Սերժ Սարգսյանի նստավայրում այսօր` մայիսի 29-ին, տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների եւ մրցանակի արժանանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել կատարած կարեւոր աշխատանքի համար եւ մաղթել նոր հաջողություններ:
Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ասել է.
Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հարգելի՛ դափնեկիրներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր ձեռքբերումների կապակցությամբ: Գիտնականների եւ արվեստագետների հաջողություններն ուրախալի են բոլորիս համար, եւ մենք մեր պարտքն ենք համարում այս մրցանակներով շեշտել եւ ընդգծել նրանց աշխատանքը: Ինձ եւ, վստահ եմ, մեր ողջ հանրության համար բացառիկ կարեւորություն ունեն հատկապես երիտասարդական մրցանակները, քանի որ դրանք օգնում են ապահովել մեր մշակութային զարգացման անընդհատությունն ու շարունակականությունը:
Եթե ճշգրիտ գիտությունների բնագավառում արած հայտնագործությունները կարող են մնալ գիտական հանրության նեղ շրջանակում, ինչը բնական է, ապա արվեստագետների, պատմաբանների եւ ընդհանրապես հումանիտար գիտություններին վերաբերող աշխատանքները պետք է ունենան լուրջ հանրային հնչեղություն եւ ազդեցություն: Դրանք նոր՝ ավելի հեռուն նայող, պահանջ ներկայացնող հասարակություն ձեւավորելու կարեւոր գործոններ են:
Կարծում եմ՝ առանձնահատուկ զգացումով են ներկաներն ընդունում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքողլուն: Նրա գործունեությունը բացառիկ առաքելություն է: Պատմական ճշմարտությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու համար մղած նրա պայքարը բարձր քաղաքացիական դիրքորոշման եւ խիզախության փայլուն օրինակ է: Խիզախություն է նաեւ Ձեր այսօր այստեղ գտնվելը եւ այս մրցանակն ընդունելը: Ձեր այս կեցվածքն ունի ոչ միայն անցյալն ավելի խորը հասկանալու նպատակ, այլեւ ուղղված է հարեւան ժողովուրդների փոխադարձ հասկացողությունը նոր մակարդակի բարձրացնելուն: Այն ուղղված է ապագային: Շնորհակալ եմ Ձեզ:
Հարգելի ներկաներ,
Ժամանակին, երբ Պողոսյանների ընտանիքի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, սկիզբ դրվեց այս մրցանակին, հիմքում դրված էին հենց այդ գաղափարներն ու վեհ նպատակները: Շնորհակալություն եմ հայտնում հովանավորներին այս գործը հետեւողականորեն շարունակելու համար: Նաեւ շնորհակալություն եմ հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությանը կազմակերպչական ջանքերի համար, ինչպես նաեւ մասնագիտական հանձնաժողովներին, որոնք դժվարին, բայց շնորհակալ աշխատանք են կատարում:
Կրկին շնորհավորում եմ եւ մաղթում, որ մեր դափնեկիրներն այսուհետ եւս հաջողություններ արձանագրեն եւ նոր բարձունքների հասցնեն Հայաստանի արվեստն ու գիտությունը»:
Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2011 թվականի մրցանակ է շնորհվել Հարություն Մարությանին` Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երեւույթը, Մեծ եղեռնի եւ Ղարաբաղյան շարժման միջեւ եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության եւ մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար, Ռագըփ Զարաքոլուին (Թուրքիա)` Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, թեմայի շուրջ ակտիվ թարգմանչական եւ գրահրատարակչական գործունեության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքները հարգելու համար մղած անդուլ եւ սկզբունքային պայքարի համար:
Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակ է շնորհվել.
բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Աշոտ Սաղյանին` Օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների գերարդյունավետ ասիմետրիկ սինթեզ մենագրության եւ գիտական հոդվածների շարքի համար,
տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Ալբերտ Ղուլյանին, Արմեն Աբրահամյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Համլետ Փիրումյանին, Անդրանիկ Սանոյանին` Տարածքների հսկման ավտոմատ համալիրի մշակում եւ ստեղծում գիտական հոդվածների շարքի համար,
արվեստի բնագավառում՝ Գարրի Ռաշիդյանին` Արդի ճարտարապետության պրոբլեմները զարգացման նոր փուլում եւ առաջիկա խնդիրները հետազոտության, մշակման եւ ներդրման համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Գագիկ Կրյուչկյանին, Տիգրան Գեւորգյանին, Դիանա Անտոնոսյանին, Աննա Շահինյանին` Ֆոտոնիկա՝ կառուցվածքային վակուումում եւ ոչ գծային նյութերում գիտական հոդվածների շարքի համար,
գրականության բնագավառում՝ Հրաչյա Թամրազյանինի` Սրբազան խավար բանաստեղծությունների ժողովածուի համար,
հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Հասմիկ Ստեփանյանին` Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում գրքի համար:
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել Լիլիթ Զաքարյանին (դաշնամուր), Հասմիկ Վարդանյանին (թավջութակ)՝ Գործիքային կատարում անվանակարգում լավագույն կատարման համար:
Հայաստանի նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.
արվեստի բնագավառում՝ Արման Համբարձումյանին` Լեգենդներ քանդակների շարքի համար, Աշոտ Գեւորգյանին` Մետամորֆիկ տրանսակցիաներքանդակների շարքի համար, Աստղիկ Ստեփանյանին՝ Ս.Պրոկոֆեւի Ռոմեո եւ Ջուլիետ բալետի դեկորների եւ զգեստների ձեւավորման համար:
գրականության բնագավառում` Նառա Վարդանյանին` Անկախին սպասելիս գրքի համար: