«ԱՌԵՎՏՈՒՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ»
Օրերս համացանցը պայթեցրեց գյումրեցի տենոր Արտակ Կիրակոսյանի ցնցող ելույթը գերմանական «Սուպերտաղանդ 2014» նախագծի շրջանակներում: «Ժողովուրդը» զրուցել է օպերային երգչի հետ, ով բնակություն է հաստատել Գերմանիայում: Նշենք, որ նա Բեռլինում է բուժման նպատակով: Արդեն մի քանի տարի է, ինչ Արտակը գամված է հաշմանդամի սայլակին: Հայաստանում՝ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած համերգներից մեկի փորձի ժամանակ, ծանր լուսարձակը պոկվել ու շարժվել էր երեխաների ուղղությամբ: Երգիչը մարմնով պաշտպանել էր երեխաներին՝ ստանալով ծանր վնասվածք:
-Ձեր բուժման գործընթացն ի՞նչ փուլում է, առաջընթաց կա՞:
-Կարելի է ասել, որ բուժումս ընթացիկ փուլում է, այն ուղեկցվում է պրոգրեսիվ աշխատանքներով, վարժություններով, նորացվող մեթոդներով եւ սարքավորումներով: Ֆիզիոթերապեւտների օգնությամբ առաջ եմ շարժվում:
-Բեռլինում այժմ ինչո՞վ եք զբաղված, որքանով տեղյակ եմ՝ նաեւ դասավանդում եք:
-Տեղի հայկական դպրոցում շարունակում եմ երեխաների հետ աշխատել, նրանց ծանոթացնել մեր հայ մշակույթին: Բացի այդ՝ երգում եմ Հայ Առաքելական եկեղեցիում, ղեկավարում եմ այնտեղի փոքրիկ երգչախումբը: Բեռլինի հայ եւ եվրոպացի մասնագետների ասոցիացիայի մշակույթի բաժնի պատասխանատուն եմ եւ վարչության անդամը: Դասավանդելու համար նախնական առաջարկ եմ ստացել Բեռլինի կոնսերվատորիայից, այն սիրով ընդունել եմ: Ինձ առաջարկեցին Կոմիտասի երգերի եւ երգեցողության մաստեր կուրսեր անցկացնել, հիմա պայմանների հետ կապված քննարկումներ են տարվում:
-Այնպիսի տպավորություն է, որ դժբախտ պատահարից հետո հայրենիքում Ձեր հանդեպ Ձեր վաստակին համարժեք վերաբերմունքի չարժանացաք …
-Հիշում եմ, որ երբ Հայաստանում էի, որպես առաջին կարգի հաշմանդամ, ստանում էի 16 հազար դրամ, իսկ ֆիզիոթերապեւտը մեկ ժամվա համար պահանջում էր 5.000 դրամ: Եվ եթե չլիներ բարերար Հարութ Խաչատուրյանը, չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ: Ես կուզենայի, որ իմ երկիրը հոգար գոնե մինիմալ խնդիրները, առաջնահերթ՝ իմ օթեւանի հարցը, որը ես մինչ օրս չունեմ: Իսկ, ահա, Գերմանիայում ունեմ բժշկական ապահովագրություն եւ շատ անհրաժեշտ պարագաներ ստանում եմ անվճար: Բացի այդ՝ Բեռլինն ինձ եւ ընտանիքիս տրամադրել է բնակարան՝ բոլոր հարմարություններով:
-Այդտեղից հետեւո՞ւմ եք հայաստանյան մշակութային կյանքին, ներքին իրավիճակին: Ի՞նչ հիմնական մտահոգություններ ունեք որպես արտիստ եւ որպես քաղաքացի:
-Անշուշտ, հետեւում եմ: Մտահոգիչ է մեր օպերային թատրոնում տիրող ներքին լարվածությունը: Այդ տեղը ես համարել եմ բարձրագույն ինտելեգենցիայի օջախը, որտեղ բոլորը պետք է լինեն մի գծի վրա, եւ ոչինչ չպետք է խանգարի այդ բարձրարժեք մշակույթի ներկայացուցիչների գործունեությանը: Բայց արի ու տես, որ այնտեղ էլ է ներխուժել «առեւտուրը», նախանձը, չուզողությունը, շահը…
Իսկ որպես քաղաքացի՝ ինձ շատ է մտահոգում արտագաղթի խնդիրը: Օր օրի երկիրը դատարկվում է, եւ ահավորն այն է, որ դրան ոգեւորությամբ հետեւում են մեր թշնամիները: Սոված գայլերի նման սպասում են, որ գնալով դատարկվենք, թուլանանք, ու մեզ խժռեն: Իսկ մենք գրեթե ոչինչ չենք ձեռնարկում այդ ամենը կանխելու համար: Իրավիճակից ելքը տեսնում եմ համախմբվածության եւ պայքարի ընդհանուր մեխանիզմ մշակելու մեջ:
-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մասնակցել Գերմանիայի «Սուպերտաղանդ» մրցույթին, Ձեր ելույթը մեծ արձագանք է ունեցել Հայաստանում, գիտե՞ք:
-Հավատացեք՝ ահագին երկար եմ մտածել, մինչեւ որոշել եմ այս նախագծին մասնակցել, քանի որ դա իմ ասպարեզը չէ. ես պրոֆեսիոնալ օպերային երգիչ եմ, ու ինձ պետք է դատեին մոդելը, դիզայները, փոփ երգիչը… Հասկանո՞ւմ եք՝ դա մեծ պատնեշ էր… Ջերմ խոսքերի, գնահատականի համար բոլորին իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Շնորհակալ եմ նաեւ «Սուպերտաղանդ»-ի կազմակերպիչներին՝ ինձ ընձեռած հնարավորության համար:
-Ձեզ երբեւէ հայրենիք վերադարձնելու փորձեր արվե՞լ են օպերայի եւ բալետի թատրոնի, մշակույթի նախարարության կողմից: Ե՞րբ սպասենք Ձեր վերադարձին հարազատ թատրոն:
-Եթե «հայրենիք վերադարձնելու փորձեր» ասելով՝ նկատի ունեք հայրենիքում ապրելու հանգամանքը, ապա՝ ոչ: Բայց ՀՀ մշակույթի նախարարն ինձ առաջարկել է մասնակցություն ունենալ օպերային թատրոնի ընթացիկ համերգներին, ես սիրով համաձայնել եմ: Իսկ վերջերս թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ նախնական պայմանավորվեցինք մոտ ժամանակներս կազմակերպել իմ մենահամերգը Հայաստանում: Հուսով եմ՝ ձեզ շատ չեմ սպասեցնի:
ԵԿԵՂԵՑՈՒ ԳԱՎԻԹԸ ՆՄԱՆՎԵԼ Է ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ
Գոշավանքի այցելուները վերջին շրջանում իրենց դժգոհություններն են հայտնում վանական համալիրի վերականգնման աշխատանքների կասեցման, ինչպես նաեւ վանքի շրջակայքի եւ գավիթի ներսում տարբեր կրոնական հուշանվերների վաճառքի առնչությամբ: Օրերս այդ թեմայով ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում էր կատարել տեղեկատվության անվտանգության փարձագետ, ԵՊՀ դասախոս Վահրամ Միրաքյանը: Նա նշել էր, որ շատ է զարմացել, երբ հայտնաբերել է, որ գործող եկեղեցու գավիթը, ինչպես ինքն է նկատում, վերածվել է փոքր սուպերմարկետի: «Գավիթում հուշանվերների փոքրիկ խանութ էր գործում: Խանութում կամ գավիթում կարելի էր գնել չինական կենցաղային ախմախ թեմաներով նկարներ, կրոնական հուշանվերներ եւ նմանատիպ այլ ապրանքներ: Տհաճ էր չինական ապրանքով լցված գավիթից ներս անցնելը»,-գրել է Վ.Միրաքյանը:
Նրա գրառման ներքո օգտատերերից մեկը մեկնաբանել է. «Նախորդ ամռանն եմ եղել Գոշավանքում: Այնտեղ ներկայացվող հուշանվերների մեջ տարբեր գների փայտե բանալիներ կային, հարցրեցի, թե գների այդ տարբերությունն ինչով է պայմանավորված, վաճառողն ասաց, որ այդ մեկի փայտը հազվադեպ հանդիպող ծառի փայտ է, կտրելն արգելված է, այդ պատճառով էլ թանկ է…»:
«Ժողովուրդ» օրաթերթը, հետամուտ լինելով մի շարք քաղաքացիների դժգոհություններին, փորձեց կապ հաստատել Տավուշի թեմի առաջնորդարանի հետ: Հեռախոսը վերցրեց երիտասարդ մի գործավարուհի, ով վերը ներկայացրած խնդրի մասին տեղեկանալուց հետո պատասխանեց, որ մեր հարցերին ոչ ոք չի կարող պատասխանել: Զրույցը ներկայացնում ենք նույնությամբ:
-Տավուշի թեմի առաջնորդարանում չկա՞ մեկը, ով կարող է մեզ հուզող հարցերին պատասխանել:
-Դե՛, ներկա պահին չէ:
-Իսկ ե՞րբ կլինի:
-Չեմ կարող պատասխանել:
-Այսինքն՝ մի ողջ թեմի առաջնորդարանում մարդ չկա՞:
(Լռում է Ա.Բ.)
-Միայն Դուք ե՞ք թեմում աշխատում…
-Դե չէ, իհակե, բայց …(լռում է Ա.Բ.)
-Գուցե ցանկություն չկա՞ պատասխանելու..
(Լռում է)
-Ե՞րբ տեղում կլինի այն մարդը, ով կկարողանա պատասխանել մեր հարցերին:
-Դե, չգիտեմ ես:
-Իսկ ո՞վ գիտի:
(Լռում է):
Մնացած մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին: Միայն թե Տավուշի թեմի առաջնորդարանից, Գոշավանք վանական համալիրից թող չզարմանան, որ Վահրամ Միրաքյանի հետեւյալ գրառմանը հավանություն տան աստիճանաբար ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ. «Երկրորդ անգամ Գոշավանք հաստատ չեմ գնա, ո՛չ որպես սրբատեղի է ձգում, ո՛չ էլ՝ որպես հուշարձան»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԱՆԴՐԵՆ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԿԱՆ»
Երգիչ Անդրեն Ստամբուլում պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ զբաղված է տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով: Ուշագրավ է, որ CNNTurk-ն անդրադարձել է նրանց տեսահոլովակին եւ, առհասարակ, Անդրեի գործունեությանը: Թուրքական հեռուստաընկերության կայքն Անդրեին կոչել է թուրք ճանաչված երգչի անունով՝ «Հայաստանի Տարկան», եւ հայտնել, որ սա նրա առաջին այցը չէ Թուրքիա: «Թուրքիայում Անդրեին սիրողներ շատ կան: Հիշեցնենք, որ նա 2006-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթի շրջանակներում Թուրքիայից ստացել է բարձր միավորներ»,-ընդգծել է կայքը: Նշենք, որ տեսահոլովակը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին, հավանաբար այն կցուցադրվի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում:
100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Արա Գեւորգյանը, ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ New Arena production-ը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ներկայացնում են համահայկական նոր ծրագիր, որը կոչվում է «Սեւ ապրիլ»: Աշխարհի տասից ավելի երկրներում հայկական երգչախմբերը մինչեւ տարելիցը դուրս կգան ֆլեշմոբեր անցկացնելու՝ կատարելով «Remember» երգը, որը պատմում է հայերիս պատմության մասին: «Թող բազմազբաղ աշխարհը լսի, թե ինչպես կարող են հայերն արտահայտել իրենց բողոքը, ներկայացնել իրենց պահանջը երաժշտական լեզվով եւ առանց բռնության»,-նշված է ծրագրի բեքսթեյջ հոլովակի նկարագրության մեջ: Նշենք, որ «Remember» երգի երաժշտության հեղինակն Արա Գեւորգյանն է, խոսքերինը՝ Դանիել Դեքերը:
ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏԸ՝ 81.250 ԴՈԼԱՐ
Օրերս Բեւերլի Հիլսում կայացել է Julien՚s Auction-ը, որի ընթացքում փոփի թագուհի Մադոննայի հարսանեկան զգեստը վաճառվել է 81.250 դոլարով: EOnline-ի փոխանցմամբ՝ երգչուհին այն հագել է 1985-ին՝ Շոն Պենի հետ ամուսնանալիս: Նշենք, որ զգեստի նախնական գինը կազմել է 60 հազար դոլար: Աճուրդից ստացված հասույթի մի մասը կօգտագործվի բարեգործական նպատակներով: Հիշեցնենք, որ աստղային զույգը պսակադրությունից 4 տարի անց բաժանվել էր: Աճուրդի ժամանակ ներկայացվել է նաեւ նրանց ամուսնական պայմանագիրը: