«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԿԱՐՏԱՀԱՆՁՆԵՆ
«ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրենի՝ հետախուզման մեջ գտնվող Իգոր Կլիմկոյի կողմից ֆինանսական չարաշահումներ թույլ տալու գործը նոր փուլ է թեւակոխում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բելոռուսի Հանրապետությունում կալանավորված Վլադիմիր Սաչկովը՝ «ԱրմենՏել»-ի նախկին ֆինանսական տնօրենը, կարտահանձնվի Հայաստանի իրավապահներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները Բելոռուսի Հանրապետության իրավապահներին մոտ մեկ ամիս առաջ ուղարկել են Վլադիմիր Սաչկովին ՀՀ իրավապահներին արտահանձնելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչին բելոռուսական կողմը դրական է պատասխանել: Մեր տեղեկություններով՝ հայ իրավապահների խումբն օրերս կմեկնի Բելոռուս` Վլադիմիր Սաչկովին Հայաստան տեղափոխելու համար:
«ԱրմենՏել»-ի նախկին ֆինանսական տնօրեն, պատասխանատու Վլադիմիր Սաչկովը Հայաստանում ունի պաշտպան` Հայկ Շահումյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ Վլադիմիր Սաչկովին առաջիկայում կարտահանձնեն Հայաստանի իրավապահներին, սակայն տեղյակ չէր, թե դա կոնկրետ երբ տեղի կունենա: Հայկ Շահումյանը «Ժողովուրդ»-ի այլ հարցերին պատասխանելուց հրաժարվեց:
«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենի հետ կապված այս պատմությունը հրապարակայնացվեց այս տարվա հունիսին: Իհարկե, պարզվեց, որ քրեական գործը, որի շրջանակներում Իգոր Կլիմկոն մեղադրվում է 10-15 միլիարդ դրամ յուրացնելու մեջ, դեռեւս այս տարվա փետրվարին է հարուցվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Ի դեպ, չնայած պաշտոնապես չի նշվում, թե ինչն է դարձել քրեական գործի հարուցման առիթը, սակայն մեր տեղեկություններով՝ խնդիրը բացահայտվել է «ԱրմենՏելի» ներկայիս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի նշանակվելուց հետո: Ըստ այդ լուրերի՝ Պյատախինը Հայաստան գալուց եւ իր ղեկավարմանը հաձնված ընկերության ֆինանսական փաստաթղթերին ծանոթանալուց հետո հայտնաբերել է, որ 2009-ից 2012 թվականներին արտերկրից «ԱրմենՏելի» միջոցով Հայաստան կատարված զանգերի դիմաց փոխանցված գումարների մի զգալի մասը բացակայում է, եւ դիմել է իրավապահներին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրացված գումարների եւ յուրացման ժամկետների մասին կոնկրետ տեղեկություններ դեռեւս չեն հրապարակվում, կարելի է ենթադրել, որ գործընթացը սկսվել է 2009-ի տարեվերջից կամ 2010-ի տարեսկզբից: Իգոր Կլիմկոն «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն էր նշանակվել 2009-ի ապրիլին եւ պաշտոնավարել է մինչեւ 2013-ի սկիզբ: Նա իր պաշտոնից ազատվեց անսպասելի եւ պայմանագրի ժամկետը չավարտված` հեռացավ Հայաստանից:
Որոշ գնահատականների համաձայն՝ եվրոպական երկրներից դեպի Հայաստան կատարվող զանգերի դիմաց ամսական փոխանցումները կազմել են մոտ 20 միլիոն դոլար: Այդ գումարները կամ դրանց մի զգալի մասը բավական երկար ժամանակ փոխանցվել են ոչ թե ընկերության հաշվին, այլ օֆշորում բացված ինչ-որ հաշիվների: Ըստ փորձագետների՝ երեք տարվա ընթացքում «ԱրմենՏելից» այս ճանապարհով հափշտակվել է մոտ 500 միլիոն դոլար: Արդյունքում՝ «ԱրմենՏել» ընկերությունն այս քրեական գործով ճանաչվել է որպես տուժող կողմ:
Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզումը մինչ օրս արդյունք չի տվել, նրան դեռեւս չի հաջողվել հայտնաբերել:
Այս գործով անցնող անձանցից մեկը` «ԱրմենՏել»-ի անվտանգության պետ Աշոտ Պողոսյանը, կալանավորված է: Մեզ չհաջողվեց պարզել ներկայումս նրա կարգավիճակը: Այս գործի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ազգային անվտանգության ծառայությունից, սակայն ապարդյուն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՏԱՀԱՐՆ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է
Գյումրի-Երեւան ավտոմայրուղու «Հոռոմի խաչմերուկ» կոչվող տարածքում նախօրեին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը յոթ մարդու կյանք է խլել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, անդրադառնալով տեղի ունեցածին, տեղեկացրել է, որ վթարի առաջացման մեխանիզմի եւ հրդեհի պատճառների մասին վերջնական եզրահանգումներ կարող են անել փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո: Դատախազը հավելել է, որ դեպքի վայրի զննությամբ տեսանելի է եղել, որ «Գազելի» գազի բալոնները պայթել են: Սակայն, ըստ նրա, պետք է նկատի ունենալ, որ մեքենան դիմային հատվածով է հարվածել «Կամազ» ավտոմեքենային:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Տրանսակնթարթ» ՍՊԸ համասեփականատերերից մեկը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, ով Armlur.am-ի հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ «Գազելը» ամբողջովին նորոգված է եղել եւ տեխնիկական որեւէ անսարքություն չի ունեցել: Ավելին՝ պատգամավորը նշեց, որ տեխզննում նշված մեքենան անցել է դեպքից երեք օր առաջ: «Վարորդը՝ Ռազմիկ Մկրտչյանը, երեսուն տարվա աշխատանքային փորձ ուներ, պրոֆեսիոնալ էր, նման բան երբեք չէր եղել: Արթիկի խաչմերուկից մեքենան հանկարծակի դուրս է եկել եւ փակել ճանապարհը: Հետո երբ նայում ես, վթարի հատվածում զգացվում է, որ վարորդն ինչքան հնարավորություն է ունեցել, մեքենան դեպի ձախ է փախցրել, սակայն «Կամազը» չի կանգնել եւ հարվածել է: Իսկ մեքենայի վառվելը հիմնականում ոչ թե «Գազելի» գազից է եղել, այլ «Կամազի» դիզվառելիքից, քանի որ հարվածը եղել է հենց բակին, եւ դիզվառելիքի կեսը թափվել է «Գազելի» վրա, կեսը գետնին, որից էլ հրդեհ է բռնկվել»,- պարզաբանեց Մարտուն Գրիգորյանը: Ըստ նրա՝ տեղի ունեցած դժբախտ պատահարը անուշադրության հետեւանքով է:
Մեր հարցին՝ ճի՞շտ են արդյոք լուրերը, որ տվյալ «Գազելը» դուրս է եղել հաշվառումից, սակայն կատարել է ուղեւորափոխադրում, Մարտուն Գրիգորյանը կտրականապես հերքեց՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ ավտոմեքենան եղել է 2005 թվականի արտադրության` կապիտալ վերանորոգված եւ շահագործման ժամկետի մեջ: «Երեկ Երեւանից ուշ երեկոյան հասել եմ Գյումրի՝ դեպքի վայր, ապա՝ հիվանդանոց, հանդիպել եմ տուժածների հետ, մինչեւ ուշ գիշեր՝ մեկ անց կես-երկուսի հատվածներում, եղել եմ հիվանդանոցում: Առավոտյան հանդիպել եմ դիահերձարան, հանդիպել եմ մահացածների հարազատներին, հիվանդանոցում ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել տուժածների ընտանիքներին: Այս պահի դրությամբ այցելում ենք զոհվածների ընտանիքների տները, նաեւ ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում նրանց հարազատներին: Ավտոմեքենան տեխնիկապես իդելական վիճակում է եղել, բացարձակապես խնդիր չի ունեցել: Վթարն էլ կապ չունի ո՛չ տեխնիական խնդիրների, ո՛չ գազի հետ: «Կամազի» մեղավորությունն է»,-նշեց մեր զրուցակիցը: Իսկ հարցին, թե որեւէ առաջարկով հանդես գալո՞ւ է՝ նշված հատվածը լուսավորելու, երթեւեկության համար տարբերանշաններ տեղադրելու համար, քանի որ վարորդներն իրենք էլ բազմիցս բողոքել եւ բարձրաձայնել են, որ այդ հատվածում մահվան ելքով պատահարները հաճախակի են, Գրիգորյանը պատասխանեց, որ խնդրի մասին տեղյակ են բոլոր պատկան մարմինները, այս դժբախտ պատահարն էլ պետք է առիթ լինի, որպեսզի այդ հատվածում տարբերանշաններ տեղադրվեն, ինչը կսթափեցնի վարորդներին:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՉԻ ՀԵՐՔՈՒՄ
Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրերը, ըստ որոնց՝ հոկտեմբերի 30-ին այս գյուղում հնչած կրակոցների պատմության հետ կապ ունի նաեւ գյուղապետի որդին` Հակոբ Վիրաբյանը: Գյուղապետը, Armlur.am-ի բոլոր հարցերին ի պատասխան, ասաց, որ չի մեկնաբանում անձնական հարցերը: Նա նախընտրեց չպատասխանել նաեւ մեր այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի որդու կողմից ապօրին զենք պահելու եւ կիրառելու փաստը: Տեղեկացնենք, որ 41-ամյա Հակոբ Վիրաբյանն ու 39-ամյա Մհեր Բաղդասարյանը նշված օրը վիճաբանություն են սկսել, որն ավարտվել է կրակոցներով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանավորումը: Ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ Հ. Վիրաբյանի տանից հայտնաբերվել են 2 հատ պնեւմատիկ հրացան՝ «Սայգա-12» եւ «Սայգա» տեսակի, 7. 62 տրամաչափի ինքնաձիգ` դատարկ փամփուշտակալներով, մեկ հատ «ԻԺ 76-8» տեսակի գազային ատրճանակ, որի փամփշտակալի մեջ եղել է 7 հատ փափմուշտ: Հայտնաբերվել են նաեւ գազային ատրճանակի 9 փամփուշտ, 1 հատ գաղտնի փականով ծալովի դանակ, 2 հատ մահակ, 44 հատ չկրակված, 3 հատ կրակված 12 տրամաչափի փամփուշտներ: Հայտնաբերված հրազենն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
ԲՌՆԻ ՈՒԺՈՎ
Armlur.am-ը հատուկ քննչական ծառայությունից տեղեկացել է, որ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն այն մասին, որ 2014թ. հոկտեմբերի 26-ին` ժամը 13:30-ին, նույն կազմակերպության թեժ գծի հեռախոսահամարին է ահազանգել Արմեն Թ.-ն եւ տեղեկացրել, որ ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ, այնուհետեւ բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժին եւ ձերբակալել: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական դիրքի չարաշահում):
ՀԱՐԳԵՑԻՆ
Երեկ ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել նոյեմբերի 10-ին Շիրակում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացած 7 քաղաքացիների հիշատակը: «Երեկ սարսափելի ավտովթար է եղել, որի ժամանակ զոհվել են յոթ ուղեւորներ, յոթն էլ վիրավորվել են: Կոչ եմ անում կառավարությանը եւ կապի ու տրանսպորտի նախարարությանը, որ, ի վերջո, ուշադրություն դարձնեն այդ չարաբաստիկ խաչմերուկին, որին Շիրակի մարզի բնակիչներն անվանում են «Հոռոմի խաչմերուկ»»,-հայտարարեց պատգամավորը: Այնուհետեւ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: