«ԹՈՂ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԸ ԳՈՐԾՈՎ ԼԻՆԻ, ՈՉ ԹԵ ԹՈՒՅՆ ՈՒ ԹԱՐԱԽՈՎ»
Դերասանուհի Զառա Սահակյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է իր կերտած հումորային կերպարներով, անդրադառնալով Հայաստանում կին հումորիստների սակավության պատճառներին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ նախ՝ հումորային կերպարներում հանդես գալը բարդ աշխատանք է, բացի այդ՝ մեր մենթալիտետի հետ կապված որոշ խնդիրներ թույլ չեն տալիս, որ կանայք հումորային դերերով ներկայանան:
-Երբ վերջերս հայտնի դարձավ, որ կրկին հանդես եք գալիս «Վիտամին» ակումբում, սկսեցին խոսակցություններ պտտվել այն մասին, որ գուցե «Արմենիայի» Ձեր թիմի հետ վիճել եք, իսկ վիտամինցիներն էլ, առիթից օգտվելով, Ձեզ կրկին ընդունել են իրենց շարքերը:
-Դրանք հերթական հայկական խոսակցություններն են, մարդիկ կարծում են, որ եթե մեկն աշխատանքի վայրը փոխում է, ուրեմն կոնֆլիկտի հետեւանք է: Ասեմ, որ տղաներից որեւէ մեկի հետ երբեւէ կոնֆլիկտ չեմ ունեցել:
-Դուք դերասանական կրթություն ունեք, ինչո՞ւ Ձեր ուժերը չեք փորձում թատրոնում:
-Ես ընդգրկված եմ մի ներկայացման կազմում, որտեղ խաղալու եմ դերասան Նարեկ Դուրյանի հետ: Այժմ նա զբաղված է իր մոնոներկայացմամբ, սպասում ենք, որ տրագիկոմեդիայի հերթն էլ գա, եւ այն հայտնվի խաղացանկում: Այդ ներկայացման մեջ ես խաղում եմ եթերային կյանքով ապրող աղջկա, սիրուհու դեր:
-«Երե1» ծրագրում Ձեր կերտած «չար տալ» Օսանի կերպարը քննադատվեց իր կոպտության եւ հնչեցրած ժարգոնային արտահայտությունների համար: Ինչպես եք վերաբերում նման քննադատությանը:
-Միանշանակ համաձայն եմ, որ կերպարը կոպիտ էր ստացվել: Օսանն ինձ հոգեհարազատ չի եղել:
-Այդ դեպքում ինչո՞ւ համաձայնեցիք նրա դերը ստանձնել:
-Երկար քննարկումներ անցկացնելու ժամանակ չկար: Դա թիմային աշխատանք է, եւ կերպարի լինել-չլինելու հարցը միայն դերասանից կախված չէ:
-Գիտենք, որ Ձեր մարմնավորած կերպարները հաճախ ասոցացվում են Ձեզ հետ, եւ բազում զվարճալի դեպքեր են լինում: Կպատմե՞ք դրանցից մեկը, որն ամենաշատն է տպավորվել:
-Այո՛, իհարկե: Երբ խաղում էի հղի Ռուզիկի դերը, իսկապես բալիկի էի սպասում, եւ երբ արդեն ծննդատանն էի, աշխատակիցներն ասում էին. «Բա ամուսինդ՝ Ռազմիկն ո՞ւր է»: Այնինչ իմ իրական ամուսինը կողքիս էր, իսկ նրանք կարծում էին, թե Դավիթն իմ եղբայրն է: Այնքան էին ինձ ասոցացրել կերպարիս հետ, որ ասում էին. «Ամա՜ն, քոռացանք, մարդը չի եկել կնոջը տեսնելու» (ծիծաղում է):
-Զառա՛, կա կարծիք, որ Հայաստանում հումորային հաղորդումներն իրենց սպառել են, եւ կենցաղային, ցածրաճաշակ հումորը դարձել է գերակշռող, համաձայն ե՞ք:
-Սա մի էտապ է, որը պետք է հաղթահարել: Իսկ ո՞ր ոլորտն իրեն չի սպառել, երգարվեստի ասպարեզը, օրինակ, մի՞թե փայլատակում է: Քննադատողները լավ կանեն՝ աշխատեն, թող հակահարվածը գործով լինի, ոչ թե թույն ու թարախով:
-Հայաստանում կին հումորիստներին մատների վրա կարելի է հաշվել, ինչո՞վ կբացատրեք նրանց սակավությունը: Մի՞թե մեր կանայք հումորի զգացում չունեն, թե գուցե բավականաչափ համարձակ չե՞ն:
-Նախ՝ որովհետեւ շատ ավելի հեշտ է որեւէ դրամատիկ հատված խաղալ սերիալում, քան հանդես գալ հումորային ծրագրում: Այնուամենայնիվ, սրամիտ կանայք մեզ մոտ շատ են: Նրանք կարող են սուրճի սեղանի մոտ մի շարք հումորներ անել, սակայն մենթալիտետի հետ կապված խնդիր կա, մարդիկ բարդութավորված են, շատերը դեռ այն գիտակցության չեն եկել, որ բեմում հագած շորով, կերտած կերպարով տվյալ կնոջ մասին կարծիք չեն կազմում: Երբ այս ամենին զուգահեռ հասարակության կողմից քննադատությունները, հաճախ նաեւ՝ անձնական վիրավորանքները շատ են լինում, կանայք խուսափում են հումորային դերերից:
-Ռուսաստանում, օրինակ, ստեղծվեց «Comedy woman»-ը, գուցե գա մի օր, որ Հայաստանում էլ դրա նախադեպն ունենանք:
-Մի ժամանակ այդպիսի մտադրություն կար, բայց պետք է նկատել, որ քիչ կանայք են պատրաստ այդպիսի ծանրություն կրելու իրենց ուսերին: Բացի այդ՝ մենք ունենք սցենարիստների պակաս, դերասանը, ի վերջո, անսպառ չէ…
-Ձեր որդին շուտով կդառնա 4 տարեկան, նա արդեն մայրիկին ճանաչում է էկրանից: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր երեխան կարող է կրկնել էկրանից Ձեր կողմից հնչեցրած համարձակ արտահայտությունները, ընդօրինակել որոշ վտանգավոր երեւույթներ:
-Երեխան խոսքով չի դաստիարակվում, այլ գործով: Նրա վրա ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ, օրինակ, տան մթնոլորտը, ծնողների վարքը, քան եթերից լսած ինչ-որ խոսքեր: Այնպես որ նման մտավախություն չունեմ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՄՆԱՑԵԼ Է ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀՈՒՅՍԻ՞Ն
WDF Docando ֆեդերացիայի նախագահ, կինոռեժիսոր ու պրոդյուսեր Գոռ Վարդանյանն ԱՄՆ-ում նկարահանել է իր հերթական ֆիլմը, որը կոչվում է «Ստվերները դրախտում»: Նոյեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ֆիլմի անձնակազմի անդամները միաբերան պնդեցին, որ այս ֆիլմի շնորհիվ Հայաստանը ներկայանալի կդառնա ողջ աշխարհին:
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի նախորդ ֆիլմերի փորձը, դրանցում առկա ագրեսիան, բռնություն քարոզող, բաց տեսարանները՝ հայ հանդիսատեսը, տեղեկանալով նոր ֆիլմի թողարկման մասին, համացանցը ողողել էր ծաղրական ու քննադատական մեկնաբանություններով, սակայն ինքը` Գոռ Վարդանյանը, տրամագծորեն այլ կարծիք ունի իր ֆիլմերի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ դրանք նույնիսկ դաստիարակչական բնույթ ունեն:
Մեր այն հարցին, թե, օրինակ, «Վրիժառու-2»-ում առկա ագրեսիան ու բաց տեսարանները չափազանց շատ չե՞ն, Գոռ Վարդանյանը պատասխանեց հեռուստաեթերով տարածվող սերիալային արտադրանքի մասին հիշեցմամբ. «Այսօր թեկուզ հայկական սերիալներ, ֆիլմեր դիտելիս շատ անգամ ավելի վատ բաներ եմ տեսնում, այնպես որ «Վրիժառուն» ուղղակի փառք է, ինչ-որ տեղ նույնիսկ ավելի թույլ է»,-նշեց նա:
Վարդանյանը նաեւ հավաստիացրեց, որ «Ստվերները դրախտում» ֆիլմում առկա է արվեստի տարրը, բայց… «Արվեստը եւ կոմերցիան պետք է ճիշտ համադրվեն, եթե արվեստը շատ լինի, հնարավոր է՝ կոմերցիային խանգարի»,-նկատեց նա:
Ուշագրավ էր ֆիլմի թարգմանչի՝ Սոնա Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ չնայած հայկական ֆիլմերի բարձր որակին՝ մենք մինչեւ այժմ այնպիսի կինոարտադրանք չենք տվել, որով ներկայանալի կլինենք ողջ աշխարհին, իսկ, ահա, «Ստվերները դրախտում»-ը, նրա խոսքով, տալու է այդ հնարավորությունը: Գոռ Վարդանյանն էլ իր հերթին հանդգնեց լրագրողներին խնդրել, որ նրանք տան «Հայֆիլմ»-ից մի արտադրանքի անուն, որը համաշխարհային շուկայում մրցունակ է: Բանախոսները, բնական է, չգիտեին, օրինակ, նույն «Հայֆիլմի» «Վառած լապտեր», «Զինվորն ու փիղը» եւ մի շարք այլ ֆիլմերի մասին, որոնք արտերկրում մեծ հաջողություններ են գրանցել…
Մենք նաեւ հարցրինք, թե ինչպես է Գոռ Վարդանյանը վերաբերում այն հանգամանքին, որ հումորային նախագծերում իր կերպարը հաճախ է ծաղրի ենթարկվում. «Դե, դա հումոր է, ճիշտն ասած՝ ես բանի տեղ չեմ դնում»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ
Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել «Հյուսիսային պողոտայի թագուհին» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ժապավենը ներկայացնում է երգչուհի Ժասմինի (Հասմիկ Անտոնյան) ճակատագիրը: Ֆիլմը, որը նկարահանել է «Հայկական չափանիշ» կինոկենտրոնը, ունի կարգախոս՝ «Զգալ՝ ոչ մի տեղ չեն դասավանդում»: «Նրա հրաշալի ձայնը լցնում է ոչ թե օպերային դահլիճները, այլ երեկոյան Երեւանի երկինքը: Աշնանային անձրեւոտ երեկո, երբ բոլորը միայն մտածում են տուն հասնելու մասին, Ժասմինը ոչ մի տեղ չի շտապում: Դողացող ձեռքով պահելով վառված մոմը՝ նա կարծես երգում է գետնին ընկնող անձրեւի կաթիլների ուղեկցությամբ»,-կնոջ մասին պատմում է ֆիլմը:
ՏԱՐԱՆՏԻՆՈՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է
Հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի աշխատանքների ավարտից հետո պատրաստվում է լքել կինոարվեստը: Նա նշել է, որ չի ցանկանում համալրել ծեր ռեժիսորների շարքը: Տարանտինոյի կարծիքով՝ ճիշտ կլինի կարիերայի պիկին կանգ առնել: Նա «Deadline»-ին տված հարցազրույցում նշել է, որ ռեժիսորներին ժամանակն ավելի լավը չի դարձնում: «Կինոն երիտասարդների գործն է, չեմ կարծում, որ պետք է այս ոլորտում այնքան մնալ, մինչեւ որ ուրիշները խնդրեն քեզ հեռանալ»,-ասել է նա: Երկու տարի առաջ Տարանտինոն հայտարարել էր, որ հեռանալու է կինեմատոգրաֆից իր 10-րդ ֆիլմը նկարահանելուց հետո: Այժմ նա աշխատում է իր 8-րդ ֆիլմի վրա:
ԷԼԹՈՆ ՋՈՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Պետերբուրգում կայացած իր համերգի ժամանակ երգիչ Էլթոն Ջոնը խոսել է Ռուսաստանում տիրող հոմոֆոբիայի մասին: Նա քննադատել է այն հանգամանքը, որ Apple -ի հիմնադիր Սթիվ Ջոբսի արձանը հանվել է այն պատճառով, որ ընկերության ներկայիս տնօրենը՝ Թիմ Կուկը, նույնասեռական է: Երգիչը դիմել է հանդիսատեսին. «Մի՞թե դա ճիշտ է, արդյո՞ք պետք է պղծել Սթիվի հիշատակը միայն այն բանի համար, որ նրան հաջորդած տնօրենը նույնասեռական է: Շուտով այփադները կսկսեն որպես նույնասեռականության քարոզ ընկալվել, իսկ Չայկովսկու երաժշտությունը՝ սեռական այլասերվածություն»: Նշենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստվում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ եւ քննարկել Ռուսաստանում տիրող իրավիճակը: