ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԲԱՅՑ ԿՕԳՏՎԵ՞Ն
Վաղը ՀՀ Սահմանդրական դատարանը կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի սահմանադրականության հարցը: Սա ՀՀ իշխանությունների համար վերջին շանսն է՝ Հայաստանը հերթական փորձությանը չտանելու եւ մոտալուտ աղետից ետ պահելու համար:
Նույնիսկ ռուս տնտեսագետներն արդեն երկար ժամանակ է՝ կանխատեսում են, որ առաջիկայում Ռուսաստանը տնտեսական ծանր ճգնաժամում է հայտնվելու, եւ որ ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը ոչինչ է ապագայում սպասվող զարգացումների համեմատ: Հայաստանի տնտեսությունն առանց այդ էլ չափից ավել մեծ կախվածություն ունի Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներից: Ռուսական ռուբլու փոխարժեքի շարունակվող անկման պայմաններում տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ այսօր լուրջ սոցիալական խնդիրների առաջ են կանգնած: Արտագնա աշխատանքի մեկնած նրանց հարազատների ուղարկած գումարներն օրեցօր կորցնում են իրենց արժեքը, եւ մարդիկ չեն կարողանում իրենց կարիքները հոգալ: Ռուբլու անկման պայմաններում Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ խնդիրների առաջ է կանգնած:
Նման պայմաններում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նույն է, թե նստել մի նավ, երբ ի սկզբանե գիտես, որ խորտակվելու է: Այսինքն՝ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում ավելի չխորացնելու եւ ՌԴ տնտեսության փլատակների տակ չմնալու համար ՀՀ իշխանություններն ինչ-որ ձեւ պետք է գտնեն ԵՏՄ անդամակցությունը ներկա վիճակով սառեցնելու համար:
Մյուս կողմից հայտնի փաստ է, որ ՀՀ իշխանությունները քաղաքական ոչ մի ռեսուրս չունեն ԵՏՄ անդամակցությունը կանգնեցնելու կամ սառեցնելու համար: Արդյունքում՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով Հայաստանն այսօր լրջագույն վտանգների առաջ է հայտնվել:
ՀՀ ՍԴ-ում ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկումը, թերեւս, վերջին շանսն է՝ այդ վտանգից խուսափելու համար:
Ցանկության դեպքում Սերժ Սարգսյանն իր հարեւանին` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երեկոյան զբոսանքի կարող է հրավիրել եւ տեղեկացնել, որ դեմ չի լինի, եթե ՍԴ-ն ԵՏՄ անդամակցության պայմանագրում մի քանի հակասահմանադրական պահեր գտնի: Դրանից հետո ՍԴ-ն հաստատ իր գործը կանի եւ կազդարարի այդ փաստաթղթի հակասահմանադրական լինելու փաստը:
Իհարկե, ռուսական կողմը մեզանից լավ գիտի, որ կարեւոր հարցերում ՀՀ ՍԴ-ն առանց անմիջական Սերժ Սարգսյանի հրահանգի որոշում չի կայացնում: Սակայն, եթե նման բան տեղի ունենա, ապա ձեւական առումով ՀՀ իշխանությունները` մասնավորապես Սերժ Սարգսյանը, դրանում դերակատարում չեն ունենա: Ավելին՝ նման որոշում ընդունելուց հետո Սերժ Սարգսյանը, ասենք, կարող է ՍԴ անդամներին իր մոտ կանչել եւ տեսախցիկների առաջ մի լավ մունաթ գալ: Բացի այդ՝ ՀՀ իշխանությունները կարող են ռուսների առաջ արդարանալ` ասելով, որ մեզանից հասանելիք ամեն ինչ արել ենք, նույնիսկ ձեզնից շուտ էինք ուզում ձեր միությանն անդամակցել, բայց, դե, Հայաստանի ՍԴ-ն՝ եվրոպացիների գրանտներով Վենետիկի հանձնաժողովներում ման եկող այդ Գագիկ Հարությունյանը, մեզ համար անսպասելի նման որոշում կայացրեց: Հասկանալի է, որ ռուսներն այդ արդարացումներին կոպեկի արժեք չեն տա, բայց միեւնույն ժամանակ հիմք չեն ունենա՝ Հայաստանի դեմ ինչ-որ կոնկրետ գործողություններ սկսելու համար:
Արդյունքում՝ Հայաստանն իր համար անչափ կարեւոր մի քանի ամիս ժամանակ կարող է շահել, որի ընթացքում առավել տեսանելի կլինեն Ռուսաստանի տնտեսությունում ընթացող գործընթացները, եւ միգուցե ռուսներն այլեւս ԵՏՄ-ի մասին մոռանան, քանի որ իրենց թոշակառուների համար գումարներ հայթայթելով զբաղված կլինեն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԳՐԻԳՈՐԻՉՆ Է ՈՐՈՇԵԼ
Նախօրեին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստանի սահմանային մաքսակետերում իրենց ծառայությունը կսկսեն ԵՏՄ ներկայացուցիչները հայկական կողմի հետ համատեղ: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են սահմանային մաքսակետերի հարց «լուծում», երբ ՀՀ ՍԴ-ն եւ ԱԺ-ն դեռեւս այդ հարցը չեն քննարկել:
-Այդ դեպքում այս ամբողջ ընթացքում ինչո՞ւ էինք այս հարցը քննարկում. ինչ վերաբերում է ԵՏՄ-ի պայմանագրին, բնական է, որ մենք դա պետք է նախնական քննարկենք:
-Բայց հնարավոր է նոյեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը ԵՏՄ պայմանագիրը հակասահմանադրական ճանաչի, այդ տարբերակը բացառո՞ւմ եք:
-Սահմանադրությունը չի կարող որոշել… Այստեղ խնդիրը պայմանագրի ընդունումն է, այսինքն՝ հիմա ինչ-որ կատարվել է, բնականաբար նաեւ պետք է այդ գործողությունների համար գնահատականներ տրվի… ինչպես որ այդ ամբողջ փաստաթուղթը: Ու պայմանագիրը, երբ որ հաստատվեց, ուժի մեջ կլինի, արդեն պատրաստի վիճակ կլինի, որպեսզի հնարավորինս կարողանանք իրականացնել պայմանագրի պահանջները:
-Փաստորեն` համոզվա՞ծ եք, որ ՍԴ-ում եւ ԱԺ-ում պայմանագիրն անխոչընդոտ ընդունվելու է:
-Ազգային ժողովը կհաստատի պայմանագիրը, որովհետեւ նաեւ քննարկումը գնում է, թե ինչու բյուջեով չի ներառված այդ հարցը: Բյուջեով չի ներառված, որովհետեւ պայմանագիրը չկա դեռեւս, պայմանագիրը կլինի, այդ ֆինանսական մասը կլինի, արդեն այդ ժամանակ կլինի բյուջեի մաս:
Ս. Գ.
ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Սերժ Սարգսյանը երեկ ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստ է, որ երկրում առկա բազմաթիվ կարեւորագույն խնդիրները թողած՝ քննարկել են թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԱԽ անդամներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՕԵկ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չեն մասնակցել նիստին: Ի դեպ, ԱԱԽ նիստում ներկայացված ռազմավարական ծրագիրը մշակել եւ զեկուցել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի մամլո խոսնակ Արթուր Միսակյանից փորձեցինք պարզել, թե իրենց առաջնորդներն ինչու չեն մասնակցել ԱԱԽ նիստին, բայց ապարդյուն:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
Հայաստանի գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ու անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չեն բացառում միմյանց: «Ազատության» փոխանցմամբ` ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։«Հայաստանը կարող է լինել ՆԱՏՕ-ի լավ գործընկեր, Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է լինել Եվրամիության, ԱՄՆ-ի գործընկեր, սրանք իրար բացառող բաներ չեն։ Եվ մենք՝ արեւմտյան գործընկերներս, փորձում ենք օգնել Հայաստանին ու հնարավորություն տալ համագործակցելու Արեւմուտքի հետ», – ասել է ԱՄՆ դեսպանը։ Նույն հանդիպմանը մասնակցող Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը հավելել է .«ՀԱՊԿ անդամ երկրների կազմում Հայաստանն առանձնահատուկ դիրք է զբաղեցնում: Այն թերեւս միակ պետությունն է, որը, լինելով ՀԱՊԿ անդամ, կարողացել է նաեւ շահել ՆԱՏՕ-ի վստահությունն ու հաջողությամբ գործընկերային հարաբերություններ հաստատել դաշինքի հետ»:
ՄԱՐԶՊԵՏԸ ԿԵՂԾ Է
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ Աժ-ում հայտարարել է, թե Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու անհրաժեշտ ընթացակարգը չի պահպանվել, ուստի եւ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ չէ: «Ինչու Կառավարությունը որոշումներ ընդունելիս չի քվեարկում, ինչպես պահանջում է նախագահի հրամանագիրը», -հարցրել է պատգամավորն ու որպես իր խոսքերի ապացույց՝ ներկայացրել Կառավարության նիստի ձայնագրությունը: Ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հավաստիացրել է, թե պահպանվել են բոլոր սահմանված ընթացակարգերը:
ՍԱՖԱՐՈՎԻ ԳԼԽԱԳԻՆԸ
Հունգարիան եւ Ադրբեջանը Իլհամ Ալիեւի` Հունգարիա կատարած պաշտոնական այցելության ընթացքում ռազմավարական գործընկերության մասին հուշագիր են ստորագրել: Հունգարիայի տխրահռչակ վարչապետ Վիկտոր Օրբանը ստորագրումից հետո հայտարարել է, որ ադրբեջանական գազը Կենտրոնական Եվրոպա հասցնելը համապատասխանում է Հունգարիայի եւ Եվրոպայի շահերին: Նա նշել է, որ գոյություն ունեցող համաձայնագրերը հնարավորություն են տալիս ադրբեջանական գազը մատակարարել Հարավային Եվրոպա, եւ որ պետք է պայմաններ ստեղծել այն Կենտրոնական Եվրոպա հասցնելու համար: Հիշեցնենք, որ Օրբանի անմիջական ջանքերով իրականացվեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, եւ փաստորեն, Իլհամ Ալիեւը հիմա վարձահատույց է լինում նրան:
ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՊՈՒՏԻՆԻՆ
Ռուսաստանում առաջիկայում տնտեսական ճգնաժամի, գների աճի եւ կենսամակարդակի անկման վերաբերյալ «Լեւադա» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով ռուսների 61 տոկոսը բացասական կանխատեսումներ է արել, եւ միայն 23 տոկոսն է լավատեսության հիմքեր տեսել: Եվ չնայած այդ հանգամանքին` ռուսաստանցիների մեծամասնությունը` 73 տոկոսը, իր աջակցությունն է հայտնել ՌԴ իշխանությունների ներկայիս քաղաքականությանն ու նշել, որ այսօր էլ կողմ է արեւմտյան ծագման սննդամթերքի ներկրման արգելքին:
ԵՌՅԱԿԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ
Ոչ իշխանական եռյակը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը», արձագանքելով 12 կետերի մասին Սերժ Սարգսյանի՝ նախօրեի հայտարարությանը, իշխանություններին առաջադրել են նոր նախապայման` կա՛մ կատարել 12 պահանջների 10-րդ կետը, կա՛մ իրենք իշխանության հետ քննարկումների իմաստ չեն տեսնում: Նշենք, որ հունիսին հրապարակած 12 կետերից 10-րդը վերաբերում է ընտրական օրենսգրքի բարեփոխմանը:
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել շփման գծում հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ. «Եռանախագահողները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որն առաջինն է հրադադարի հաստատումից հետո: Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կավելացնեն լարվածությունը շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության նոր փուլ, որի ականատեսը դարձանք այս ամառ: Այսօրվա դեպքերը հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկանխատեսելիության մասին եւ անհրաժեշտության՝ ինտենսիվ դարձնելու ջանքերը, գտնելու վերջնական համաձայնություն»: