ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌՈՒՍՆԵՐԸ ՇՔԵՐԹ ԿԱՆԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայնել է, որ եկող տարի մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երեւանում շքերթ անցկացնեն ռուսական զորքերը: Համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջեւ: Լուրը տարածել են ռուսական ԶԼՄ-ները` հղում կատարելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը, որի համաձայն Երեւանում շքերթին մասնակցելու են ՌԴ 102-րդ ռազմակայանի անձնակազմը եւ ռազմական տեխնիկան: Այն փաստը, որ ինքնիշխան պետության մայրաքաղաքում կազմակերպվելիք շքերթն այլ, թեկուզ դաշնակից պետության զորքեր են անցկացնելու, արդեն իսկ վիրավորական է պետության ինքնիշխանության համար: Իրավիճակի ողբերգությունն ամբողջացնում է այն փաստը, որ այս մասին ՀՀ քաղաքացիներն իմանում են ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից: Այլ կերպ ասած` ով որոշել է, նա էլ հաղորդագրություն է տարածել: Իսկ ՀՀ ՊՆ-ն այս դեպքում ենթարկվողի դերում է:

 

 

 
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի գույքի վրա դատարանը կալանք է դրել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հունիսի 11-ին «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Շիրակ Թորոսյանից, անհատ ձեռներեց Արտակ Թորոսյանից եւ Արմեն Խաչիկյանից գումար բռնագանձելու պահանջով: Խոսքը մոտ 430 հազար դրամի մասին է: Հայցվորը միջնորդել է պատասխանողների գույքի վրա արգելանք դնել, գործով նախագահող դատավոր Էդուարդ Ամալյանը որոշել է բավարարել այն: Գործով առաջին նախնական դատական նիստը կայացել է հոկտեմբերի 10-ին, բայց Շիրակ Թորոսյանն այդ մասին տեղյակ չի եղել: «Հորեղբորս տղան վարկ էր վերցրել, ես էլ երաշխավոր եմ եղել: Ինքը որոշակի խնդիրներ ունեցավ, նույնիսկ ես վարկի որոշ մասը վճարեցի, բայց, ահա, Ձեզանից իմացա, որ բանը հասել է դատարանին»,- «Ժողովուրդի» հետ զրույցում պատմեց պատգամավորը:

 

 

 

«Ժողովուրդ»-ը ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից փորձել էր գրավոր հարցմամբ պարզել ՆԱՏՕ-ի, ԵԽԽՎ-ի եւ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական պատվիրակությունների կազմերը, այդ թվում ԱԺ աշխատակազմից ընդգրկված անձանց անունները: Սակայն Բաբայանը հարցված տվյալները տրամադրելու փոխարեն փորձել է ցույց տալ իր իրավական գիտելիքները: Պարզվում է՝ սույն պարոնին չի գոհացրել այն փաստը, որ հարցումը ներկայացվել է էլեկտրոնային եւ ոչ թե թղթային տարբերակով` ստորագրված: Այդ դեպքում ստիպված ենք թերթի միջոցով հրապարակային Արսեն Բաբայանից պարզաբանում պահանջել հետեւյալի մասին՝ ճիշտ է, որ վերջին մի քանի ամիսներին տարբեր պատվիրակությունների հետ արտերկիր է մեկնում միեւնույն անձը` բարետես եւ երկարոտն աղջիկ: Եթե այո՛, ապա կխնդրենք նաեւ հրապարակել, թե ԱԺ աշխատակազմի պաշտոնյաներից հատկապես ո՞ւմ համար է տվյալ անձը դարձել «անփոխարինելի»:

 

 

 

Երեւան-Գյումրի մայրուղում նոյեմբերի 10-ին վթարի ենթարկված «Գազել»-ը, որի ուղեւորներից յոթը զոհվեց, իսկ յոթը մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, պատկանում է «Տրանսակնթարթ» ՍՊԸ-ին: Այս ընկերության համասեփականատերերից է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավորը հաստատել է նշված ընկերության սեփականատեր հանդիսանալու հանգամանքը: Պատգամավորը նաեւ ասել է, որ «Գազելը» 2005 թվականի արտադրության է եղել, սակայն գտնվել է լիարժեք սարքին վիճակում: Մարտուն Գրիգորյանի պատմածների համաձայն՝ վթարի պատճառը դարձել է «Կամազ»-ը, որը հանկարծակի դուրս է եկել մայրուղի եւ փակել ճանապարհը: Իսկ հրդեհը բռնկվել է, որովհետեւ մարդատար «Գազելը» բախվել է բեռնատարի վառելիքի բաքին, ինչի արդյունքում դիզվառելիքի մի մասը թափվել է միկրոավտոբուսի վրա, իսկ մյուս մասն էլ՝ գետնին` պատճառ դառնալով հրդեհի բռնկման համար:

 

 

 
ՄԱՆՐՈՒՔԱՊԱՍՏ

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանի սահմանային մաքսակետերում իրենց ծառայությունը կսկսեն ԵՏՄ ներկայացուցիչները հայկական կողմի հետ համատեղ: Այս հայտարարության մեջ, ըստ էության, անսպասելի որեւէ բան չկա, թերեւս բացի նրանից, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրն առայժմ չի ստացել ՀՀ սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը եւ չի վավերացվել ՀՀ Ազգային ժողովի կողմից: Բայց սրանք, ինչպես ասում են, մանրուքներ են, առավել եւս` մեր ներկայիս ՍԴ-ի եւ ԱԺ-ի դեպքում, ուստի որեւէ մեկը, գոնե ֆորմալ կողմը ապահովելու համար, դրանց ուշադրություն չի դարձնում: Եթե իհարկե, անհրաժեշտ չէ այդ ֆորմալ կողմն օգտագործել ի շահ սեփական ծրագրերի, ինչպես, օրինակ, նույն Գ. Խաչատրյանի ղեկավարած ֆինանսների նախարարությունն արեց` 2015թ. պետական բյուջեի նախագծում չընդգրկելով ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում հնարավոր ծախսերը:
Վերադառնալով ՀՀ մաքսակետերում ԵՏՄ ներկայացուցիչների հայտնվելու հեռանկարին` նկատենք, որ մինչ օրս ո՛չ հանրության, ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ էլ անգամ իշխող ՀՀԿ-ականների համար հստակ չէ, թե արդյոք այդ նույն ԵՏՄ մաքսավորներն իրենց ծառայությունն իրականացնելու են նաեւ Հայաստանի եւ դե յուրե առանձին պետություն համարվող Ղարաբաղի սահմանային անցակետում: Այս հարցի շուրջ երեկ եւս Գ. Խաչատրյանը տվել է լղոզված եւ ոչինչ չասող պատասխան. «Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանային անցակետ տեղադրելու հարցը փոփոխությունների այս փաթեթում ներառված չէ …. Ասում եմ` չի քննարկվում, երբ որ քննարկվի, լինի-չլինի, դուք կիմանաք»:
Իհարկե, ֆիննախարարից այս դեպքում դժվար է պահանջել ավելին, քան նրա վերադասից` Սերժ Սարգսյանից, կամ ծայրահեղ դեպքում` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից, ովքեր այդպես էլ մինչ օրս հարկ չհամարեցին հանրությանը հստակ իրազեկել՝ ի վերջո, լինելու է ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ, թե ոչ: Հասկանալի է, որ մաքսակետի տեղակայումը բացառող վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հավաստիացումներն այս դեպքում, եւ ցավոք հաճախ, զրոյական արժեք ունեն, առավել եւս, որ հոկտեմբերի 10-ից հետո նրանք այլեւս նման հայտարարություններ չեն անում: Ուստի այսօրվա դրությամբ բաց է մնում Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հիմնական շարժառիթի` Ղարաբաղի ապագայի վերաբերյալ կարեւորագույն հարցը, այնինչ ԵՏՄ մաքսավորներն արդեն թակում են Հայաստանի սահմանակետերի դռները:
Բայց սա, իհարկե, եւս մանրուք է, ընդ որում ոչ միայն իշխանությունների, այլեւ իրեն հրապարակավ ռուսապատկան հայտարարած ոչ իշխանականների համար: Ու դա, թերեւս, օրինաչափ է, քանզի «սատանան մանրուքներում է» ճշմարտությունը դժվար թե վախեցնի ընդդիմության առաջնորդին, ով հայտարարում էր, թե պատրաստ է անգամ սատանայի հետ համագործակցել` Սերժ Սարգսյանից ազատվելու համար:

 




Լրահոս