ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐԴԻԿ ԱՆԿԵՂԾ ԵՆ, ՀՈ ԶՈՌՈՎ ՉԻ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին, գյուղերի կյանքում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հարցին ի պատասխան, ասել էր, որ ով չի տեսնում, ակնոց պետք է դնի, որ լավ տեսնի: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը շարունակում է իր նախորդի եւ իր նախագահի` Սերժ Սարգսյանի գործելաոճը` Հայաստանում տիրող իրավիճակի սեփական` իրական կյանքի հետ կապ չունեցող պատկերացումները հանրությանը պարտադրելով:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ժամանակին` 2008-ի աշնանը, բոլորին հորդորում էր տնտեսական ճգնաժամի մասին չխոսել, որպեսզի այն չգա Հայաստան: Տնտեսական ճգնաժամը ոչ միայն եկավ, այլեւ քարուքանդ արեց Հայաստանի տնտեսությունը: Բայց ո՞վ էր դրա համար պատասխանատու: Իհարկե, այն մարդիկ, ովքեր օրուգիշեր գուժում էին միջազգային տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցության մասին: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեղավոր չէ, նա իրենից հասանելիք բոլոր «շամանություններն» արեց՝ չարակամների գույժերը չեզոքացնելու համար, բայց, դե, հիմա չստացվեց:
ՀՀ ղեկավարության կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակը իրականության հետ կապ չունեցող վարդագույն լույսի ներքո ներկայացնելու գործելաոճը, առաջին հայացքից, կարող է թվալ, թե գիտակցված ստախոսություն է: Իրականում դա ավելի խորքային խնդիր է եւ մատնում է այդ մարդկանց ընկալումները: Ասենք, երբ Հովիկ Աբրահամյանն ասում է, որ գյուղում փոփոխությունները հնարավոր չէ չնկատել, նա չի ստում, պարզապես նայած թե ով ինչ է տեսնում: Հովիկ Աբրահամյանը, օրինակ, տեսնում է, որ կյանքը զարգանում է, առաջ է գնում, եւ ամեն ինչ փայլուն է: Մի քսանհինգ տարի առաջ ինքը գրեթե ոչինչ չուներ, ավտոմեքենաներ դզել-փչելով էր գումար վաստակում: Իսկ այսօր Արարատի մարզի մոտ 80 տոկոսն իր ընտանիքին կամ նույնն է թե՝ իրեն է պատկանում, այդ թվում նաեւ՝ այն ավտոսպասարկման արտադրամասը, որում նա ժամանակին աշխատել է: Արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն իրավունք չունի ասելու, որ Հայաստանում կյանքը ծաղկում է:
Ավելին, երբ Հովիկ Աբրահամյանը գնում է մարզեր, բոլոր հանդիպումների ժամանակ մարդիկ նրան քծնում են, գովում են, թե էս ինչ լավ մարդ է Արգամիչը: Դրանք այն նույն գյուղացիներն են, որոնց հարազատները թողել, հեռացել են Հայաստանից` դրսում ավելի լավ կյանք գտնելու հույսով: Եթե կյանքն այդքան վատ է, ինչու քայքայված գյուղերում մնացած մարդիկ, որոնք այդ նույն տնավեր եղած մարդկանց ծնողներն ու մնացած ազգականներն են, իրենց դժբախտության համար պատասխանատու պաշտոնյաներին տեսնելիս պոմիդորներով կամ ձվերով չեն հարվածում: Ինչո՞ւ մարդիկ իրենց բողոքը չեն արտահայտում, որ պաշտոնյաներն էլ իմանան, թե իրականում գյուղում ինչ իրավիճակ է:
2013-ի նախագահական ընտրություններից մի քանի օր անց` մարտի 18-ին, Սերժ Սարգսյանը Հայաստանում տիրող իրավիճակի մասին ասել էր. «Մեր երկիրը փոփոխվում է, ով աչք ունի՝ կտեսնի: Ով աչք ունի եւ ցանկություն ունի՝ շատ կտեսնի: Իսկ ով չունի՝ առավոտից երեկո կարող է ասել, որ ոչինչ չի փոխվել… Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չէ, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա…»: Չգիտես ինչու՝ վերը բերված խոսքերից ամենամեծ ուշադրության արժանացավ «գաղջ մթնոլորտ» որակումը, որը վաղուց Հայաստանում թեւավոր խոսքի է վերածվել:
Իրականում առավել կարեւորը Սերժ Սարգսյանի վերը բերված մտքի առաջին մասն է.«Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն»: Սա Հայաստանի կառավարման համակարգի բնույթն է, եւ ամենակարեւորը՝ այդ համակարգին հասցեագրված ուղերձը` նրանց ոչինչ չի սպառնում: Իսկապես, ինչու պետք է Սերժ Սարգսյանին կաշառակերները եւ հանցագործները անհանգստացնեն: Մի պահ փորձենք իրերին նրա տեսանկյունից նայել. կաշառակերները եւ հանցագործները Հայաստանի կառավարման համակարգի ողնաշարն են, կաշառակերությունը եւ հանցավորությունը նրանց նյութափոխանակությունն են: Հենց այդ համակարգին է Սերժ Սարգսյանը պարտական իր այսօրվա պաշտոնավարման համար: Պատկերացնում եք՝ ինչ կլիներ, եթե Հայաստանի կառավարման համակարգը ուղնուծուծով կաշառակերության եւ հանցավորության մեջ թաղված չլիներ: Մեկ բան հաստատ է՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին չէր ապրի, եւ բացառվում է, որ նրա անվան դիմաց երբեւէ գրվեր «ՀՀ նախագահ»: Ուստի մարդը անկեծ է, երբ ասում է, որ իր համար ամենամեծ խնդիրը գաղջ մթնոլորտն է, որը պետք է վերանա: Մարդն ուզում է վայելել իր ձեռքբերումը, իսկ ինչ-որ չկամներ անընդհատ կաշառակերներից, հանցագործներից են խոսում, ուզում են իմանալ, թե պետական պաշտոնյաներին որտեղից այդքան ունեցվածք:
Հայաստանում վաղուց ժամանակն է հասկանալու, որ իշխող էլիտայի համար «զարգացում», «առաջընթաց» եւ նմանատիպ հասկացություններն ուղղակի ասոցացվում են իրենց հարստանալու, հերթական թալանված գյուղի հողերն իրենց անունով գրելու հետ: Իշխող էլիտայի համար կարեւորն իր համակարգը պահպանելն է, իսկ բոլոր այն մարդիկ, ՀՀ այն քաղաքացիները, որոնք սպառնում են նրանց համակարգին, կարող են կորչել գրողի ծոցը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԴԵՊԻ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե երբ է ՀՀ Կառավարությունը պատրաստվում ներքին գործերի նախարարություն ստեղծել, ինչի մասին օրերս հայտարարել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-Պարո՛ն Մանուկյան, եթե Կառավարությունը ցանկանում է ՆԳ նախարարություն ստեղծել, ինչո՞ւ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծով այժմ դա չի ներկայացվում խորհրդարանին:
-Վարչապետը դա հեռանկարի համար էր ասում, որ հնարավոր է նաեւ այդպիսի տարբերակով, հիմա Կառավարությունը գտել է նպատակահարմար զուտ այս ծավալով միավորումը:
-Նշվում է, որ այժմ քննարկվում է նաեւ ոստիկանությունը երկու հատվածի բաժանելու տարբերակը՝ մի հատվածը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմում, մյուսը՝ ԱԱԾ-ի մեջ: Կառավարությունը նման տարբերակ քննարկո՞ւմ է:
-Ես նման քննարկումներից տեղյակ չեմ, պաշտոնապես նման բան չկա շրջանառության մեջ:
-Արտակարգ իրավիճակների նախարարության եւ տարածքային կառավարման նախարարության միավորումը ՕԵԿ-ականները բնութագրեցին՝ ոչ ռեալ քայլ՝ նշելով, որ նման տրամաբանությամբ կարելի է միավորել նաեւ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները: Ինչպե՞ս եք մեկնաբանում նման գնահատականը:
-Բոլոր նախարարությունները չենք կարող միացնել իրար, աշխարհի փորձը վկայում է, որ ոլորտները կարելի է միավորել եւ երկու նախարարությունները միասին աշխատեցնել: Մասնավորապես բոլոր այն երկրներում, որտեղ գործում են ներքին գործերի նախարարություններ, սովորաբար նման կառույցները կենտրոնանում են մեկ կառույցի մեջ: Համադրումը զուտ արվում է նրա համար, որպեսզի այդ կառույցների արդյունավետությունը բարձրացվի: Օպտիմալացման խնդիր միշտ կա, բայց թե հետագայում ինչ միավորումներ կլինեն, այս պահի դրությամբ դժվար է ասել: Ըստ անհրաժեշտության կլինի:
-Բայց այդ օպտիմալացման շրջանակներում շատ մարդիկ առանց աշխատանք են մնալու, ինչպե՞ս եք լուծելու այդ հարցը:
-Նման բան չկա, ու այս պահի դրությամբ հաստիքների կրճատում չի նախատեսվում, մարդիկ կարող են հանգիստ լինել: Հաստիքների վերաբաշխում տեղի կունենա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄՈՍԿՎԱՆ ԿՊԱՏԺՎԻ
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին Ռուսաստանին քննադատել է Դոնբասի տարածքը ռազմականացնելու համար եւ կոչ է արել դադարեցնել նոր զինտեխնիկայի փոխադրումն Ուկրաինայի արեւելք։ Նա հիշեցրել է, որ Մոսկվան բացահայտ խախտում է Մինսկում սեպտեմբերի 5-ին կնքված արձանագրության պահանջները, ինչի համար կպատժվի. «Սպիտակ տունը նոյեմբերի 3-ին հստակ հայտնել է, որ Մինսկի արձանագրությունը շարունակաբար անտեսելու եւ վտանգավոր քայլեր կատարելու դեպքում Մոսկվայի վճարելիք գինը կբարձրանա: Հերիք է Ուկրաինայում պատերազմը բորբոքեք»,- ասել է Փսաքին:

 

ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱԼԻԵՎԻՆ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին` կոչ անելով Ալիեւի վարչակազմին դադարեցնել հետապնդումներն ազատ մամուլի եւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ. «Գործնականում բոլոր անկախ լրատվամիջոցները եւ լրագրողական կազմակերպությունները հետեւողականորեն հալածվում են, հետապնդվում են տարբեր, շատ հաճախ անհիմն եւ մտահոգիչ մեղադրանքներով»,-նշել է Միյատովիչը:

 

ՄԵՐ ՇԵՅԽԸ
168.am-ի փոխանցմամբ` Շարժայի կառավարիչը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ազդեցիկ գործիչներից մեկը՝ շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին հայտարարել է, թե Ռաս ալ-Խայմա էմիրության տարածքում գտնվող պատմական Ջուլֆար ամրոց-քաղաքը հիմնել են հայերը, որ Ջուլֆար անունն ունի հայկական ծագում եւ առնչվում է հայկական պատմական Ջուլֆայի (Ջուղայի) հետ: Դոկտոր շեյխ Ալ Քասիմին պատմական հետազոտությունների հեղինակ է եւ հայտնի է իր բազմաթիվ բարեգործություններով: Նա նաեւ Հայաստանում Հաղարծին վանքային համալիրի հիմնանորոգման ֆինանսավորողն է:

 

ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐՈՎ, ԲԱՅՑ ՀՐԱՇԱԼԻ
Գորիսի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ընդդիմախոս Մարտին Զիլֆուղարյանը մարզպետի ատենախոսության միակ թերությունը համարում է տառասխալները: «Հրաշալի աշխատանք է ներկայացված՝ 600 էջ: Դրական եմ գնահատել աշխատանքը, կային միայն տառասխալներ»,- Aravot.am-ին ասել է Զիլֆուղարյանը: Իսկ հարցին՝ դատարաններում Սուրիկ Խաչատրյանի շահերն եք պաշտպանում, այդ հանգամանքը չխանգարե՞ց ատենախոսությունը օբյեկտիվ գնահատել, Զիլֆուղարյանը պատասխանել է, թե շահերի բախում կամ հակասություններ չեն եղել, քանի որ այնպիսի աշխատանք էր, որ ով էլ նայեր, դրական կգնահատեր:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Հանդիպմանը քննարկվել են ս.թ. նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի օրակարգային հարցերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքները եւ պետություն-եկեղեցի համագործակցության առավել սերտացման ուղիները:

 




Լրահոս