ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից

Երեկ նկարիչների միությունում երիտասարդական հիմնադրամի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից երիտասարդության համաշխարհային եւ ուսանողության միջազգային տոների առթիվ կազմակերպած ցուցահանդես-մրցույթին մասնակցել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը երբեք առանց իր թիմակիցների այցելություններ չի կատարում, իսկ «հավերժ» երիտասարդ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանն էլ նման դեպքերում պահը բաց չի թողնում ղեկավարության հետ եւս մի լուսանկար ունենալու համար:

 

 

ՀԱՐՑ. Ոսկեվազի Շահվարդ գետում մեծ քանակությամբ ձկներ են սատկում: Բնակիչները բողոքում են, որ պատճառն այնտեղ գործող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն է, քանի որ այն չունի թափոնների արտանետումների թույլտվություն: Շահվարդ գետում թափվում է գործարանից առաջացած արտադրական ջուրը: Հատկանշական է, որ ձկները սատկում են այն մասում, որտեղ թափվում է գործարանից ելնող ջուրը: Կցանկանայի տեղեկանալ՝ այս ընկերության ծավալած գործունեությունն օրինակա՞ն է, եւ ՀՀ ԲՆ ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում:

Հայկ Սաղաթելյան (36 տարեկան, սոցիոլոգ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքով հոսող Շահվարդ գետում մեծ քանակությամբ ձկների անկման փաստի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գետի 2,5-3կմ հատվածում առկա են ճանառ, բեղլու եւ կողակ տեսակի տարբեր մեծության բազմաթիվ սատկած ձկներ: Մեր աշխատակիցների կողմից կատարվել է գետի ջրի նմուշառում եւ ներկայացվել է փորձաքննության: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ ջրում հայտնաբերված քիմիական նյութերը չեն օգտագործվել «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի գործարանի արտադրական փուլերում: Միաժամանակ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ձկների անկման մեղավորներին հայտնաբերելու եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
ՀՀ Արագածոտնի մարզի «Հայասի գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ ԲՆ իրականացրած ստուգումների ընթացքում հայտնաբերվել են ՀՀ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 13, 41 եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածների պահանջների խախտումներ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 80-րդ հոդվածի՝ հայտնաբերված խախտումների համար ՍՊԸ-ն ենթարկվել է 100.000 դրամ վարչական տուգանքի: Ներկայում ընկերության փաստաթղթերը գտնվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական գործընթացում:

ՀՀ բնապահպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք, որ նման դեպք էր տեղի ունեցել նաեւ անցած տարի Արարատի մարզի Դալար համայնքում: Ըստ գյուղացիների՝ գետի ձկները սատկել էին այնտեղ գործող «Արտաշի» գինու գործարանի աղտոտված ջրերի պատճառով: Թերեւս վստահորեն կարելի է ասել, որ նման դեպքերում գյուղացիների «փաստարկներն» ավելի ճշմարտացի են լինում, քան տարբեր գերատեսչական մարմինների արձանագրած պատճառները: Լավագույն դեպքում հայտնաբերված խախտումների համար նման ընկերությունները տուգանվում են՝ միաժամանակ շարունակելով իրենց գործունեությունը:

 

 

 

ՀԱՐՑ. 1995թ. Հայկոպ Ռեկլամը լուծարվել է: Որոշ ուշացումով գնացել եմ աշխատանքային գրքույկս վերցնելու, սակայն այն չի եղել: Տեղեկացա, որ շենքը վերանորոգելու ժամանակ բանվորները ձմռանը վառել են եւ սուրճ խմել, արդյունքում՝ ոչ մի աշխատանքային գրքույկ արխիվ չեն հանձնել: Հետաքրքրվել ենք՝ արխիվում ոչ մի փաստաթուղթ չկա հանձնած: Ինչպե՞ս կարելի է վերականգնել աշխատանքային ստաժը, եւ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ սոցապ բաժին:

Նուշիկ Դաշտոյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ Կառավարության 2011 թ. մայիսի 5- ի թիվ 665-Ն որոշման 10-րդ հավելվածի 1-ին կետի համաձայն` տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է` 1) դիմումը, 2) անձը հաստատող փաստաթուղթը, 3) հանրային ծառայությունների համարանիշը, 4) աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ), 5) սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների եւ ամիսների, 6) լուսանկար (4 x 6 սմ չափսի):
Վերոնշյալ որոշման 2-րդ հավելվածի 10-րդ կետի համաձայն` աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են արխիվային տեղեկանքներ: Ելնելով վերոգրյալից` Ձեզ խորհուրդ է տրվում դիմել դատարան` աշխատանքային ստաժը հաստատելու հարցով, որից հետո, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում, Ձեր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կքննարկի Ձեզ կենսաթոշակ նշանակելու հարցը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման խնդիրներից խուսափելու եւ քաղաքացիներին իրազեկելու համար հիշեցնենք, որ այն անձը, ով կորցրել է աշխատանքային գրքույկը, պետք է դրա մասին անհապաղ հայտնի վերջին աշխատատեղի գործատուին: Դրանից հետո գործատուն 15 օրվա ընթացքում աշխատանքային գրքույկի կրկնօրինակը պետք է հանձնի դիմողին:

 

 




Լրահոս