ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՈՎ ՔՆՆՈՒՄ ԵՆ

Մինչ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2013թ. տարեկան հաշվետվության արդյունքները գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, եւ դեռեւս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը Աժ ամբիոնից չի ներկայացրել այն, ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ՀՔԾ-ում սկսել են քննել փաստաթղթում բերված չարաշահումների փաստերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ՎՊ բացահայտումների հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել:

ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատի՝ 2013 թվականի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, պետական միջոցները ոչ արդյունավետ ծախսելու կասկածով քրեական գործեր է հարուցել:
Ըստ նույն տեղեկությունների՝ ՎՊ զեկույցի ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են քննության 20 ուղղություններ: ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատից պահանջել է զեկույցում մատնանշված խախտումները փաստող արձանագրությունները եւ մնացած փաստաթղթերը: Գլխավոր դատախազությանն են ներկայացվել նաեւ արձանագրված խախտումների առնչությամբ համապատասխան գերատեսչությունների եւ պետական հիմնարկների բացատրություններն ու առարկությունները, որոնք կազմվել են հենց ՎՊ-ի պահանջով:
Վերը նշված 20 ուղղություններով տարվող քննության շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, արդեն իսկ հարցաքննվել են շուրջ 70 անձինք, որոնց թվում եղել են նաեւ գերատեսչությունների եւ պետական հիմնարկների ինչպես շարքային աշխատակիցներ, այնպես էլ՝ ղեկավարներ: Հարցաքննվել են նաեւ պետական պատվերով շինարարական աշխատանքներ իրականացրած, պետգնումներով ապրանքներ մատակարարած եւ պետական մարմիններին տարբեր կարգի ծառայություններ մատուցած ընկերությունների տնօրենները եւ աշխատակիցները:
Քննության ընթացքում գերատեսչություններից եւ պետական հիմնարկներից առգրավվել են վերահսկիչ պալատի կողմից ուշադրության արժանացած գործարքների փաստաթղթերը, իրականացվել են տեղազննություններ պետպատվերով իրականացված շինարարություններում՝ դրանց իրական ծավալներն արձանագրելու եւ գնահատելու նպատակով:
«Ժողովուրդ»-ին առայժմ չհաջողվեց պարզել, թե կոնկրետ որ գերատեսչությունների աշխատակիցներն են հարցաքննվել, եւ կոնկրետ ինչ հիմքերով են քրեական գործեր հարուցվել:
Հիշեցնենք, որ ՀՀ վերահսկիչ պալատն իր` 2013թ. տարեկան հաշվետվությունը հաստատել է 2014թ. մարտի 31-ին, իսկ մեկ օր անց` ապրիլի 1-ին, այդ փաստաթուղթն ուղարկել է ՀՀ Ազգային ժողով: Անցել է 7 ամիս, սակայն ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից դեռեւս չի կարողացել ներկայացնել ՎՊ-ի հաշվետվությունը, չնայած որ այն դեռեւս հունիսից ընդգրկված է ԱԺ քառօրյաների օրակարգում:
ՎՊ-ի հաշվետվության համաձայն՝ 2013-ին կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, ասենք, որ նույն կազմակերպությունները նույն ապրանքը տարբեր պետական կառույցներին մատակարարել են տարբեր գներով: Եղել են գործարքներ, որոնց մասնակից ընկերությունները գրանցված են եղել օֆշորային գոտիներում: Բացի այդ՝ շինությունների կադաստրային գնահատման աշխատանքների մի մասն իրականացվել է սխալներով եւ թերություններով, ինչի արդյունքում շենք-շինությունների կադաստրային գնահատված արժեքները ցածր են հաշվարկվել: Քաղաքաշինական ոլորտում ստուգումների արդյունքում ի հայտ են եկել դեպքեր, երբ վճարումը կատարվել է, բայց աշխատանք իրականացված չի եղել: Պետական գումարները վատնվել են նաեւ անորակ աշխատանքների գներն արհեստական բարձրացնելու, նախագծային եւ շինարարական աշխատանքների տարբեր կարգի խախտումներ թույլ տալու միջոցով: Եղել են դեպքեր, երբ գրանցված հողամասերի գործառնական նշանակությունը չի համապատասխանել տրամադրված հողամասի նպատակային նշանակությանը: ՀՀ ֆինանսների նախարարությունում բացահայտված խախտումները, ըստ ՎՊ-ի հաշվետվության, վերաբերել են նախարարության տարբեր ստորաբաժանումների գործառույթներին եւ կատարողականին:

 

 

 

ՑԱՆԿԱՑԵԼ Է ԲԱԺԱՆՎԵԼ ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՑ

Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի խնամի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը բավական երկար ժամանակ դատական վեճի մեջ է եղել, որը վերաբերել է նրա բիզնեսներից մեկին: Դատական վեճը ծագել է ԲՀԿ-ական պատգամավորի եւ իր՝ արդեն նախկին գործընկերոջ միջեւ սեփականության բաժանման խնդրի շուրջ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2012թ. Երեւան քաղաքի բնակիչ Դերենիկ Հարությունյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի: Պատճառն ընդհանուր սեփականությունը բաժանելու շուրջ առաջացած տարաձայնությունն է: Դատարանում Դերենիկ Հարությունյանը հայտնել է, որ 2004 թվականին ինքը եւ Աբրահամ Մանուկյանը Ա. Խաչատրյանից եւ Ն. Խեչոյանից հավասար ներդրած դրամական միջոցներով գնել են Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքում գտնվող ծաղկաբուծարանը՝ իր բոլոր շենք-շինություններով: 2010թ. ամռանը ԱԺ պատգամավորը, գտնվելով արտասահմանում, իր մտերիմներից Հարություն Շիրինյանի միջոցով Դերենիկ Հարությունյանին հայտնել է, որ ցանկանում է հողը բաժանել երկու մասի: Նա ցանկացել է մի մասը գրավ դնել արտասահմանյան բանկում եւ գրավի դիմաց ստացած վարկով նոր ջերմոց կառուցել:
Պատգամավորի այս առաջարկին Դերենիկ Հարությունյանը համաձայնել է, սակայն Աբրահամ Մանուկյանը, արտասահմանից վերադառնալով, հայտնել է, որ վարկի հարցը չի լուծվում, ուստի ջերմոցի կառուցումը պետք է կատարվի կանխիկ դրամով` արտասահմանյան կազմակերպության միջոցով, որը կարժենա 600 հազար դոլար: Դերենիկ Հարությունյանը, չունենալով կանխիկ գումար, հրաժարվել է մասնակցել ջերմոցի կառուցմանը:
Իսկ ավելի ուշ ԲՀԿ-ական պատգամավորը Դերենիկ Հարությունյանին առաջարկել է ստեղծել անասնապահական ֆերմա: Այս անգամ էլ Դերենիկ Հարությունյանն անհրաժեշտ գումար չունենալու պատճառով կրկին հրաժարվել է ծրագրին մասնակցելուց: Ավելի ուշ Դերենիկ Հարությունյանը, որպեսզի կարողանա ընկերության իր մասն ազատ տնօրինի, ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանին առաջարկել է հողատարածքը, բնակելի եւ ոչ բնակելի շենքերը կիսել, սակայն պատգամավորը մերժել է: Արդյունքում Դերենիկ Հարությունյանի եւ Աբրահամ Մանուկյանի միջեւ կոնֆլիկտ է առաջացել, եւ նրանք դադարեցրել են իրենց շփումներն ու այլեւս որոշել են իրենց հարաբերությունները պարզել դատարանի միջոցով:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախկին գործընկերների վեճը քննելուց հետո՝ 2012-ի ամռանը, որոշել է, որ խնդրի կարգավորումը դատարանի իրավասությունների սահմաններից դուրս է, եւ որոշել է մերժել Դերենիկ Հարությունյանի հայցապահանջը, որով նա պահանջել էր բաժանել իր եւ Աբրահամ Մանուկյանի ընդհանուր սեփականությունը:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 
«ԲԱՆԴԱՅԻ» ԳՈՐԾԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է հայտնի «բանդայի» գործով դատավարությունը: Երեկվա դատական նիստում ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանը, ում մեղադրում են «բանդան» կազմավորելու եւ ղեկավարելու մեջ, եւ նրա պաշտպան Հովիկ Արսենյանը հանդես են եկել միջնորդություններով: Նրանք միջնորդել են քրեական գործի նյութերին կցել իրենց կողմից ներկայացված տեսասկավառակը եւ լուսանկարները, որոնցում երեւում են դեպքի վայրից հայտնաբերված իրեր, որոնք գործին չեն կցվել:
Մյուս միջնորդությունը եղել է ընթերականներին դատարան հրավիրելու մասին. ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանը ցանկություն հայտնեց լսելու գործով ներգրավված ընթերականներին` իմանալու համար` ի՞նչ են նրանք տեսել դեպքի վայրում, ինչպիսի՞ն են եղել իրականում դիմակներն ու զուգագուլպաները, եւ ինչ է կատարվել այնտեղ նրանց գտնվելու ժամանակ: Հակոբյանն ու Արսենյանը միջնորդել են նաեւ, որ դատարան բերվեն Արտյուշա Հակոբյանի մասով իրականացված գաղտնալսումների ու գաղտնի կատարված նկարահանումների բոլոր ձայնագրությունները:
Իրեղեն ապացույցների պահման սենյակից դահլիճ է բերվել սպորտային պայուսակ, որը ըստ Արտյուշա Հակոբյանի՝ քննչական մարմինը զննել է՝ առանց պաշտպանական ձեռնոց կրելու, ինչը, սակայն, նա չի կարողացել փաստել: Այդուհանդերձ, «բանդայի պարագլուխը» ճանաչել է պայուսակը` նշելով, որ իրեն անհրաժեշտ է դրա պարունակությունը տեսնել: Դատավորին հետաքրքրել է, թե արդյոք նա չի՞ տեսել այն իրերը, որոնք նախաքննական մարմնի կողմից ապացուցողական նշանակության են արժանացել: Ամբաստանյալը դրական է պատասխանել:
Արտյուշա Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Քննչական բաժնում հարյուր հատ գուլպա եմ փորձել քաշել գլխիս, բայց ոչ մեկը չի մտել: Հիմա ուզում եմ մի հատ փորձեմ էն գուլպան, որ տեսնենք` կմտնի՞ իմ գլուխը, թե՞ չէ»: Սրան ի պատասխան՝ նրա պաշտպանն ասաց, որ սա իր պաշտպանյալի կողմից օբյեկտիվ քննության անցկացմանը նպաստելու ցանկությունն է: Դատավորը բավարարել է միջնորդությունը: Րոպեներ անց դատարանի նիստերի դահլիճ է բերվել պահանջված զուգագուլպան, եւ Արտյուշա Հակոբյանը փորձել է այն հագցնել գլխին: Դատավորի հարցին` եղա՞վ, թե ոչ, ամբաստանյալը դրական է պատասխանել: Պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդել է՝ Արտյուշա Հակոբյանի մեքենայի զննության արձանագրությունը ճանաչել անհիմն եւ հանել գործի նյութերից` պատճառաբանությամբ, որ մեքենան ամբողջ գիշեր մնացել է ոստիկանության տուգանային հրապարակում, որտեղ տարվել է «Ագուլիս» ռեստորանային համալիրից: Այս միջնորդության լուծումը դատավորը հետաձգել է: Երեկվա դատական նիստում դատաքննության փուլն այսքանով ավարտվել է: Հաջորդ` նոյեմբերի 19-ի նիստում կսկսվի վիճաբանությունների փուլը, եւ մեղադրող Սասուն Խաչատրյանը հանդես կգա մեղադրական ճառով:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 




Լրահոս