժ Սարգսյանը գտնվում էր ԱՄՆ-ում, ուստի չէր կարող մարզպետի նշանակման փաստաթուղթ ստորագրել: Արդյունքում՝ ՀՀ Սահմանադրությունը խախտվեց ՀՀ Կառավարության կամ իր նշանակման վերահաստատմանը սպասող մարզպետի կողմից: Թեպետ կոնկրետ այս կամայականությունը հստակորեն արգելվում է գործող Սահմանադրությամբ, այդուհանդերձ, որոշ պաշտոնյաների համար դա խոչընդոտ չհանդիսացավ: Արդ, այդ ի՞նչ կախարդական հնարքներ են գործարկվելու նոր Սահմանադրությամբ, որ կանխվեն նմանօրինակ կամայականություններն ու ապօրինությունները:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

67-ամյա Օֆիկ Պետրոսյանի ընտանիքը խիստ կարիքի մեջ է: Թոշակառու կինն իր՝ 7 հոգուց բաղկացած ընտանիքով բնակվում է Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղում: Հուսահատված կինը մեզ է դիմել՝ ներկայացնելով ընտանիքի տխուր վիճակը: Ինչպես տիկին Օֆիկն է ասում՝ այն տեսնել է պետք, բառերով նկարագրելն այնքան էլ տպավորիչ չէ:

Օֆիկ Պետրոսյանը տառապում է քաղցկեղով, այս պահին քիմիոթերապիա է անցնում: Նրա թոշակն ու ընտանեկան նպաստն ամբողջությամբ ծախսվում է դեղերի վրա: Սակայն հիվանդ կնոջ հիմնական մտահոգությունը 4 անչափահաս թոռներն են, հաշմանդամ որդին եւ հիվանդ հարսը: Երեխաների հայրը՝ Օֆիկի որդին, հիվանդանոցում է, անաշխատունակ: Հարսը տանն է պառկած, երկար ժամանակ է՝ բուժվում է մի շարք հիվանդությունների դեմ, սակայն նկատելի արդյունք չկա:
Տատիկը մեզ ցույց տվեց դատարկ սառնարանը՝ ասելով, որ օրվա մեջ գոնե մեկ անգամ երեխաներին նորմալ կերպով սնել չի կարողանում: 4 տարեկան թոռնուհին եւ 3 տարեկան թոռը մանկապարտեզ են հաճախում, ինչն ընտանիքի հոգսը որոշակի թեթեւացնում է: Առավել դժվար է 9 եւ 11 տարեկան դպրոցահասակ աղջիկների հարցը, որոնց ծախսն ընտանիքի համար դժվար է: Ի դեպ, ուսուցիչների գնահատմամբ աղջիկները շատ համեստ են ու խելոք: Մեզ հետ զրույցում փոքրիկները, ինչպես բոլոր երեխաները, համեղ բաներ խնդրեցին՝ կոնֆետներ, քաղցրավենիք…, իսկ ավելի մեծերը՝ տաք հագուստներ եւ հիգիենայի պարագաներ:
Այս ընտանիքի միակ մխիթարությունը թերեւս այն է, որ բնակարանը գոնե իրենցն է, հակառակ դեպքում, ինչպես տանտիրուհին ասաց, ամեն ինչ վաղուց կորած էր:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ԳԱԶԸ ՄԻԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԱՎՃԱՐԻՑ ՀԵՏՈ

«Ժողովուրդ»-ին ահազանգած մի քանի ջերմոցատերեր տեղեկացրին, որ այս օրերին «Գազպրոմ-Արմենիա» ընկերության աշխատակիցները ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներից նախապես պահանջում են կանխավճար՝ ջերմատների գազամատակարարումը միացնելու համար: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի ջերմատնային ասոցացիայի նախագահ Պողոս Գեւորգյանի հետ:

-Պարո՛ն Գեւորգյան, «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք ջերմոցատերերից ահազանգ է ստացել այն մասին, որ այս օրերին «Գազպրոմ-Արմենիա» ընկերության աշխատակիցներն իրենցից կանխավճար են պահանջում՝ գազը միացնելու համար, իրո՞ք այդպես է:
-Այո՛, բոլորը զբաղված են գումար փնտրելով, որպեսզի տանեն ու գազի մատակարարման համար կանխավճար մուծեն: Նախապես պետք է կանխավճարը տան, որ գազը միացնեն: Թե չէ՝ չեն միացնի:
-Այսինքն՝ բոլոր ջերմատների գազամատակարարումն անջատվա՞ծ է:
-Բոլորը չէ, բայց նրանց գերակշիռ մասը չեն կարողանում վճարումներն անել, դրա համար էլ միացված չէ գազամատակարարումը: Խեղճերը բույսը ցանել են, այն արդեն կլինի մոտ 10 սմ, հիմա ջեռուցումն անհրաժեշտ է, բայց չեն կարողանում դա ապահովել: Գումար չկա:
-Պարո՛ն Գեւորգյան, «Գազպրոմ-Արմենիա»-ի այս պահանջն անօրինակա՞ն է, թե՞ ոչ:
-Նրանք գազը միացնելու համար են միայն կանխավճար պահանջում: Իհարկե, իրենց պահանջն անօրինական է, որովհետեւ օրենքի նման կետ չկա: Ջերմոցատերերն էլ վախեցած են ու ստիպված ընկած այստեղից-այնտեղից գումար են փնտրում, որ վճարեն, այլապես գազը չեն միացնի, իսկ բույսն էլ կփչանա:
-Որքա՞ն գումար են պահանջում որպես կանխավճար:
-Ջերմոցի մեծությունից է կախված, բայց մեկ միլիոնից մինչեւ չորս միլիոն դրամի սահմաններում:
-Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի կանխեք դա:
-Ես բազմաթիվ անգամ խոսել եմ ջերմոցատերերի հետ, բայց ապարդյուն: Վախեցած են: Չեն էլ ցանկանում այս մասին բարձրաձայնել, որովհետեւ հավատ չունեն, որ իրենց պահանջը կլսվի:
-Պարո՛ն Գեւորգյան, վերջերս հայտարարեցիք, թե ջերմատունը ջեռուցելու այլընտրանքային աղբյուր եք հայտնաբերել: Հաջողվե՞ց այն կիրառել:
-Դա չստացվեց, քանի որ այն կապված է էլեկտրաէներգիայի հետ: Սա որ թանկացավ, դրա համար էլ չստացվեց կիրառել: Էլեկտրաէներգիայով համապատասխան սարքավորումներ չկան, որպեսզի ջերմատունն արագ եւ լավ տաքացվի, իսկ գազով դա հնարավոր է:
-Չէ՞ որ գազի որակից էլ էին դժգոհում տնտեսվարողները:
-Նախկինում, այո՛, դժգոհել ենք, բայց հիմա դեռ նոր է սկսվել, չգիտենք, թե ինչ կլինի:
-«Գազպրոմ-Արմենիա»-ի այս պահանջի համար չե՞ք դիմել գյուղատնտեսության նախարարին:
-Նախորդ տարի գյուղնախարարը փորձեց օգնել գազի բարձր սակագնի համար, սակայն ընկերությունը մերժեց նրա խնդրանքը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 




Լրահոս