ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ՀԱՂԹԱՆԱ՞ԿԸ
«Վիկիլիքսի» կողմից հրապարակված փաստաթղթերից հերթականը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը 2008թ. մարտի 10-ին: Սույն զեկուցագրում դիվանագետը գնահատում է երկում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ մատնանշում հնարավոր զարգացումները: Հատկանշական է, որ հեղինակն առանձին-առանձին վերլուծում է իրադարձությունների մի քանի հնարավոր սցենարներ: Ուշագրավ են ամերիկացի պաշտոնյայի գնահատականները Սերժ Սարգսյանի գործողություններին, ինչպես նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած իշխանության մասին: Փաստաթղթում ամփոփված են նաեւ դիվանագետի՝ ԱՄՆ բարձրագույն իշխանություններին ուղղված առաջարկները Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններ հաստատելու կապակցությամբ:
Փաստաթղթի հեղինակի կարծիքով` իրադարձությունների զարգացման հավանական սցենարներից մեկը կլինի այն, որ Հայաստանում կհաստատվի երկարատեւ փակուղի՝ ուղեկցվելով անկայունության եւ բռնաճնշումների գործողություններով: Հեղինակը հայտնում է իր կարծիքն առ այն, որ սրա հավանականությունը խիստ մեծ է, երբ Սերժ Սարգսյանը, հենվելով ռեժիմի ներսում գտնվող առանցքային տարրերի վրա, կխորացնի հարցերը լուծելու կոշտ մեթոդների կիրառությունը: Դիվանագետը փաստում է, որ Սերժ Սարգսյանը պարզապես թերագնահատել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ հասարակության վստահության չափը, ուժն ու խորությունը: Հեղինակի համոզմամբ՝ շարունակելով նույն գործելակերպը՝ Սարգսյանը փորձելու է տապալել ընդդիմությանն իր ոստիկանության, անվտանգության մարմինների եւ դատախազների օգտագործման միջոցով: Փենինգտոնը հավելում է, որ Սերժ Սարգսյանն իրեն կդնի այն իրավիճակի մեջ, երբ ստիպված պիտի հենվի քաղաքական ճգնաժամի ու անկայունության վրա՝ պահպանելու իր կառավարումը: Արդյունքում՝ նա Հայաստանում այնպիսի բռնապետական իշխանություն կհաստատի, որպիսին չի եղել նույնիսկ խորհրդային ժամանակներում: Փենինգտոնն այստեղ մի փոքր ծայրահեղացրել է, քանզի Սարգսյանի իշխանությունը բռնապետական կառավարման համեմատաբար «փափուկ» տեսակն է: Այսուհանդերձ, Սերժ Սարգսյանը չխորշեց սեփական իշխանությունը պահպանել անկայունության ու բռնաճնշումների կիրառման միջոցով:
Որպես երկրորդ հավանական սցենար Փենինգտոնը համարում է Քոչարյանի վարկածը, որը վերջինս ներկայացրել էր նույն օրերին Մ.Բրայզայի հետ հանդիպման ժամանակ: Հեղինակը նկատում է, որ եթե Քոչարյանը ճիշտ դուրս գա, ապա ժողովրդական ըմբոստությունը կհաղթահարվի, իսկ երկիրը կվերադառնա ստոյկիզմի ճիրաններին՝ ցավի ու դժվարության դիմադրությանը, առանց զգացմունքների ու բողոքի դրսեւորումների: Քոչարյանը նշել է, որ ընդդիմության կողմնակիցներին բանտերում պահելը նպաստելու է ցույցերի զսպմանը, որի հետեւանքով հասարակությունը կվերադառնա իր նախկին դիրքին: Քոչարյանի կառավարման տարիները նկատի ունենալով՝ դիվանագետը շեշտում է, որ այս դեպքում իրավիճակը կվերադառնա կիսաավտորիտարիզմին, երբ էլեկտրոնային լրատվամիջոցները մնում են ռեժիմի սպասարկուների լիակատար վերահսկողության ներքո, եւ բոլորը կվերհիշեն սահմանները չանցնելու պարտավորության մասին: Այսպիսի կառավարումը, որը հոգեհարազատ է եղել «քոչարյանական ժամանակներին», Փենինգտոնի կողմից համարվում է փակուղայնության ռեցեպտ, երբ կեղծ ժողովրդավարության եւ արեւմտականության թիկունքում համառորեն խորանում է քաղաքական եւ տնտեսական կոռուպցիան, մինչեւ որ նոր ճգնաժամը չի պայթի: Քոչարյանական կառավարման այս բնութագրական գնահատականով Փենինգտոնը պարզապես բացահայտել է Քոչարյանի կառավարման ամբողջ «փիլիսոփայությունը», որը ճանապարհ է դեպի կեղծիքն ու փակուղին:
Անդրադառնալով ԱՄՆ պաշտոնական մոտեցման ձեւավորման խնդրին՝ հեղինակը նկատում է, որ մոտակա ժամանակում իրենց համար լավագույն մարտավարությունը կլինի ամեն միջոցով Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող ցանկացած անկեղծ ջանքի գործադրմանն աջակցությունը, երբ վերջինս ձգտի ազգային համաձայնություն ստեղծել եւ իշխանությունից հեռացնել կոռուպցիոներներին: Հետաքրքիր է, որ Փենինգտոնն այստեղ մոռանում է Սերժ Սարգսյանի մասին իր եւ նախորդ դիվանագետների կարծիքները եւ անիրական հույսեր փայփայում առ այն, որ վերջինս կոռուպցիան հաղթահարելու ձգտում կցուցաբերի: Այստեղ հավանաբար կրկին խոսում է ԱՄՆ պետական շահի գիտակցությունը. հովանավորել Հայաստանի իշխանություններին սեփական նպատակների իրականացման դիմաց: Փենինգտոնը հավելում է, որ իրենք շարունակելու են իշխանությունների առաջ ճշմարտությունը բարձրաձայնել եւ չթուլացնել քննադատությունը հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ: Այս ամենով հանդերձ՝ ամերիկացին արձանագրում է, որ չի կարելի երկար ժամանակ հույսեր փայփայել Սերժ Սարգսյանի դրական բնույթի շուրջ, եթե վերջինս գործնական ու վստահելի քայլերով դա չապացուցի:
Արժանահիշատակ է ԱՄՆ գործերի նախկին հավատարմատարի այն պնդումը, որ չպետք է որեւէ ձեւով սասանել հայ հասարակության կարծիքը ԱՄՆ-ի՝ ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության հանդեպ ունեցած պատասխանատվության մասին: Սրանով հանդերձ՝ Փենինգտոնն անցում է կատարում Սերժ Սարգսյանի հաղթանակի առթիվ Սպիտակ տան կողմից շնորհավորական ուղերձի թեմային: Հեղինակը տեղեկացնում է, որ Մ.Բրայզայի այցի ընթացքում դիվանագիտական տարբեր շրջանակներում քննարկումներ ընթացել են այս հարցի առնչությամբ: Սեփական կարծիքը ներկայացնելով՝ դիվանագետը հայտնում է, որ Վաշինգտոնը պետք է շնորհավորական ուղերձը հղի արտակարգ դրության ավարտից հետո կամ էլ Սարգսյանի երդմնակալության արարողության նախօրյակին: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի՝ կեղծիքների միջոցով նախագահի աթռին բազմելը քանիցս արձանագրած դիվանագետը խոստանում է չսասանել հայ հասարակության վստահությունը եւ նույն պահին խորհուրդ տալիս շնորհավորել քաղբանտարկյալներ պահող ու Մարտի 1-ի սպանդի միջոցով իշխանությանը տիրացած գործչի «հաղթանակը»:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ
Հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում անհայտ անձը կամ անձինք վնասել էին Վահագն Վիշապաքաղի արձանը: Այս կապակցությամբ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հոկտեմբերի 28-ին գրություն էր ուղարկել ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանին: Ի պատասխան այդ գրության՝ Կ. Հակոբյանը հայտնել է. «Համաձայն «Պատմամշակութային հուշարձանների արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության մասնաճյուղից ստացված գրության՝ Իջեւան քաղաքի Վասիլյան եւ Անկախության փողոցների խաչմերուկում տեղադրված «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը պահպանվում է պետության կողմից, հուշարձանին էական վնաս չի պատճառվել:
Իսկ ինչ վերաբերում է նշված քանդակի հեղինակ Արմեն Դավթյանի գրությանը, որ քանդակի վերականգնման համար հարկավոր է 100.000 դրամի ներդրում, ապա հայտնվում է, որ ոստիկանության Իջեւանի բաժինը ներդրում չի կարող կատարել, այդ հարցով դիմեք ներդրումներ կատարելու իրավասություն ունեցող կազմակերպություններին»: Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ծառայության աշխատակիցները վնասված հուշարձանի լուսանկարներ են արել, որոնցից առավել քան տեսանելի է քանդակին հասցված վնասի չափը:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հոկտեմբերի 25-ին դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ քաղաքի Անկախության փողոցում տույայի ջարդված ծառ են հայտնաբերել: Դրանից առաջ անհայտ չարագործներն Իջեւանում տույայի եւս 2 ծառ են ջարդել: Քաղաքապետի վկայությամբ՝ քաղաքապետարանը 2 տարի առաջ հատը 80-90 հազար դրամով տույայի 12 ծառ է գնել եւ դրանք տնկել Իջեւանում:
Քաղաքային զբոսայգում տեղադրված, խորհրդային տարիներին Իջեւանում քանդակի միջազգային սիմպոզիումի ժամանակ արարված քանդակների մի մասը նորոգվելուց հետո տեղափոխվել է Աղստեւի առափնյա փողոց: Դրանք լուսավորվում էին գիշերային լուսավորության լամպերով: Քաղաքապետ Վարդան Ղալումյանի խոսքերով՝ քանդակների գիշերային լուսավորության լամպերից 6-ը անհայտ չարագործների կողմից ջարդվել են: Դրանք ջարդողները եւս հայտնաբերված չեն: Ոստիկանության Իջեւանի բաժինն իրավասու չէ վնասված արձանի, ծառերի, լամպերի վերականգնման համար դրամական ներդրում անել, սակայն կոչված է բացահայտելու այդ հանցագործությունները կատարողներին: Այլապես ի՞նչ է նշանակում «պահպանվում է պետության կողմից» արտահայտությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԼՈՒՐԵՐ
ՉՔՎԵԱՐԿԵԼՈՎ՝ ԿՈՂՄ
Երեկ ԱԺ-ի նիստում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակարգերի մասին» նախագիծը: Մինչ քվեարկությունը ելույթով հանդես եկավ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, որը հայտարարեց, որ նման օրինագիծ արդեն չորրորդ անգամ է դրվում քվեարկության, եւ ամեն անգամ խորհրդարանը բարդ իրավիճակում է հայտնվում: «Շատ լավ կարելի է հասկանալ քվեարկողների մոտեցումները: Պարզ է, որ այս նախաձեռնությունը պետք է 131 կողմ ձայներ ունենա խորհրդարանում եւ լինի միաձայն»,- ասաց նա եւ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Նախագծին կողմ քվեարկեցին 8, իսկ ձեռնպահ` 1 պատգամավոր, դեմ ոչ ոք չքվեարկեց:
ԶՈՒՍՊ ԵՆ
2015-ի բյուջեն ընդամենը «յոլա գնալու» բյուջե է: Եկող տարվա բյուջեին նման բնորոշում տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում: «Չենք կարողանում ընկալել, թե ինչպես մի քանի հազար դրամի նպաստների ավելացմամբ իրենց բարեկեցությունը պետք է ապահովեն նպաստ ստացող ընտանիքները, այն դեպքում, երբ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, աղքատությունը կազմում է 32 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը, կրկին ըստ պաշտոնական տվյալների, շուրջ՝ 22 տոկոս»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը: Նա նաեւ անդրադարձավ գործազրկության պատկերին՝ շեշտելով, որ չնչին փոփոխություններով չի կարելի ասել, թե երկրում էական բարեփոխումներ են տեղի ունենում: «Փոխանակ ոտքի հանենք արդյունաբերությունն ու տնտեսական այլ գործոնները, ծրագրեր ենք մշակում ինչ-որ աղբահանության համար, որոնց համար հսկայական գումարներ ենք հատկացնում: Հասկանում եմ, որ Կառավարությունը ստացել է խայտառակ ժառանգություն, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: Բյուջեում չեմ կարողանում որեւէ դրական բան գտնել», – ասաց Ուրիխանյանը: Ի դեպ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից անցած տարի 2014-ի պետական բյուջեն ներկայացնելիս ԲՀԿ-ականները Կառավարության հասցեին ինչ լուտանքներ ասես, որ չտեղացին: Այս բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նրանք իրենց որակումներում առավել քան մեղմ եւ ներողամիտ են: Այս տարբերությունը, ըստ գնահատականների, պայմանավորված է այն փաստով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ի վերջո, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամին է, իսկ կուսակցության թիվ մեկ խնամուն չի կարելի «սրի քաշել»: