ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

23.000 ԴՈԼԱՐԱՆՈՑ ՀԱՅՑ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ (ՃՈՅՏԻ) ԴԵՄ

Աղմկահարույց պատմություններով հայտնի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը մեղադրվում է անօրինականության մեջ: Նրա կողմից ձեռք բերված գույքը վերադարձնելու համար դատարանում հայց է ներկայացվել:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հոկտեմբերի 1-ին «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը դիմել է Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից` Ճոյտից, անօրինական գործողությունների արդյունքում ձեռք բերված գույքը «Բետարտշին» ՍՊԸ վերադարձնելու կամ դրա անհնարինության դեպքում՝ գույքի արժեքը բռնագանձելու պայմանով: Նշենք, որ նախկին պատգամավորից բացի՝ դատարանում պատասխանողի կարգավիճակում է հայտնվել նաեւ «Էջմիածին կամուրջշին» ԲԲԸ-ն: Եւ որպեսզի անկանխատեսելի հետեւանքներ չլինեն, «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ: Եւ այդ միջնորդությունն այս տարվա հոկտեմբերի 3-ին դատավոր Հովհաննես Մելքոնյանը բավարարել է:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, ով ինքնավստահ ասաց, թե անհանգստանալու բան չունի. «Բետարտշին ՍՊԸ-ն, որի նախկին տնօրենը ես եմ եղել, ինձ ասում են, որ լինելով նախկին տնօրեն՝ իմ աշխատանքները ճիշտ չեմ իրականացրել, ու գույք է անհետացել: Արդյունքում դրա դիմաց 23.000 հազար դոլար գումար են պահանջում: Ասում են, որ ես գույքի վաճառքի թույլտվություն եմ տվել, իսկ իմ պաշտպանը դատարանում ասել է, թե տվեք այդ թույլտվության թուղթը, բայց չկա, եթե կա, իրենք պարտավոր են ներկայացնել: Ու միայն ինձանից չեն պահանջում գումար, մյուս նախկին տնօրենների դեմ էլ են մի քանի ամիս առաջ դատարան հայց ներկայացրել` մեկից պահանջելով 32 միլիոն, մեկից՝ 36 միլիոն դրամ, բայց դատարանը նրանց պահանջը չի բավարարել, եւ պարտվել են: Ես վախենալու բան չունեմ, քանի որ անհիմն պահանջ է»:
Ըստ նախկին պատգամավորի՝ իրեն նաեւ չի մտահոգում, որ այս իրավիճակում արգելանքի տակ են դրվել իր գույքը եւ դրամական միջոցները. «Դա նորմալ է: Արգելանքը դրել են, որ մինչ դատական վեճի ավարտը չօտարես այն, դա հայցի ապահովման համար են արել: Խնդիր չկա, ես հիմա էլ կարող եմ տանել, այդ 23.000 դոլարը վճարել եւ արգելանքը հանել, բայց սպասենք, տեսնենք՝ դատարանը ինչ է որոշում»:
Տեղեկացնենք, որ 2010թ. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Բետարտշին» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:
Հիշեցնենք, որ 2009թ. ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում հայտնաբերել էր բյուջետային միջոցների վատնման դեպքեր, որոնցից երկուսի մասով նյութեր էին նախապատրաստվել եւ ուղարկվել դատախազություն: Դրանցից մեկը վերաբերում է «Էջմիածին ջրշին» ՍՊԸ-ին (որի 51%-ի բաժնետերը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է՝ «Ճոյտ» մականվամբ), որը Հրազդան գետի հունի մաքրման, ափերի ամրացման համար պետությունից ստացել էր 190 մլն դրամի պատվեր, որից 157 մլն-ը ծախսել էր անորակ հենապատեր սարքելու եւ գետի հունից որոշ չափով աղբ հանելու վրա, իսկ 33 մլն-ը ծախսելու փաստաթղթային հիմնավորումներն այդպես էլ չէր կարողացել ներկայացնել: Եվ մինչ դատախազությունը կգտներ պետական «բուրդը» յուրացնողներին, «Էջմիածին ջրշինը» քաղհայցով դիմել էր Երեւանի քաղաքացիական դատարան՝ մեղավորին սեփական սցենարով գտնելու նախաձեռնությամբ՝ պատճառաբանելով, որ պետությունից ստացած պատվերը չի կարողացել պատշաճ կատարել «Բետարտշին» ՍՊԸ-ի մեղքով: Այս պատմության մեջ ամենազարմանալի այն էր, որ Հակոբ Հակոբյանը «Էջմիածին ջրշինի» 51%-ի փայատեր լինելուց զատ՝ նաեւ «Բետարտշինի» 70%-ի բաժնետերն է: Ստացվում է, որ Հ. Հակոբյանն ինքն իր դեմ է հայց ներկայացրել դատարան:
Հետաքրքիր իրավիճակ է. սպասենք, տեսնենք, թե դատարանն ինչ որոշում կկայացնի:

 

 

 

ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԿԿԱՆՉԵՆ

ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դեւոյանը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հունիսի 10-ին Սյունիքի մարզի Կաթնառատ համայնքի բնակիչ Արա Գեւորգյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Սոֆի Դեւոյանից վնասի հատուցման պահանջով:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Սոֆի Դեւոյանն ասաց, որ ինքն այս պատմության հետ իրականում առնչություն չունի: Պարզապես 2012 թ.-ին արտիստուհու վարորդը վթարի է ենթարկվել իր մեքենայով, դրա համար էլ Դեւոյանի անունն է հայտնվել փաստաթղթերում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2012թ. նոյեմբերի 12-ին Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդ 46-ամյա Հմայակ Միքայելյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն վստահված «Մերսեդես S 500» մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայով կատարել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել վթարային իրադրություն, ավտոմեքենայի առջեւի մասով ընդհարվել է Դավիթ Բեկ փողոցով ընթացող Արա Գեւորգյանի վարած ՎԱԶ-21214 մակնիշի 555 TD 35 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Ա. Գեւորգյանը եւ ուղեւոր Ն. Սիմոնյանը ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել, իսկ ուղեւոր Ս. Աբրահամյանը մահացել էր:
Տեղեկացնենք, որ 2013 թ. Սոֆի Դեւոյանի վարորդ Հմայակ Միքայելյանը «Էրեբունի» եւ «Նուբարաշեն» վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման:
Բայց Արա Գեւորգյանը պահանջում է նաեւ վնասի հատուցում «Մերսեդեսի» վարորդից: Իսկ մեքենան պատկանում է Սոֆի Դեւոյանին:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՐԸ ՀԵՌԱՑԱՎ
Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բուժսպասարկման բաժնի պետ Ալեքսանդր Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչը հաստատել են ՔԿՎ հանրային կապերի բաժնից՝ ասելով, որ Ա. Սարկիսովն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Որն է այլ աշխատանքը, դեռեւս հայտնի չէ: Տեղեկացնենք, որ Ալ. Սարկիսովը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի հայրն է:

 

ԵՐԵԽԱՅԻՆ ՎԱՃԱՌԵԼ Է
Գյումրիում երեխային վաճառած մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 168-րդ հոդվածի 1-ին մասով` «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը` պատժվում է ազատազրկմամբ»: Հիշեցնենք, որ 2014 թ. հոկտեմբերի 10-ին Գյումրիի բնակչուհուց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դուստրը, երեխային պահելու միջոցներ չունենալով, պայմանավորվել է Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ երեխային 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց կհանձնի նրան: Երեխան ծնվել էր սեպտեմբերի 18-ին, մայրը նրան հանձնել էր քաղաքացուն, վերջինս խոստացված գումարը չէր վճարել՝ հայտնելով, որ նման պայմանավորվածություն չունի, երեխային վերցրել է՝ շնորհակալություն հայտնելով: Պատժվելու է մայրը:

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քր. գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քր. օր. 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Իմէքս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ Մ.Վարդանյանն իրեն ամրակցված «Կամազ-53202» մակնիշի, 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով այդ օրը՝ ժամը 19:15-ի սահմաններում, խախտելով «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է` երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալով՝ զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաեւ՝ կանգնել հատվող երթեւեկելի մասի եզրից առաջ, ստեղծել է վթարային իրավիճակ եւ բախվել Ռազմիկ Մկրտչյանի վարած, Երեւան-Գյումրի երթուղու ուղեւորատար ավտոմեքենային: Մահացել էր 7 ուղեւոր, իսկ 7-ը վիրավոր են:

 

ՃՇՏՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի նոյեմբերի 5-ի համարի հրապարակումներից մեկում նշել էինք, որ անշարժ գույքի վաճառքով զբաղվող «Բարս» ընկերության հիմնադիր-տնօրեն Մարինա Չատինյանի որդին ամուսնացել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր հետ: «Ժողովուրդը» պարզեց, որ զույգը մեկ տարուց ավել է, ինչ բաժանված է, եւ նրանք այլեւս ամուսիններ չեն:

 

 




Լրահոս