ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՍԱԴՐԱՆՔԻՆ՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՊԱՏԱՍԽԱՆ

Երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «ՄԻ-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին եղել է չափազանց մոտ: Ուղղաթիռը խոցելուց հետո հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ բացել դեպքի վայրի ուղղությամբ: Այս լուրը երեկ ամպրոպի պես հնչեց հայկական լրատվամիջոցների լրահոսում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ուղղաթիռի անձնակազմը՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը եւ լեյտենանտ Ազատ Սահակյանը զոհվել են: Ղարաբաղյան պատերազմի զինադադարից` 1994-ի մայիսից սկսած հրադադարի խախտման հազարավոր դեպքեր են եղել, սակայն ուղղաթիռի խոցման դեպք պատերազմից հետո չէր եղել: Կասկածից վեր է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը համարժեք պատասխան պետք է տան ադրբեջանական կողմի նման լկտի սադրանքին: Ավելին՝ պատասխանը պետք է լինի այնպիսին, որ Ադրբեջանի հրամկազմը մյուս անգամ նման սադրանքի հրաման տալուց առաջ երկար մտածի` նման քայլ անի, թե ոչ:

 

 
Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ անցած տարվա դեկտեմբերի 2-ին կնքված ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի» խայտառակ պայմանագրի արդյունքում, պարզվում է, Հայաստանը ռուսական «Գազպրոմին» դեռ մի բան էլ գումար է պարտք մնացել: Այո՛, ասվածի մեջ թյուրիմացություն չկա: ՀՀ Կառավարության՝ այսօր կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով նախատեսվում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը հատկացնել 415 միլիոնից մի փոքր ավել գումար` «Գազպրոմ-Արմենիային» վճարելու նպատակով: Հիշեցնենք, որ վերը նշված պայմանագրի հիման վրա «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի` ՀՀ Կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը փոխանցվեց ռուսական «Գազպրոմին»: Պաշտոնապես հայտարարվեց, որ այդպիսով Հայաստանը մարում է ռուսական ընկերության նկատմամբ ունեցած 150 միլիոն դոլարի` անհասկանալի տեղից կուտակված պարտքը: Ըստ փորձագետների՝ նշված բաժնետոմսերը շատ ավելին արժեին:

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեն, որը, ինչպես հայտնի է, ղեկավարում է ծագումով ապարանցի Աղվան Հովսեփյանը, այս տարվա նոյեմբերի 3-ին կնքված պայմանագրով 2 հազար 300 տուփ «A4» ֆորմատի տպագրական թուղթ է գնել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ծագումով ապարանցի Վրեժ Մարկոսյանին պատկանող «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ից: Այս գործարքի մեջ տարօրինակ ոչինչ չէր լինի, եթե մեկ տուփ թուղթը 2 հազար 200 դրամով չհաշվարկվեր: Նույնիսկ մանրածախ առեւտրի դեպքում կարելի է ավելի էժան, ասենք, հազար 800 կամ 2 հազար դրամով «A4» ֆորմատի տպագրական թուղթ ձեռք բերել: Ի դեպ, գնումը կատարվել է մեկ աղբյուրից, այսինքն՝ դրա համար մրցույթ չի հայտարարվել, պարզապես պայմանագիրը կնքել եւ անցել են առաջ: Հետաքրքիր է, եթե մրցույթ հայտարարվեր, եւ տպագրական մեկ տուփ թուղթը, ասենք, 500 դրամով էժան ձեռք բերվեր, դա ինչո՞վ կվիրավորեր Աղվան Հովսեփյանի արժանապատվությունը:

 

 

 

ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներից հաճախակի կարելի է լսել «մենք այդքան հնարավորություն չունենք», «մեր միջոցները սուղ են» եւ այսպես շարունակ, երբ խոսքը այս կամ այն խնդրի լուծման համար գումար հատկացնելու մասին է: Սակայն պարզվում է՝ ՀՀ Կառավարությունը տարբեր կարգի պետական պաշտոնյաների համար պետբյուջեի միջոցներով` հարկատուների հաշվին, բնակարաններ գնելու համար գումարներ ունի: Հոկտեմբերի 2-ին ՀՀ Կառավարությունը 754 միլիոն 805 հազար դրամ է հատկացրել մի քանի գերատեսչությունների` նրանց աշխատակիցների համար բնակարաններ գնելու նպատակով: Մասնավորապես ԱԱԾ-ին հատկացվել է 129 մլն 244 հազ. դրամ, ոստիկանությանը՝ 348 մլն 862 հազ. դրամ, դատախազությանը՝ 52 մլն 401 հազ. դրամ, ՊՊԾ-ին` 118 մլն 856 հազ. դրամ, ՀՔԾ-ին՝ 30 մլն 687 հազ. դրամ եւ ֆինանսների նախարարությանը՝ 74 մլն 753 հազ. դրամ:

 

 

 
ՈՉԻՆՉ ՉԱՐԵՑԻՆ

Նախագահական նստավայրում երեկ տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2014 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: Այս անգամ Սերժ Սարգսյանը մրցանակ է հաձնել բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլային:
Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի զարգացման ջատագով Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ այս մրցանակաբաշխությունը հիմնադրվեց 4 տարի առաջ եւ նպատակ ուներ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման մտավոր ներուժի վրա հրավիրել այդ բնագավառի հսկաների եւ հեղինակությունների ուշադրությունը: Եվ երեկ, երբ ամբողջ Հայաստանն ու Արցախն ալեկոծված էին ադրբեջանական զինված ուժերի կողմից զորավարժություններ իրականացնող հայկական ուղղաթիռը խոցելու փաստով, երբ մեկը մյուսի հետեւից մտահոգ հայտարարություններով էին հանդես գալիս ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն եւ անգամ Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահը (ի դեպ, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը, ինչպես միշտ, հայտնի կենդանու ականջում քնած էին), Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելություն էր անում՝ ի պատիվ մրցանակակրի:
Իհարկե, հասկանալի է, որ այդ միջոցառումը կանխավ ծրագրված էր, եւ այն նման միջադեպի պատճառով հետաձգելը սխալ կլիներ, սակայն հետեւելով Հայաստանի ազատ, բայց դեռեւս պատասխանատու (ոչ պակաս, քան Քոչարյանի օրոք) հեռուստաեթերին, որում այս երկու իրադարձությունները հաջորդեցին միմյանց, ընդ որում, որոշ դեպքերում ուղղաթիռի մասին լուրն առաջինն էլ չէր, դժվար էր չզուգահեռել այս երկու իրադարձությունները: Այն իմաստով, որ Հայաստանի անվտանգության ամենակարեւոր բաղադրիչը ներկայումս հենց ՏՏ ոլորտում թռիչքաձեւ զարգացումն է, նոր տեխնոլոգիաների ստեղծումը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի մեր բանակի համար ապահովել նորագույն սերնդի սպառազինություն: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները, բացի ՏՏ ոլորտի զարգացման մասին դատարկաբանելուց, Չինաստանում հավաքված «հայկական պլանշետների» հաշվին փի-առ անելուց եւ յուրաքանչյուր տարի որեւէ հայտնի դեմքի մրցանակ շնորհելուց, այդպես էլ առարկայական քայլեր չարեցին՝ Հայաստանում ՏՏ ոլորտն իրապես զարգացնելու եւ երկրից ոսկե ուղեղների արտահոսքը կասեցնելու համար:

 




Լրահոս