ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԴԻՋԵՅՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ»

DJ Սերժոն, ով վերջերս նաեւ եվրոպական շուկա դուրս գալու փորձեր է անում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ չնայած ակումբային երաժշտության հանդեպ հանրության ուշադրությունն աստիճանաբար մեծանում է, մեր երկրում դիջեյները, իրենց ունեցած պոտենցիալի համեմատ, բավարար չեն վարձատրվում:

-Սերժո՛, Հայաստանում դիջեյները որքանո՞վ են պահանջված:
-Այսօր մենք ունենք շատ դիջեյներ, ովքեր մատուցում են որակյալ երաժշտություն, ունեն միջազգային շուկա մուտք գործելու բոլոր հնարավորությունները: Երեւանի պես փոքր քաղաքում ամեն մեկս ունենք մեր ունկնդիրը, աշխատանքի հանդեպ մեր մոտեցումը: Իսկ ակումբային երաժշտության հանդեպ հանրության ուշադրության առումով առաջընթացը նկատելի է:
-Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում ռեստորանային երաժշտության վերաբերյալ մարդիկ ավելի լավ կարծիք ունեն, քան ակումբային երաժշտության, համաձա՞յն եք:
-Իրականում ռեստորանը կամ ակումբն ընդամենը տարածք է, իսկ տրամադրություն, մթնոլորտ ձեւավորողը մարդիկ են: Ռեստորանային երաժշտությունը, թերեւս, մասսայականություն է վայելում դրա հանդեպ բարձր տարիքի մարդկանց հետաքրքրվածության շնորհիվ, իսկ ահա ակումբում փորձ է արվում ներկայացնել ժամանակակից երաժշտություն, որը ոչ բոլորին է հասու:
-Երեւանը կարո՞ղ է համարվել ակումբային քաղաք:
-Միանաշանակ այդ որակումը տալը դժվար է, սակայն սխալ կլինի, եթե ասենք, որ շատ հեռու ենք դրանից: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ճաշակով դիջեյներին, ոլորտի գիտակներին, որպեսզի ունենանք արդյունք:
-Արդեն 8 տարի է՝ Երեւանում զբաղվում եք դիջեյությամբ, սպառվելու մտավախություն չկա՞:
-Գալիս է մի պահ, որ դադարի, ֆորմատային փոփոխության կարիք է զգացվում. դա նորմալ է, երաժիշտը չպետք է կրկնվի: Սպառվելու խնդիր չկա, բայց դադարներ պետք են:
-Մեր դիջեյները, թեկուզ ֆինանսական առումով, ինչպես հարկն է՝ գնահատվո՞ւմ են:
-Գիտեք՝ ցանկացած երկրում այս ոլորտի մարդիկ ունեն եկամտի կողմնակի աղբյուր: Կարծում եմ՝ իրենց ունեցած պոտենցիալի համեմատ դիջեյները մեր երկրում բավարար չեն վարձատրվում: Վերջին ժամանակներում նկատելի է, օրինակ, դիջեյների՝ հարսանիքներին հրավիրվելու տենդենցը. այսինքն՝ նրանց պահանջարկն աստիճանաբար մեծանում է, իսկ եթե մասնագետն ունի պահանջարկ, ուրեմն պետք է լավ վաստակի:
-Արտասահմանցի դիջեյների հետ համագործակցությունն ի՞նչ փուլում է:
-Արտասահմանում սկսել եմ հանդես գալ նոր՝ «Սիմոնյան» բեմական անվամբ, ավելի ճիշտ՝ իմ ազգանվամբ: Սիմոնյանը ներկայացնելու է հաուս ոճի ակումբային երաժշտություն: Եվրոպայում աշխատում եմ տարբեր ստուդիաների հետ, արդեն ունեմ երկու թրեք, որոնք նախատեսված են ակումբների համար: Հայաստանում եւ դրսում պատրաստվում ենք կազմակերպել նաեւ միջոցառումներ, որոնց ընթացքում հանդես կգանք կենդանի կատարումներով:
-Վերջերս «Մի քանի հոգի» նախագծով ներկայացրեցիք «Ազգս չարա» ստեղծագործությունը, ի՞նչ մեսիջ եք ուզում հասցնել հանդիսատեսին:
-Ռեփ տեքստերի շրջանակներում, սովորաբար, բարձրացվում են մտահոգիչ հարցեր, գլոբալ թեմաներ… Ազգս չարացելա, իսկ մենք պետք է տանք պոզիտիվ էներգիա, ժողովուրդն ունի դրա կարիքը, մենք փորձում ենք խոսել մարդկանց հետ, հիմա բարդ ժամանակներ են…
-Ակումբային երաժշտությանը հայկական մեղեդայնություն հաղորդելու խնդիր Ձեր առջեւ դրե՞լ եք:
-Իմ առաջին ալբոմում ընդգրկված էին հենց հայկական ժողովրդական երգերի ռեմիքս տարբերակներ, ինքս երբեւէ չեմ անտեսել ազգային մոտիվները: Հայկական էլեմենտներում արեւելյան շունչ կա, իսկ արտասահամանցիներին դա միշտ հետաքրքրել է:
-Վերջին շրջանում բուռն կերպով քննարկվեց Ձեր անձական կյանքը: Որոշ մարդիկ անգամ խոսակցություններ տարածեցին այն մասին, թե իբր Դուք եւ երգչուհի Էմմին սիրավեպ ունեք, իհարկե, դա հերքվեց, սակայն երկրպագուները չեն դադարում նշել, որ ցանկանում են Ձեր կողքին տեսնել որեւէ մեկին…
-Ես էլ եմ ուզում իմ կողքին որեւէ մեկին տեսնել (ծիծաղում է): 30-ամյակիցս հետո է՛լ ավելի ուշադրություն դարձրի այդ հարցին, սակայն ասեմ, որ չեմ պատրաստվում ամուսնանալ զուտ այն պատճառով, որ, ինչպես ասում են, «արդեն տարիքս է», ուզում եմ այդ քայլին գնալ սրտի թելադրանքով: Հուսով եմ, որ այդ մարդը շուտով շատ անսպասելի կերպով կհայտնվի իմ կողքին:

 

 

 

ՄԵՐ ՄԵԾԵՐԻ ՔԱՆԴԱԿՆԵՐԸ` ԿԵՂՏՈՏ, ԱՆԽՆԱՄ ԵՎ ԿՈՂՈՊՏՎԱԾ

Երեւան քաղաքի մի շարք արձաններ պարբերաբար ենթարկվում են կողոպուտի, դառնում վանդալիզմի զոհ, կամ պարզապես իրենց դարն ապրելուց հետո վտանգվում են, ուստի ունեն վերականգնման, հատուկ խնամքի եւ ուշադրության կարիք: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քանդակագործ, մոնումենտալ դրվագող Ներսես Չարխչյանն իր մտահոգությունը հայտնեց մայրաքաղաքի մի քանի արձանների՝ Վարդան Մամիկոնյանի, Տորք Անգեղի, Ավան վարչական շրջանում գտնվող քնար նվագող աղջկա քանդակի, «Լեռնեցիների պարը» արձանախմբի ճակատագրերի առնչությամբ: Նրա խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը քանդակները փրկելու ուղղությամբ աշխատանքներ չի տանում եւ այդ նպատակով ֆինանսներ չի ներդնում:

Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ նշյալ եւ այլ արձանների վերաբերյալ գրություններով իրենք դիմել են ոստիկանություն, քանդակների վերականգնման համար ստեղծվել են հանձնաժողովներ, որպեսզի ճշտվի վնասի չափը:
«Օրինակ՝ «Լեռնեցիների պարը» արձանի համար Երեւանի քաղաքապետարանը բանակցում է տարածքի սեփականատիրոջ հետ, որպեսզի նրանց միջոցներով քանդակը վերականգնվի»,-նշեց Կ.Այվազյանը:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ հետ քանդակը վերականգնել-չվերականգնելու հարցի շուրջ արդեն երկար ժամանակ` շուրջ երկու տարի է, ինչ բանակցում է, սակայն կարծես թե առայժմ՝ անարդյունք:
Անդրադառնալով վերը նշված մյուս արձանների խնդրին՝ գործակալության աշխատակիցը նշեց. «Վարդան Մամիկոնյանի արձանի դեպքում ես խնդիր չեմ նկատել, եթե քանդակագործը վտանգ է տեսնում, գուցե փորձի ինչ-որ կերպ ուղղություն ցույց տալ: Իսկ ընդհանուր առմամբ, եթե պարզ խոսենք, բյուջեի միջոցները բավական սուղ են…»:
Ն.Չարխչյանը մատնանշեց մեկ այլ խնդիր եւս՝ արձանների լվացման հարցը. «Մեր արձանները կեղտի մեջ կորած են, տոնից տոն լվանալը բավական չէ: Բացի այդ՝ քանդակները պետք է լվացվեն հատուկ նյութերով, չեն ուզում մի երկու կոպեկ ավել ծախսել, որպեսզի այդ հարցով զբաղվի մասնագետը…»,-նկատեց քանդակագործը:
Կ. Այվազյանը եւս կարծում է, որ պետք է աշխատել ամեն վարչական շրջանի սանիտարական սեկտորում համապատասխան մասնագետ պահելու ուղղությամբ, որպեսզի լինեն մարդիկ, որոնք կկարողանան ճիշտ ցուցումներ տալ արձանները մաքրելու գործում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԲԵՄ
Տեւական դադարից հետո երգիչ, հումորիստ Արամ Mp3-ն կրկին վերադարձել է բեմ: Նա այդ փաստը նշանավորել է մենահամերգով, որը կրել է հենց «Վերադարձ» անվանումը: Համերգը կայացել է նոյեմբերի 13-ին՝ «Վիտամին» ակումբում: News.am Style-ի փոխանցմամբ՝ այն նշանակված է երեք օր, գլխավոր հյուրը ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնն է, ով վերջերս հանդիպել էր Արամի եւ Գարիկ Պապոյանի հետ՝ քննարկելու ապագա համագործակցության հետ կապված հարցեր:
Երգչի խոսքով՝ նոյեմբերին ինքը կներկայացնի նաեւ նոր տեսահոլովակ. «Ի դեպ, դրա նկարահանման ընթացքը բավականին դաժան է եղել: Մի պահ քիչ էր մնում կյանքիս հրաժեշտ տայի՝ ժայռից ընկնելով. տեղանքը սողուն էր, եւ երբ ձեռքս դրեցի մի քարի վրա, որ բռնվեմ, փշրվեց. հրաշքով փրկվեցի»,-պատմել է երգիչը:

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Ամերիկյան էպատաժային երգչուհի 21-ամյա Մայլի Սայրուսը սիրային հարաբերություններ է սկսել հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի որդու՝ Պատրիկ Շվարցենեգերի հետ: Just Jared -ի փոխանցմամբ՝ օրերս աստղային զույգը ներկա է եղել ֆուտբոլային խաղի, որտեղ էլ պապարացիները «բռնացրել են» նրանց: Ինչպես երեւում է՝ Սայրուսն ու Շվարցենեգերը չեն պատրաստվում թաքցնել իրենց զգացմունքները. նրանք հանրությանը ցույց են տվել, որ միմյանց նկատմամբ անտարբեր չեն՝ լրագրողների դիմաց իրար գրկելով, համբուրվելով եւ սելֆիներ անելով:

 

ԿԻՐԱ ՆԱՅԹԼԻՆ ՀՂԻ Է
Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին երեխայի է սպասում: Չնայած Կիրան ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն օրերս՝ կարմիր գորգին հայտնվելուց հետո, նրա ուշադիր երկրպագուների աչքից չի վրիպել դերասանուհու հղիությունը, այնպես որ Կիրայի համար այսուհետ շատ դժվար կլինի հանրությունից թաքցնել այդ լուրը:
Նշենք, որ դերասանուհին ամուսնացել է 2013-ի մայիսին երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ: Կիրան խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, սակայն առավելապես հայտնի են նրա մասնակցությամբ «Արթուր արքա», «Բաճկոն», «Կարիբյան ծովի ծովահենները» եւ «Մեռյալի սնդուկը» ֆիլմերը:

 




Լրահոս