ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի պետական համալսարանում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ այցելել է Երեւանի պետական համալսարանում բացված «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսին: Նա տարակուսած հայացքով նայում է ապագային՝ գոլորշու «մշուշում»:

 

ՀԱՐՑ. Տարիներ առաջ վաճառել եմ ավտոմեքենաս: Հիմա, երբ քաղաքում տեսախցիկներ են տեղադրված, ավտոմեքենայիս գնորդի վարորդական խախտումները տուգանքների տեսքով գալիս են իմ հասցեին: Դիմել եմ ոստիկանություն, ինձանից պահանջում են վաճառքի նոտարական պայմանագիրը, որը կորցրել եմ: Հնարավոր չէ՞ ֆիքսել տվյալ մեքենայի պետհամարանիշը եւ հենց վարորդին հրավիրել ոստիկանություն: Խնդրում եմ՝ պարզաբանեք:

Մանվել Գեղամյան (29 տարեկան, գյուղատնտես )

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ, այսինքն՝ խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստի ապացուցման բեռը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը:
Եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը հայտարարում է, որ վաճառել է այն, ապա վերը նշված նորմի ուժով պարտավոր է ներկայացնել գործարքը հաստատող պատշաճ ապացույց՝ տրանսպորտային միջոցի առքուվաճառքի պայմանագիր: Եթե քաղաքացին կորցրել է պայմանագրի իր օրինակը, ապա դրա պատճենը կարող է ստանալ համապատասխան նոտարական գրասենյակից, ինչը եւս կհամարվի պատշաճ ապացույց:
Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշով վարորդի ինքնությունը պարզելուն, ապա դա հնարավոր չէ, քանի որ հաշվառման համարանիշները հատկացվում են սեփականատիրոջը եւ հաշվառման տվյալներում գրանցվում են միայն նրա մասին տեղեկություններ: Խորհրդատվության կարգով հայտնում ենք, որ տրանսպորտային միջոցի փաստացի տնօրինողի տվյալները սեփականատերը կարող է ճշտել ԱՊՊԱ կենտրոնական բյուրոյից:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ այս դեպքում քաղաքացին նախ եւ առաջ պետք է դիմի նոտարական գրասենյակ՝ պայմանագիրը ձեռք բերելու համար, այնուհետեւ ԱՊՊԱ կենտրոնական բյուրոյից փորձի ճշտել փաստացի տնօրինողի տվյալները, եւ վարորդի իսկությունն ապացուցելուց հետո կուտակած տուգանքների համապատասխան վճարումները պետք է կատարի արդեն տվյալ անձը: Միեւնույն է՝ այս ոլորտում օրենսդրությունն այնպես է սահմանված, որ վարորդներն անկարող են խախտումներ չկատարել եւ համապատասխան մարմինների կողմից ստեղծված խառնաշփոթի պատճառով նրանք մշտապես գտնվում են ՃՈ-ԴԱՀԿ ճանապարհին:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք՝ ի՞նչ կարգով է գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածվում:

Ստեփան Սաղաթելյան (29 տարեկան, ատամնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով, իսկ գրավի առարկայի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով իրավունքների պետական գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով:

ՀՀ կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ գրավառուն նախապես (2 ամիս առաջ) գրավոր պատշաճ ձեւով ծանուցում է (բռնագանձման ծանուցում) գրավատուին գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու մասին: Նշված ժամկետը գրավառուի կողմից խախտելու դեպքում գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը:




Լրահոս