ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՊՏԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Նախօրեին ՀՀ Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած քաշքշուկը ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Սամվել Ֆարմանյանի միջեւ այնքան զվարճալի չէր, որքան դրան հաջորդած գործընթացներն ու ազգընտիրների պահվածքը:
Նախ արձանագրենք, որ աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում հաճախ են իրար քաշքշում, ուստի այդ առումով զարմանալի բան չկար ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցածի մեջ: Առավել եւս, որ բախումը չէր գրանցվել տեսախցիկների առջեւ: Ընդամենը ԱԺ դահլիճում ծավալված քննարկումից հետո կովկասյան տաքարյունությունը դրսեւորվել էր նիստի ավարտից հետո, երբ Լեւոն Զուրաբյանը, Ֆարմանյանի խոսքերով ասած՝ ոչ հարիր բառապաշարով էր փորձել խոսել իր հետ: Ի պատասխան՝ Ֆարմանյանը «դաստիարակչական ապտակ» էր հասցրել Զուրաբյանին: Վերջինս էլ, բնականաբար, համարժեք պատասխան էր փորձել տալ: Այսինքն՝ տղամարդկային զրույց էր եղել, որն ունեցել էր բուռն հետեւնքներ, ընդամենը: Այս պատմության մեջ զավեշտալին այն էր, որ նախ՝ դեպքից կարճ ժամանակ անց պատգամավոր Ֆարմանյանը շտապեց պատմել «դաստիարակչական ապտակի» մանրամասները, երեկ էլ «ընդհատակ անցած» Զուրաբյանը որոշեց պատմել իր ոտքի արկածների մասին՝ հայտնելով, թե. «Ես օբյեկտիվ մարդ եմ եւ ականատես եմ եղել այդ պատահարին: Կարող եմ հաստատել, որ իմ ոտքը, այնուամենայնիվ, անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները: Ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը: Ես խիստ բարկացել եմ ոտքիս վրա»:
Թե ինչու են «աքլորացել» պատգամավորները, դժվար չէ հասկանալ՝ յուրաքանչյուրն իր շրջապատում խնդիր ունի ապացուցելու, թե ինչքան համարձակ է եւ ինչպես կարող է «ոչնչացնել» իր ընդդիմախոսին: Մինչդեռ մեր երկրում բազում չլուծված խնդիրներ կան, որ լավ կլիներ ազգընտիրները նույնպիսի ջերմեռանդությամբ ու քաջությամբ նպաստեին դրանց լուծմանը:
Բայց այստեղ ուշագրավ է նաեւ մեկ այլ հանգամանք. հիշո՞ւմ եք՝ 2010թ. դեկտեմբերին Երեւանի ընտրված քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւս «դաստիարակչական ապտակ» տվեց ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: Ընդ որում, ի տարբերություն Ֆարմանյանի հասցրած ապտակի, Բեգլարյանի ապտակն ավելի «դաստիարակչական նշանակություն» ուներ, քանի որ Կանդայանն աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ վիրավորել էր նախկին քաղաքապետի կնոջը: Եւ ի՞նչ եղավ հետո. ՀՀ նախագահի նստավայրում աշխատող գրեթե բոլոր երիտասարդները կուլիսային «վերջնագիր» ներկայացրեցին Սերժ Սարգսյանին՝ պնդելով, որ Գագիկ Բեգլարյանը պետք է հրաժարական տա քաղաքապետի պաշտոնից, քանի որ համարձակվել է նախագահի աշխատակազմի ներկայացուցչին «դաստիարակել»: Բեգլարյանն էլ գրեց հրաժարականի դիմումը եւ հեռացավ քաղաքապետի սիրելի պաշտոնից:
Հիմա դերերը փոխվել են՝ ՀՀ նախագահի նախկին մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է ապտակել իր գործընկերոջը: Ինչո՞ւ նա չի շտապում մանդատից հրաժարվելու դիմում գրել: Ի վերջո, ապտակն ապտակ է: Արդյո՞ք Ֆարմանյանի ապտակն ավելի «զորավոր» է, եւ նա պետք է անպատիժ մնա, թե՞ պարզապես այդ ընթացքում անհրաժեշտ էր Գագիկ Բեգլարյանի «հարցերը լուծել»:
Համաձայնեք՝ տգեղ իրավիճակ է՝ համեմատության մեջ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը հարցեր ուղղեց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին.
1. Պարո՛ն Ֆարմանյան, Լեւոն Զուրաբյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Դուք հայտարարեցիք, որ «դաստիարակչական ապտակ» եք տվել նրան: Երեկ Զուրաբյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Դուք մոտիկից ծանոթացել եք իր ոտքի հետ: Իսկապե՞ս այդպես է եղել:
2. Դուք ինչո՞ւ այդ մասին չէիք ասել Ձեր հարցազրույցում: Թաքցնելու ինչ-որ բան կա՞ր:
3. Տեղի ունեցած միջադեպը հետաքրքիր նախադեպ ունի՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, երբ Երեւանի քաղաքապետն էր, 2010-ին «դաստիարակչական ապտակ» հասցրեց ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Կանդայանին, որից հետո ՀՀ նախագահի նստավայրի երիտասարդների թիմը, «երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած», կուլիսային պայքարի արդյունքում հասավ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին: Դուք եւս այդ երիտասարդների խմբում էիք եւ գործուն մասնակցություն ունեցաք Բեգլարյանի հրաժարականի հարցում: Հարց՝ ունենալով այս նախադեպը՝ հնարավո՞ր է Ձեր դեպքում էլ «դաստիարակչական ապտակը» ավարտվի՝ մանդատը վայր դնելով կամ գոնե հրապարակային ներողություն խնդրելով:
Այս հարցերը ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այդպես էլ անպատասխան թողեց:
Հիշեցնենք, որ այսօրվա «Հանրապետական կուսակցության» անդամ Սամվել Ֆարմանյանը նախկինում «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավարն էր, ապա դարձավ «Միացյալ ազատական ազգային» կուսակցության՝ ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ գրեթե միաժամանակ նշանակվելով ՀՀ նախագահի մամլո խոսնակ:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՈՒՄՈՎ
70-ամյա Իտալիա տատիկն ապրում է Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում: Սակայն արտասովորը ոչ թե Իտալիա Մովսիսյանի անունն է, այլ այն, որ ծեր կինը 9 տարեկանից մինչ օրս ստեղծագործում է: Ինչպես ինքն է ասում՝ հայրենիքի, հող ու ջրի, մոր ու զավակի երգիչ է:
«Շատ կուզեի, որ մի բարի մարդ հայտնվեր, մի փոքրիկ գրքույկ կարողանայինք հրատարակել…»-երազում է տարեց բանաստեղծուհին:
Պատմում է, որ ստեղծագործություններից ոչ մեկը չի պատռել, չի կորցրել, ամուսնուց գաղտնի խնամքով պահել է, քանի որ խանդոտ կողակիցն արգելել էր իրեն մտքերը թղթին հանձնել: Կնոջ խոսքերով՝ այդպես էլ կյանքում երջանիկ չապրեց. որբացած մանկությանն հաջորդել են ամուսնական ծանր տարիները, ու չնայած 4 զավակ է լույս աշխարհ բերել, հիմա լրիվ միայնակ է: Իտալիա տատիկի միակ մխիթարությունը թոռն էր, ով երեք տարի է՝ մահացել է, բայց նրա դատավարությունն ընթանում է մինչ օրս:
Երեք տարի առաջ թոռը՝ Հայկ Մովսիսյանը, ով հիվանդության պատճառով ազատվել էր զինվորական ծառայությունից, ստացել ՊՆ նախարարի կնիքով զինգրքույկն ու մեկնել Մոսկվա` բուժում ստանալու, հայրենիք վերադառնալիս՝ հենց օդանավակայանում, ձերբակալվում է որպես դասալիք: Հայկին դատապարտում են եւ տեղափոխում Շուշիի բերդ, որտեղ ամիսներ անց տղան ինքնասպան է լինում: Սակայն տատը չի հավատում այդ վարկածին, նա համոզված է, որ թոռանը սպանել են, քանի որ ձեռքն ու ոտքերը կոտրված են եղել:
Տարեց կնոջ երազանքը թոռան արդար դատավճիռն է եւ հեղինակային գրքույկի հրատարակումը:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան
ԳՈՒՅՔԱՅԻՆ ԽՃՃՎԱԾ ՎԵՃ
Հայտնի երգիչ, երգահան, Դիլիջանի պատվավոր քաղաքացի Արզաս Ոսկանյանի որդուն՝ Գրիգոր Ոսկանյանին առնչվող դատն ավելի քան մեկուկես տարի է՝ շարունակվում է: Երեւանի բնակիչ Արծրուն Պողոսյանը 2013թ. փետրվարի 26-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան շարժական գույքը վերադարձնելու պահանջով հայց է ներկայացրել Դիլիջանում գրանցված «ԳԻՏԻ ՏՕՍՏՕ» ՍՊԸ-ի դեմ, որի նախագահը Գրիգոր Ոսկանյանն է: Գործով որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող 3-րդ անձ է ներգրավվել «Անելիք բանկ» ՓԲԸ-ն:
Դատարանը բավարարել է Ա. Պողոսյանի միջնորդությունը եւ որպես հայցի ապահովման միջոց արգելանք է դրել Ա. Պողոսյանի եւ «ԳԻՏԻ ՏՕՍՏՕ» ՍՊԸ-ի միջեւ 2012թ. սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրի հավելվածով ՍՊԸ-ին հանձնված գույքի վրա: Ըստ պայմանագրի՝ Ա. Պողոսյանը «ԳԻՏԻ ՏՕՍՏՕ»-ի ժամանակավոր անհատույց օգտագործմանն է հանձնել ռեստորանի շարժական գույքը՝ տարբեր քանակի սպասքեղեն, կահույք, ամանների լվացարան, գազօջախ, նկարներ, բիլիարդի սեղան եւ այլն, ընդհանուր առմամբ՝ 80 անուն ապրանք:
Մինչ այդ՝ 2012թ. օգոստոսի 12-ին, «ԳԻՏԻ ՏՕՍՏՕ»-ն վարկային պայմանագիր է կնքել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի հետ, որով ՍՊԸ-ին տրամադրվել է 1 միլիոն 292 հազար 682 ԱՄՆ դոլարի վարկ՝ 120 ամիս ժամկետով, տարեկան 11 տոկոսադրույքով: Վարկի դիմաց գրավադրվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող գույքը, այն գնահատվել է 542 միլիոն 500 հազար դրամ: Գնահատված գույքի բնութագրում այն նկարագրվում է որպես ռեստորան, հարսանյաց սրահ: 2012թ. դեկտեմբերի 10-ին վարկը դարձել է ժամկետանց, ՍՊԸ-ի պարտքը բանկին կազմել է 1 միլիոն 289 հազար 927 դոլար: Գ. Ոսկանյանը բանկին գրավոր հայտնել է, որ դժվարանում է կատարել վարկային պարտավորությունը, խնդրել է դրա դիմաց սեփականություն ընդունել Փարաքարում գտնվող անշարժ գույքը եւ այնտեղ գտնվող շարժական գույքը: «Գույքը պարտքի դիմաց» պայմանագրով 2012թ. դեկտեմբերի 25-ին Գրիգոր Ոսկանյանը վարկային պարտավորության մի մասի՝ 377 միլիոն 289 հազար դրամի դիմաց բանկի սեփականությանն է հանձնել Փարաքարում գտնվող բնակելի տուն-ռեստորանը:
2013թ. մայիսի 15-ին Դիլիջանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Աշոտ Խաչիկյանը վճռել է շարժական գույքը ետ վերադարձնելու պահանջով Ա. Պողոսյանի հայցը մերժել: Այդ վճռի դեմ Ա. Պողոսյանը եւ «ԳԻՏԻ ՏՕՍՏՕ»-ն վերաքննիչ բողոք են ներկայացրել: 2013թ. հոկտեմբերի 17-ին քաղաքացիական վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը մերժել, ինչից հետո Ա. Պողոսյանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել: 2014թ. մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել քաղաքացիական վերաքննիչ դատարանի նշված որոշումը եւ գործն ուղարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Ներկայումս Իջեւանում դատավոր Արման Կուրեխյանի կողմից քննվում է այդ բազմաչարչար գործը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ