ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԴԵՊԻ ՌԴ ՉԻ ԱՃԻ

Ռուսաստանի Դաշնությունում սկսված նոր տնտեսական ճգնաժամի ու ԵՏՄ-ի շրջանակներում համագործակցության ընդլայնման խնդիրների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

-Հունվարի մեկից, երբ արդեն Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին, հնարավո՞ր է՝ հայկական աշխատուժի նոր արտահոսք լինի դեպի Ռուսաստանի Դաշնություն:
-Ո՛չ, հիմա մի քիչ կզգուշանան, արդեն քանի որ Ռուսաստանի Դաշնության տնտեսության վիճակն օրըստօրե վատթարանում է, եւ մինչեւ անգամ մեկնածների մի մասը վերադառնալու խնդիր ունի: Կարծում եմ, որ հունվարի 1-ից հետո մեծ հոգսեր չեն լինի:
-Այսինքն՝ ներգա՞ղթ է սպասվում:
-Մի մասը վերադառնում է, որովհետեւ կարգեր էին խախտել, եւ ՌԴ-ն տնտեսապես լավ վիճակում չէ, ինչի արդյունքում կարող է աշխատուժի կրճատում տեղի ունենալ, աշխատատեղի նվազում, որովհետեւ ռուսական ընկերությունները ֆինանսապես ավելի վատ վիճակում են գտնվում:
-Պարո՛ն Մակարյան, Ձեր տեղեկություններով՝ ո՞ր ընկերություններն են դրանք:
-Ճանապարահաշինարարական, որովհետեւ մի քանի միջազգային կազմակերպություններ կան, որոնք որ տենդերով շահել են եւ պետք է ՌԴ-ում իրականացնեին ճանապարհաշինարարական աշխատանքներ: Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ-ի կողմից սահմանած սանկցիաներից հետո ՌԴ-ն նույնպես իր կողմից սանկցիաներ է կիրառել, ինչի արդյունքում այդ ընկերություններն իրավունք չեն ունենում աշխատանքները շարունակել: Հետեւաբար, պոտենցիալ աշխատուժի ներգրավում տեղի չի ունենա: Այսինքն՝ բանվորական կամ նմանատիպ աշխատանք կատարող կամ այլ բնույթի աշխատանքներ կատարող մարդկանց լավ ժամանակներ չեն սպասվում: Տնտեսական վատթարացման դեպքում անշարժ գույքի գինը նվազել է, եւ նաեւ գնողունակությունն է ընկել, մարդիկ հետաքրքրություն չեն դրսեւորում անշարժ գույքի հանդեպ: Հետեւաբար, շինարարության, բնակարանաշինության ծավալներն անխուսափելիորեն կնվազեն: Դրանից բացի՝ արդյունաբերական այն ոլորտները, որոնք որ տարբեր մասնավոր կամ պետական ներդրումների գումարներով էին զարգանում, շարժվում, ակնհայտ է, որ կխեղճանան: Եւ այս ոլորտներում էլ աշխատուժի դուրս մղում կլինի: Մինչդեռ բոլորին հայտնի է, որ հայերի մեծ մասը ՌԴ-ում աշխատում է հենց ճանապարհաշինության, բնակարանաշինության ոլորտներում:
-Դուք ազգայնականության դրսեւորում չե՞ք տեսնում այն բանում, որ Ռուսաստանը հայտարարում է նույն շինարարության, գյուղատնտեսության ոլորտում օտարերկրյա աշխատուժի ներգրավման կարեւորության մասին, բայց խնդիրներ է հարուցում օտարերկրացիների համար, այն դեպքում, երբ ռուս ժողովուրդը չի ցանկանում այս ոլոտներում աշխատել:
-Ամեն մի ասվածի մենք չպետք է ուշադրություն դարձնենք, որովհետեւ ՌԴ-ում համատարած թանկացումներ են: Եւ այն վնասում է երկրի տնտեսությանը, արդյունքում ձեռնարկությունները սնանկանում են:
-Իսկ որքանո՞վ կարելի է որպես հիմք ընդունել ռուբլու անկումը կասեցնելու եւ այն առաջիկայում արժեւորելու Վ. Պուտինի տված խոստումը: Նկատենք, որ դրանից հետո մեկ օրով կանգ առավ ռուբլու արժեզրկումը, բայց հետո նորից շարունակվեց:
-ՌԴ-ն բանկ էր ձեւավորել, որի մեջ գումարներ էր կուտակել, լիդերային բանկ է կոչվում` դրսում գրանցված, որը որ նավթի շահույթներից է առաջացել: Իրենք հույս ունեն, որ երկու տարի այս բանկի միջոցներով երկրի էկոնոմիկայի վիճակը կայուն կպահեն: Բայց դա հարաբերական է:
-Ձեր կանխատեսմամբ ռուբլու արժեզրկումը կշարունակվի՞:
-Իմ կարծիքով՝ դեռեւս այո՛:
-Իսկ ի՞նչ կլինի ՌԴ-ում անշարժ գույքի գների հետ:
-Կէժանանա կամ պարզապես գնորդներ չեն լինի, ինչպես Հայաստանում է, որտեղ գույքը շատ չի էժանանում եւ նույն գնով տեւական ժամանակ մնում է, առք ու վաճառք տեղի չի ունենում:
-Եվ այս պայմաններում խոսվում է այն մասին, որ Հայաստանի համար ՌԴ շուկա արտահանման հեռանկար է բացվում: Որքանով է այդ հեռանկարն իրատեսական` հաշվի առնելով ռուբլու արժեզրկման ռիսկերը:
-Հիմա նրանք պրոբլեմներ ունեն: Ովքեր դոլարով են կնքել իրենց պայմանագրերը, այսօր փորձում են դոլարով վճարում ստանալ: Բայց քանի որ ՌԴ-ն իր տարածքում դոլարի հնարավորությունները սահմանափակում է, արդեն իսկ տուժում են, որովհետեւ գումարներն ուշ են ստանում կամ ռուբլու դիմաց արժեզրկման պատճառով դրամ քիչ են ստանում: Արտահանում են ապրանք, բայց դրա դիմաց դրամ քիչ են ստանում: Բացի այս՝ կա նաեւ մեկ այլ խնդիր. գումարներն են ուշացնում, լինում է, որ ամիսներով չեն վճարում: Իսկ ապրանքները հիմնականում վերաբերում են սննդին՝ հյութեր, պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, շոկոլադ եւ այլն:
-Ձեր ունեցած տվյալներով՝ ԵՏՄ-ին անդամակցությանը նախորդող այս ամիսներին ինչպիսի՞ դրական տեղաշարժ է եղել արտահանման հարցում, կա՞ն նոր հայկական արտադրողներ, որոնց հետ կապված կարող ենք դրական կանխատեսումներ անել:
-Առանձնապես չէ: Արտահանման ծավալները գրեթե չեն աճել, որովհետեւ արտադրողների մի մասը սովոր չէ դրսի շուկաներում աշխատել: Դրա համար գիտելիքներ են պետք, ջանքեր, որոշակի ֆինանսական ներդրումներ, սուպերմարկետներից թույլտվություն՝ վաճառքի իրավունք: Միջազգային սերտիֆիկատներ են պետք, որոնք շատ հաճախ պահանջում են: Առանձնապես իրավիճակը չի փոխվել, ովքեր կային, հիմնականում դրանք էլ աշխատում են: Պահածոների եւ հյութերի ոլորտում կար աշխուժացում, բայց, ցավոք, այս երեւույթներից հետո սկսեց դանդաղել: Իսկ մյուս ոլորտներում դեռ ոչ մի նորություն չկա:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱՌԵՎՏՐԻ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ ՀԵՌԱՑՎՈՒՄ ԵՆ

Նախորդ տարվա նոյեմբերից մարզկենտրոն Կապանում մեկնարկել է անկանոն եւ ժամանակավոր տեղադրված մետաղական տաղավարների հեռացման գործընթացը: Ի կատար է ածվում դեռ 2013-ի հուլիսին ընդունված որոշումը:

Հետպատերազմյան ծանր տարիներին կապանցիներից շատերի համար փոքրիկ առեւտրի կետերը դարձան ընտանիքը կերակրելու միջոց: Սակայն արդեն հետագա տարիներին դրանց անհրաժեշտությունը կամաց-կամաց վերացավ, եւ այդ տաղավարներն ավելի շատ սկսեցին աղճատել քաղաքի դիմագիծը եւ հաճախ չօգտագործվել ըստ նշանակության: Իսկ այս տարի ամռանը քաղաքապետարանը հանդես եկավ դրանց ապամոնտաժման մասին հայտարարությամբ: Նպատակը մեկն էր՝ քաղաքն ավելի գեղեցիկ դարձնել եւ կարգավորել փողոցային առեւտուրը:
Տաղավարների սեփականատերերին նախապես համապատասխան ծանուցագրեր ուղարկվեցին, վեց ամիս ժամանակ տրվեց՝ մետաղական տաղավարները քաղաքի վարչական սահմաններից դուրս տանելու համար: Ստեղծվեց աշխատանքային խումբ քաղաքապետարանի, Սյունիքի փրկարարական վարչության, ոստիկանության աշխատակիցներից: Տաղավարների տերերին նաեւ զգուշացվեց, որ եթե սահմանված ժամկետում դրանք չտեղափոխեն քաղաքի վարչական սահմաններից դուրս, ապա նրանք կտուգանվեն: Սկզբում բնակիչները դժգոհեցին, ոմանք էլ չցանկացան կատարել պահանջը:
Սակայն չնայած դրան` նախորդ տարվա նոյեմբերի սկզբին տաղավարների տեղափոխման աշխատանքները սկսեցին: Ամբարձիչի օգնությամբ դրանք տեղադրվեցին բեռնատարների մեջ եւ տեղափոխվեցին համապատասխան տարածք, որը վարձակալել էր քաղաքապետարանը:
Օգոստոսին արդեն չորս տասնյակից ավել անկանոն տեղադրված տաղավարներ քաղաքի տարբեր հատվածներից՝ Հունան Ավետիսյան, Շահումյան եւ Մուշեղ Հարությունյան թաղամասերից, շուկային կից եւ կենտրոնական այլ փողոցներից, ամբարձիչի օգնությամբ, բեռնատարներով տարհանվեցին: Հերթը հասավ նաեւ ծայրամասային թաղամասերին: Բանջարեղեն եւ այլ ապրանքատեսակներ վաճառողները, իհարկե, դժգոհեցին՝ միեւնույն ժամանակ չժխտելով, որ նախապես տեղյակ էին: Ինչեւէ, տաղավարների տարհանման գործընթացը ողջ թափով շարունակվում է, եւ ըստ ամենայնի` մինչեւ հաջորդ ամառ քաղաքն ամբողջովին ազատված կլինի դրանցից:
Արդեն իսկ այսօր քաղաքի կենտրոնում գործող եւ չգործող տաղավարներով ծանրաբեռնված մայթերն ու ճանապարհների եզրերն ընդարձակվել են, եւ հիմա քայլելն առավել հաճելի է դարձել:

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան

 

 




Լրահոս