ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՏԱՆԳՈՆ
Անկախ Հայաստանի ամենահայտնի եւ ամենահարուստ պետական գործիչներից մեկի՝ Կարեն Ճշմարիտյանի «արեւն» արդեն պետական դաշտում մայր է մտնում՝ այսպես ավարտին հասցնելով նրա կարիերան, որը կարող է ամենաշռնդալիցներից եւ ամենաեկամտաբերներից մեկը համարվել մեր նոր պետության պատմության մեջ:
Երեւանի ժողինստիտուտի պլանային տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո միանգամից աշխատանքի է անցել ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման եւ նորմավորման գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում` որպես տնտեսագետ, այս ընթացքում էլ սովորել է ասպիրանտուրայում: Այսինքն՝ սովետական հաջողակ երիտասարդի համար նախատեսված պայմաններ, որոնք հետագայում նրան պիտի տանեին կուսակցական կամ պետական աշխատանքի: Եվ այս ճանապարհով անցնելու համար էլ Կարեն Ճշմարիտյանը 1985-ից 1990 թ. աշխատել է ՀՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեում` որպես ավագ տնտեսագետ, այնուհետեւ՝ գլխավոր մասնագետ, ապա՝ ֆինանսական ենթաբաժնի պետ, հետո էլ մի կարճ շրջան՝ 1990-1991-ին, դարձել «Հայէլեկտրամեքենամեծառ» հանրապետական միավորուման գլխավոր տնօրենի տեղակալ:
Անկախության հռչակումը ոչնչով չշեղեց Ճշմարիտյանի ճանապարհը, նա 1991-1993թթ. գլխավորեց ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության միջպետական առաքումների գլխավոր վարչությունը: Սա արդեն նրա հարստացման ճանապարհի առաջին մեծ հանգրվանն էր, դրան հաջորդեց ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալի պաշտոնը, որը նա վարեց 3 տարի:
Սրանք սեփականաշնորհման, երկրի ունեցվածքի թալանի տարիներն էին, որոնք այնքա՜ն «սրտահաճ» էին Կարեն Ճշմարիտյանին, այնքան ցանկալի, որ նա չխորշեց պաշտոնի իջեցումից եւ 1996-1997թթ. ստանձնեց ՀՀ առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջության նախարարության արտաքին առեւտրի վարչության պետի պաշտոնը, 1997-1998թթ. եղավ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ, իսկ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամրապնդումից հետո՝ 1999-ից մինչեւ 2007 թվականը, զբաղեցրեց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի, ապա՝ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնները…
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Կարեն Ճշմարիտյանը չկարողացավ լրացնել հայաստանյան նորահայտ միլիոնատերերի շարքերը, ապա արդեն երկրորդ նախագահի օրոք ճակատագիրը պարզապես բախեց նրա դուռն ու առիթ տվեց «բաժին ունենալ» սեփականաշնորհման մի շարք գործընթացներից: Հիշատակենք դրանք՝ «Էլեկտրոն» գործարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): Երկուսի սեփականաշնորհման ընթացքն էլ իրականացրել է առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը: Զանգեզուրի կոմբինատի սեփականաշնորհման ողջ գործընթացն իրականացվեց Կարեն Ճշմարիտյանի «դիրիժորությամբ»: Հենց նախարարի ջանքերով էլ հսկայական ու հարուստ կոմբինատը սեփականաշնորհվեց մոտ 140 մլն դոլարով: Սա իսկապես հեգնանք էր, որովհետեւ հաջորդ մեկ տարում ձեռնարկության եկամուտները կազմեցին… 140 մլն դոլար: Նման գործարքն առանց գնահատության չմնաց, ու Կ. Ճշմարիտյանը դարձավ ԶՊՄԿ-ի 21 տոկոսի սեփականատեր: Հարստության հոտն առնելուց եւ նոր սեփականատերերի հետ «ախպերանալուց» հետո Կարեն Ճշմարիտյանը դարձավ ԶՊՄԿ բաժնեմասի տերը հանդիսացող «Էլբատ» ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերերից մեկը:
Կարեն Ճշմարիտյանի «հաջողված» գործարքների շարքում հիշատակվում է նաեւ «Գոլդեն փալաս» հյուրանոցը: Բոլորին է հայտնի, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի փայաբաժինն այս հյուրանոցում կազմում է 83 տոկոս: Ի դեպ, նշենք, որ այս հյուրանոցը կառուցվեց «Հաղթանակ» զբոսայգու մի հատվածի ոչնչացման հաշվին, հանգամանք, որն առաջ բերեց բնապահպանների զայրույթը: Սակայն ո՞վ կարող էր ելնել երկրորդ նախագահի եւ նրա ստվերում գործող նախարար Կարեն Ճշմարիտյանի դեմ: Այս հյուրանոցի սեփականատեր էր հռչակվել կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը, որը մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի աներորդին է: Հայկ Ճշմարիտյանի անունը շրջանառելով որպես սեփականատեր՝ Կարեն Ճշմարիտյանը թաքնվում էր նրա ստվերում՝ երբեւէ չբացահայտելով, որ հենց ինքն է համասեփականատերը:
2007 թ. Ռոբերտ Քոչարյանի ցուցումով Կարեն Ճշմարիտյանը հեռացավ նախարարի պաշտոնից եւ դարձավ ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ցուցակով: Ասում են, որ սրված էին վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Կարեն Ճշմարիտյանի հարաբերությունները, ուստի Քոչարյանն իր կադրին «գործուղեց» ԱԺ՝ կամենալով «հզորացնել» ՀՀԿ խմբակցությունը եւ այստեղ եւս ունենալ իր դրածոներին: Նախարարի պաշտոնը թողնելու պահին Կ. Ճշմարիտյանի ունեցվածքի հայտարարագիրն այսպիսին էր՝ չորս սեփական շենք՝ 417,36 քմ մակերեսով, 3 005 246 դրամ աշխատավարձից զատ, նաեւ՝ 55 հզ. ԱՄՆ դոլար եկամուտ, երկու հողամաս Լոռու եւ Կոտայքի մարզերում, հասարակական նշանակության տարածք՝ 140,9 քմ մակերեսով, եւ մեկ հանգրվան՝ 42,5 քմ մակերեսով, մեկ ավտոմեքենա՝ KIA Sorento… գումարենք մյուս եկամուտները՝ 10 մլն 575 հզ. 722 դրամ (4 մլն 225 հզ. 722-ը՝ աշխատավարձ ԱԺ-ից եւ ԵՊՏՀ-ից, 6 մլն 350 հզ.՝ շահաբաժին եւ փոխառություն) եւ 40 հզ. եվրո (փոխառություն): Կարեն Ճշմարիտյանի կինը՝ Նարինե Շահբազյանը, 324.36 քմ մակերեսով երեք տուն ունի:
2007-2014 թթ Կարեն Ճշմարիտյանը խորհրդարանում էր՝ սուսուփուս, համեստ, երբեմն այնքան սուսուփուս, որ ոչ ոք չէր հիշում նրա գոյության մասին: Ճշմարիտյանին պետք էլ չէր, որ իրեն հիշեն, որովհետեւ հիշելու դեպքում պիտի սկսեին քրքրել այն գործարքները, որոնց կնքահայրերից էր եղել, եւ որոնք կմտնեն ֆինանսական մեքենայությունների պատմության մեջ՝ որպես դասական օրինակներ:
Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ձեւավորված նոր կառավարությունում Կարեն Ճշմարիտյանը զբաղեցրեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Սա Ճշմարիտյանի կարիերայի վերջին ակորդն էր, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ մտադրություն կա միավորելու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները: Այսինքն՝ Ճշմարիտյանը դառնում էր կառավարության անդամ՝ առմիշտ դաշտից հեռանալու համար:
Եվ շուտով կհնչի հրաժեշտի տանգոն: Ո՞ւմ հետ կուզենա պարել հրաժեշտի պարը Կարեն Ճշմարիտյանը՝ չգիտենք, բայց որ պարից հետո նրան դուրս կհրավիրեն պարասրահից, արդեն հայտնի է:
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս համայնքում գրեթե երիտասարդ ընտանիք չկա: Կուրիսի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանի խոսքով՝ երիտասարդ ընտանիքները հեռանում են միայն դպրոցի եւ մանկապարտեզի բացակայության պատճառով: Ստորեւ ներկայացնում ենք Կուրիսի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանի հետ «Ժողովուրդ»-ի զրույցը:
-Պարո՛ն Գրիգորյան, առաջիկայում Ձեր համայնքում գյուղապետի ընտրություններ են լինելու, առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
-Արդեն մուծումն արել եմ, կառաջադրվեմ: Իսկ մյուսների մասով չգիտեմ: Գուցե լինեն այլ թեկնածուներ:
-Գո՞հ եք, որ զբաղեցնում եք գյուղապետի պաշտոնը: Աշխատավարձը բավարարո՞ւմ է:
-Դե, ոչինչ, հիմա այնպես չէ, որ աշխատանքն ամեն տեղ թափված է: Որտեղ էլ որ աշխատենք, էլի բան է, էլի: Չեմ բողոքում, փա՛ռք Աստծո:
-Քանի՞ բնակիչ է ապրում Կուրիսում: Ընտրողների թիվն ինչքա՞ն է:
-Քառասունվեց ընտրող ունենք: Նախկինում շատ էր, բայց հիմա քանի գնում, քչանում են: Մանկապարտեզ, դպրոց չունենք: Հիմնական պատճառը դա է: Անկախացումից հետո դպրոց չենք ունեցել:
-Իսկ որտե՞ղ են հաճախում գյուղի աշակերտները:
-Երիտասարդ ընտանիքները գնում են կա՛մ Մեղրի, կա՛մ էլ Ագարակ, այնտեղ բնակարան են վարձում ու ապրում: Կարճ ասած՝ դպրոցի ու մանկապարտեզի չլինելու հետեւանքով մեր գյուղում այս պահին երեխա չկա:
-Որպես գյուղապետ՝ ի՞նչ եք անում Դուք դա կանխելու համար:
-Լավատես եմ, հնարավոր է՝ գյուղը նորից զարգանա: Հնարավորության սահմաններում կաշխատեմ այնպես անել, որ երիտասարդությունը հետ վերադառնա: Գաղտնիք չէ, որ լեռնային գյուղերի վիճակը նույնն է: Մի մասն աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքում: Եթե կոմբինատն էլ չաշխատի, ապա Մեղրիի տարածաշրջանի ժողովրդի վիճակը շատ վատ կլինի, որովհետեւ իրենց ապրուստի միակ միջոցն է: Դրանով են ընտանիք պահում:
-Որքա՞ն է կազմում ստացած աշխատավարձը:
-Մոտավորապես 110-300 հազար դրամի սահմաններում: Ճիշտ է՝ դրամը հիմա արժեք չունի, բայց բոլոր դեպքերում մեր բնակիչներին հարմար է:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՄԱՐԶԵՐ
ՍՈՎԵՏԻ ՀՈՒՇԵՐՈՎ
Նոյեմբերի 10-ին Իջեւան քաղաքում՝ ոստիկանության Իջեւանի բաժնի շենքի առաջ, հանդիսավոր միջոցառում է կայացել: Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանի խոսքերով՝ քանի որ մինչեւ ոստիկանության մասին օրենքի ընդունումը նոյեմբերի 10-ը նշվել է որպես միլիցիայի օր, ուստի իրենք նպատակահարմար են գտել այդ օրը միլիցիայի վետերանների մասնակցությամբ միջոցառում կազմակերպել, որի ընթացքում ծաղիկներ են դրվել ոստիկանության շենքի առաջ գտնվող զոհված ոստիկանների հուշարձանին: Միջոցառմանը շուք է տվել զինվորական նվագախումբը: Նշենք, որ նոյեմբերի 10-ը նշվել է որպես խորհրդային միլիցիայի օր: 2001թ. ապրիլի 16-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, ՆԳ նախարարությունը վերանվանվել է ՀՀ ոստիկանություն, եւ ապրիլի 16-ը Հայաստանում նշվում է որպես ոստիկանության օր:
ՉԵՆ ԱՋԱԿՑՈՒՄ
Երեւանում գրանցված «Բելարթմի» եւ «Յումակս» ՍՊԸ-ները գումարի բռնագանձման պահանջով դատի են տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին: Հայցվոր ՍՊԸ-ները դատարանին միջնորդել են, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դնել կոմբինատի գույքի եւ դրամական միջոցների վրա, դատարանը մերժել է այդ միջնորդությունները: Այս դատավարությունները ներկայումս ընթանում են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: Նույն դատարանում ավարտվել է «Բենտոնիտի» պարտքերին վերաբերող եւս մեկ դատավարություն: Հրազդանում գործող «Արջերմեկ» ՍՊԸ-ն 2014 թ. մարտին դատի էր տվել «Բենտոնիտին» : «Արջերմեկ» ՍՊԸ տնօրեն Հայկ Արաբյանից տեղեկացանք, որ իրենց ընկերությունն Իջեւանի բենտոնիտ կոմբինատում ջերմամեկուսացման աշխատանքներ է կատարել, որոնք ավարտվել են 2013թ. սեպտեմբերին: Նրա վկայությամբ՝ իրենք այդ աշխատանքների կանխավճարը ստացել են, սակայն հիմնական գումարը՝ ոչ: «Արջերմեկը» քաղաքացիական հայցով պահանջել է «Բենտոնիտ» ԲԲԸ-ից բռնագանձել 3 միլիոն 593 հազար դրամ: 2014թ. հոկտեմբերի 31-ին դատավոր Արման Կուրեխյանը կայացրել է վճիռը: Քանի որ «Արջերմեկ» ՍՊԸ ներկայացուցիչը պնդել է, որ «Բենտոնիտն» այդ պարտքն արդեն մարել է, դատավորը որոշել է գումարի բռնագանձման հայցը մերժել: Երբեմնի հսկա գործարանը խրվել է պարտքերի մեջ, սակայն աշխատատեղերի ստեղծման, սահմանագոտու զարգացման մասին խոսող Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատարներն անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում՝ «Բենտոնիտի» խնդիրները պարզելու, հարկ եղած դեպքում՝ կոմբինատին աջակցություն ցուցաբերելու համար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ