ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Հայաստանում սահմանադրական կարգի փոփոխություն է նախապատրաստվում, որը տեղի կունենա Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո: Եկող շաբաթ ՀՀ ԱԺ քննարկմանը կներկայացվի եւ կասկածից վեր է՝ կվավերացվի «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Այս պայմանագրի հիման վրա կսկսի գործել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ստորագրած պայմանագիրը: Իսկ ի՞նչ է գրված մայիսի 29-ի պայմանագրում, պարզ չէ, քանի որ դրա բովանդակությունը մինչ օրս գաղտնի է պահվում: Միայն կարելի է այսօրվա դրությամբ արձանագրել, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ այն նախատեսում է վեր պետական մարմինների ձեւավորում, որոնց ակտերը եւ որոշումները Հայաստանի համար պարտադիր պետք է լինեն: Եւ որպեսզի գործող իշխանությունները թաքցնեն ՀՀ ինքնիշխանության սպառնացող վտանգները, նախաձեռնել են ՀՀ սահմանադրական փոփոխություններ, որպեսզի մեր մայր օրենքը «համապատասխանեցնեն» ԵՏՄ պայմանագրին: Իսկ սահմանադրական փոփոխությունների շուրջ բարձրացված աղմուկը, թե իբր Սերժ Սարգսյանն այդպիսով ցանկանում է վերարտադրվել, ընդամենը խաբկանք է` հասարակության ուշադրությունն իրականությունից շեղելու համար: Իշխանությունների վերարտադրման համար պետք է ընտրությունները կեղծվեն, ինչ տարբերություն՝ ներկա Սահմանադրության պայմաններում կկեղծեն, թե փոխվածի: Գլխավորը մեր երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգն է, որն ավելի է խորանում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 23-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Փարիզ կմեկնի խորհրդարանական պատվիրակություն, որի կազմն այս օրերին հստակեցվում է: Տեղեկացանք, որ Գալուստ Սահակյանը Փարիզ է մեկնելու կնոջ` Ժաննա Աղաբաբյանի հետ: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը հրաժարվեց մանրամասներ հայտնել՝ ասելով, թե հարցերը գրավոր ուղարկեք: «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցում պարզեց, որ իսկապես նման այց նախապաստրաստվում է: Ավելին՝ պատվիրակության կազմում նա եւս ընդգրկված է լինելու, իսկ թե էլ ովքեր են լինելու, տեղյակ չէր, քանի որ վերջնական կազմը դեռեւս հաստատված չէ: Հետաքրքիր է, որ հատկապես ՀՀԿ խմբակցության կանանց միջեւ դարձյալ «անողոք» մրցակցություն է ծավալվել` նորաձեւության մայրաքաղաք մեկնող պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Իսկ թե ով կհաղթի, ցույց կտա ժամանակը, երբ կհրապարակվի ԱԺ պատվիրակության կազմը:
Պարզվում է՝ Հայաստանում առկա է 27 հազար հեկտար ոռոգելի հող, որը չի մշակվում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` այս տարվա հոկտեմբերի 23-ի ստորագրած աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումից: Աշխատանքային խումբը ստեղծվել է «ՀՀ շուրջ 27 հազ. հեկտար ոռոգելի հողատարածքները գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար առաջարկություններ նախապատրաստելու նպատակով»: Խմբի ղեկավարին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման եւ մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանին, հանձնարարվել է պարզել. «Հողատարածքների չօգտագործման պատճառները եւ մինչեւ 2015 թվականի մարտի 2-ը ներկայացնել առաջարկություններ՝ դրանք գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար»: Մեր տեղեկություններով՝ վերը նշված չօգտագործվող հողերն արտագաղթի պատճառով «անտեր» մնացած տարածքներն են:
Նոյեմբերի 13-ին լուրեր տարածվեցին, որ Աժ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Սամվել Ֆարմանյանը քաշքշել են միմյանց: Ֆարմանյանը հայտարարեց, թե ոչ հարիր բառապաշարով էր Զուրաբյանը փորձել խոսել իր հետ, ինչի համար «դաստիարակչական ապտակ» էր տվել: Երեկ էլ Զուրաբյանը հակադարձեց, թե «իմ ոտքը, այնուամենայնիվ, անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները: Ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը»: Հիշո՞ւմ եք՝ 2010թ. դեկտեմբերին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւս «դաստիարակչական ապտակ» տվեց ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին, երբ վերջինս Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ վիրավորել էր իր կնոջը: Եւ ի՞նչ եղավ հետո. ՀՀ նախագահի նստավայրի երիտասարդները, այդ թվում եւ Ս. Ֆարմանյանը, կուլիսային «վերջնագիր» ներկայացրեցին Սերժ Սարգսյանին՝ պնդելով, որ Բեգլարյանը պետք է հրաժարական տա: Այդպես էլ եղավ: Հիմա դերերը փոխվել են՝ ՀՀ նախագահի նախկին մամլո խոսնակ Ֆարմանյանն է ապտակել իր գործընկերոջը: Ինչո՞ւ մանդատից հրաժարվելու դիմում չի գրում:
ՔԱՋԱԼԵՐՈՂ
ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետեւել է ՀՀ եւ ԼՂ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին: Սա այն եզակի դեպքերից էր, երբ Սերժ Սարգսյանի խոսքին անհամբեր սպասում էին թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս: Եվ այդ խոսքը երեկ հնչեց: Դիմելով զորավարժության մասնակիցներին` Սարգսյանը նախ շնորհավորեց զինված ուժերի սպաներին ու զինվորներին՝ պայմանական մարտադաշտում ցուցաբերած խիզախության համար, ապա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի եւ ՀՀ զինված ուժերի համագործակցության շրջանակներում երբեւէ անցկացված ամենալայնամասշտաբ այս զորավարժությունները գնահատեց հաջողված` չնայած ուղղաթիռի խոցման ցավալի դեպքին: Անդրադառնալով ազերիների լկտի սադրանքին տրվելիք պատասխանին` նա խորհուրդ տվեց չթերագնահատել հայկական զինուժը եւ նշեց, որ հատուցման օրը գալու է` առանց մանրամասնելու եւ առանց լրացուցիչ կոշտ հռետորաբանության:
Դժվար է ասել, թե որն էր Սարգսյանի` երեկվա սպասվածից առավել զուսպ արձագանքի պատճառը՝ արդյո՞ք իրավիճակի հետագա սրումը չհրահրելու ձգտումը, թե՞, այնուամենայնիվ, ինչ-ինչ այլ պատճառներ, որոնք թույլ չտվեցին նրան ավելի կոշտ դիրքերից հանդես գալ: Ամեն դեպքում, Սարգսյանի երեկվա խոսքում ուշագրավ էին մի քանի նրբություն. նախ՝ նա տեսանելիորեն հուզված էր եւ իր՝ սովորաբար սառը խոսելաձեւին ոչ հատուկ ջերմությամբ էր դիմում զինվորներին: Բացի այդ` նա իր խոսքում մի հետաքրքիր բացահայտում արեց` նշելով, որ ազերիները ի վիճակի են դժվարին վիճակում հայտնված եւ իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Մինչ օրս, նկատենք, խոցված ուղղաթիռի` դժվարին վիճակում լինելու մասին որեւէ տեղ չի հիշատակվել: Պատասխանատու գերատեսչություններից ոչ մեկն այդպես էլ, ի վերջո, չի բացատրել, թե ինչու էր հայկական ուղղաթիռը (երկու ուղղաթիռներ) թռչում չեզոք գոտու եզրագծին չափազանց մոտ` ադրբեջանական սահմանից ընդամենը 20 մետր հեռավորության վրա: Եվ հիմա, երբ Սարգսյանն իր խոսքում ի միջի այլոց արձանագրում է հայկական ուղղաթիռի` դժվարին վիճակում հայտնված լինելու փաստը, կարծես թե դրանով փորձ է անում սրբագրելու հայկական կողմից մինչ այս ներկայացված ինչ-ինչ պարզաբանումներ:
Ինչեւէ, Ս. Սարգսյանի երեկվա խոսքում, թերեւս, ամենակարեւոր հայտարարությունը սա էր. «Եվ վստահ եմ՝ պատերազմ է՛լ չի լինելու»: