ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ
Նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքը ՀՀ Կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ ընդդիմության առաջադրած 12 կետերին: Ու դա արվեց այն ժամանակ, երբ անգամ ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն էին մոռացել այդ կետերի մասին ու որեւէ կերպ չէին անդրադառնում դրանց հավանական իրագործմանը:
«Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ Կառավարությունն էլ ասում է` մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել, եւ սա է, օրինակ, այս կետերի մասով սա ենք արել, այս կետերը, տեսնում ենք, որ դեռեւս հնարավոր չէ իրականացնել: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, եւ այդպիսի առաջարկություն ես Կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը եւ նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»,-նշեց Ս. Սարգսյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ-ականների հետ՝ պարզելու համար, թե ի վերջո ինչո՞ւ են որոշել կրկին անդրադառնալ մի հարցի, որի մասին անգամ եռյակն այլեւս չի խոսում:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
-Պարո՛ն Աշոտյան, Սերժ Սարգսյանը ՀՀ Կառավարությանը հանձնարարել է կրկին ուսումնասիրել խորհրդարանական ոչ իշխանական ուժերի պահանջներն ու կետ առ կետ քննարկել այդ փաստաթուղթը: Ի՞նչ եք անելու այժմ ու ի՞նչը չէիք արել նախկինում, որ հիմա պետք է իրականացնեք:
-Գիտեք, որ եռյակի կողմից առաջարկված օրակարգով Կառավարությունն իր առաջնային արձագանքը ներկայացրել է կատարված աշխատանքների, կատարվելիք աշխատանքների մասին, իսկ նախագահի առաջարկից հետո, բնականաբար, նորից Կառավարությունը կանդրադառնա ընդդիմության այլընտրանքի առաջարկություններին, ինչպես որ թելադրում է նորմալ քաղաքական մշակույթը: Աշխատել այն հարցերի ուղղությամբ, որոնք այսօրվա դրությամբ լուծելի էին, ստեղծել այն հարցերի համակարգը, որոնք լուծելի են մոտ ապագայում, ու նաեւ նշել այն հարցերը, որոնք կարող են այս պահին անլուծելի լինել: Նաեւ պետք է նշեմ, որ երկրի խնդիրների օրակարգը, զարգացման հեռանկարը չեն կարող սահմանափակվել բացառապես տվյալ 12 առաջարկություններով:
-Բայց ինչո՞ւ է իշխանությունը նոր վերհիշել այդ 12 կետերի պահանջի մասին, երբ դրանց մասին մոռացել են անգամ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը: Ինչո՞ւ նախկինում Կառավարությունը «խորը» չէր ուսումնասիրում այդ պահանջները, որպեսզի նորից անդրադառնալու խնդիր չառաջանար:
-Այդ կետերը, որպես երեւույթ, արտահայտում են ոչ իշխանական ուժերի մտահոգությունը: Եթե իրականում ծավալվեր ոչ թե քաղաքական պայքար, այլ քաղաքական աշխատանք, ու քաղաքական ուժերը միմյանց հետ մրցեին քաղաքական գաղափարների, ծրագրերի իրագործման համար, ապա այդ դեպքում նման խնդրի առաջ չէինք կանգնելու:
-Տեսակետ կա, որ այդ քայլով Ս. Սարգսյանը փորձում է եռյակին հետ բերել կառուցողական դաշտ եւ «դեմքը փրկելու» հնարավորություն ընձեռել: Մի՞թե իշխանությունն այս կերպ ցանկանում է «իրենով» անել ընդդիմադիր ուժերին:
-Ես զարմանում եմ Ձեր հարցից, քանի որ իշխանության առջեւ դրված միակ խնդիրը իր լիազորությունների շրջանակներում երկրի կառավարման համակարգը օգտագործելն է՝ հօգուտ յուրաքանչյուր քաղաքացու առջեւ ծառացած խնդիրների լուծման:
-Պարո՛ն նախարար, նշեցիք, որ ճիշտ եք համարում, որ քաղաքական ուժերը միմյանց հետ գաղափարների շուրջ պայքար ծավալեն: Բայց կարծես թե Դուք էլ այդ կերպ չեք պայքարում ոչ իշխանական ուժերի դեմ ու անգամ վերջին ժամանակահատվածում փորձում եք նմանվել եռյակին: Դա են վկայում Ձեր ֆեյսբուքյան գրառումները: Ինչո՞ւ եք անգամ Ձեր հրապարակած լուսանկարների միջոցով նմանվում եռյակին:
-Ես իշխանության մի փոքր, շատ փոքր մասն եմ, որն ունի հումորի զգացում, այդ թվում նաեւ՝ այդ հարցում, եւ որը կարողանում է առողջ հումորի արդյունքում իր վերաբերմունքը ցուցաբերել:
Հ.Գ. ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչո՞ւ են որոշել վերհիշել ընդդիմադիր ուժերի ներկայացրած 12 կետանոց պահանջները, ասաց. «Հիշել կամ չհիշելու մասին խնդիր չկա, պարզապես մեր ընդդիմության գործընկերները Կառավարության ներկայացրած պատասխանի հիման վրա մեզ մեղադրում են, թե իբրեւ մենք իրենց առաջարկները մերժում ենք, ինչի համար էլ իշխանության ղեկավարը Կառավարությանը հանձնարարել է ավելի մանրամասն քննարկել 12 կետերը: Ու եթե կան շփման եզրեր, եթե կա մի կետ, որտեղ կարելի է հասնել ճանապարհային քարտեզի, դա կնշանակի, որ իշխանությունը ականջալուր է, ու ցանկացած առողջ առաջարկ մենք պատրաստ ենք քննարկել»:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԲՀԿ-Ն ԲՅՈՒՋԵԻՆ «ՈՉ ԿՈՂՄ» Է ՔՎԵԱՐԿԵԼՈՒ` ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱԲԱՐ
Երեկ ԱԺ-ում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց 2015 թվականի պետական բյուջեի ընդհանուր նկարագիրը: Ըստ նախարարի` ներկայացված նախագծի հիմքում դրվել են խորհրդարանի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի, ինչպես նաեւ՝ կառավարության կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության 2014-2015 թթ հեռանկարային զարգացման ռազմավարական եւ 2015-2017 թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները:
2015 թվականի կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը՝ ապահովելով կայուն տնտեսական աճ: ՀՆԱ-ի իրական աճը ծրագրավորված է 4.1 տոկոս: 2015 թ. դոլարային արտահայտությամբ ապրանքների ներմուծման աճը ծրագրավորվել է 3.7 տոկոս, իսկ արտահանմանը՝ 5.2 տոկոս: Արդյունքում՝ 2015 թ. ապրանքների ներմուծումը եւ արտահանումը կկազմեն համապատասխանաբար 3 մլրդ 974 մլն ԱՄՆ դոլար եւ 1 մլրդ 768 մլն ԱՄՆ դոլար: Ապրանքների եւ ծառայությունների ներմուծում-ՀՆԱ եւ ապրանքների ծառայությունների արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 45.3 տոկոս եւ 25.8 տոկոս: Նախագծով նախատեսվել է դեֆիցիտի գումարը սահմանել 114.1 մլրդ դրամի չափով: Եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ պետական տուրքերը` 95.5 տոկոս:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ ՀՀ 2015 պետական բյուջեում ներկայացված եկամուտներն ու ծախսերը չեն բավարարում ՀՅԴ խմբակցությանը: «Այս բյուջեով արձանագրված զարգացման տեմպերը չեն բավարարում մեզ. հնարավորությունների եւ ռեսուրսների առումով դրանք բավականին սահմանափակ են»,-ընդգծեց Ռուստամյանը: Նա անդրադարձավ նաեւ 2015 թվականի բյուջեի իրատեսական լինելու մասին իշխանությունների պնդումներին. «Միգուցե եւ իրատեսական է, բայց այն, ինչ կա, չի բավարարում: Բյուջեի եկամտային մասն է կարեւոր լինելու, այն չի բավարարում բացարձակապես, անընդունելի բյուջե է»:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ամեն դեպքում կողմ չեն քվեարկելու այս բյուջեին: «Դժգոհություններ ամեն դեպքում ունենք, քվեարկելու ենք ոչ կողմ»,- նշեց պատգամավորը: Մեր ճշտող հարցին, թե «ոչ կողմ»-ը նշանակում է դե՞մ, պատգամավորը պատասխանեց հետեւյալ կերպ. «Քվեարկելու ենք ոչ կողմ, իսկ թե ինչո՞ւ ենք այդպես քվեարկելու, այս պահի դրությամբ չեմ կարող ասել, ելույթ եմ ունենալու, այդ ժամանակ հիմնավոր տեսակետ կհայտնեմ»:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԿՈՍՏՅՈՒՄԴ ԿՏԱ՞Ս
Երեկ խորհրդարանում մեկնարկեց 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: Եվ հենց առաջին օրն իսկ միջադեպ գրանցվեց: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսքն ուղղելով բյուջեի նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, հետաքրքրվեց. «Դուք այստեղից հայտարարում եք, որ բազային կրթաթոշակը 14 հազարից կդառնա 18 հազար, իսկ միջին կենսաթոշակը 36 հազար դրամից կդառնա 41 հազար: Ինչպե՞ս ընկալի Ձեր ասածը թոշակառուն, երբ սպառողական զամբյուղն արդեն 56 հազար դրամ է… Հիմա Դուք խորհրդարանում կանգնած եք, եւ Ձեր հագի կոստյումն արժե մանկավարժի չորս տարվա աշխատավարձը: Ինչպիսի՞ զգացողություններ եք ապրում»,-հարցրեց պատգամավորը: Գ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես էլ համոզված եմ, որ Ձերն էլ ավելի թանկ կլինի, քան սահմանային համայնքում ապրող որեւէ մեկինը: Կոստյումները մոռանանք: Ինչ վերաբերում է իմ հայտարարագրին, ես որեւիցէ խնդիր չունեմ»: Փաշինյանն առաջարկեց կոստյումները հանել, տալ լրագրողներին, որպեսզի համապատասխան մասնագետները գնահատեն դրանց արժեքը: Սակայն Գ. Խաչատրյանը չցանկացավ բաժանվել կոստյումից, որը մանկավարժի չորս տարվա աշխատավարձի արժեքին է:
ՄԵԼԻՔՅԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ
Երեկ խորհրդարանը 70 կողմ, 8 դեմ եւ 28 ձեռնպահ ձայների քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Կառավարության կողմից ներկայացրած «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով նախատեսվում է միավորել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ստեղծել նոր՝ միջազգային ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարարություն: Մինչ քվերակության մեկնարկը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը խմբակցության սենյակի մոտ սպասում էր ՀՀԿ-ականների «ժամանելուն»: Մելիքյանը բոլորին հատ-հատ զգուշացնում էր, որ նիստի մեկնարկից մոտ 40 րոպե հետո քվերակություն է տեղի ունենալու: Նա բոլորին խնդրում էր արագ չհեռանալ եւ անպայման մասնակցել քվերակությանը: Սակայն այդքանից հետո էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Համլետ Հարությունյանը եւ Արտակ Դավթյանը քվեարկությանը չմասնակցեցին:
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ «ՎԻՎԱՍԵԼ»-ՈՒՄ
«Ղ-տելեկոմ» ընկերությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկություններն այն մասին, որ երկու օրից միջազգային զանգերի սակագները կտրուկ բարձրանալու են: Եթե Վրաստանում, ռոումինգում գտնվելիս, մեկ րոպեի արժեքը 80 դրամ էր, ապա նոյեմբերի 14-ից այն դառնա 130 դրամ: «Զանգ Հայաստան» ծառայության արժեքը 65 դրամից դառնալու է 120 դրամ: Իսկ «Հեռազանգ» եւ «Միջազգային միացում» Վրաստան կատարած ծառայությունների գինը 60-ից կդառնա 110 դրամ: Ընկերությունում նշեցին, որ դեպի Ռուսաստան զանգերի եւ ՌԴ-ում ռոումինգում գտնվելու ծառայությունների գները դեռեւս պահպանվելու են: