ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ Սահմանադրական դատարանի մոտ

Երեկ ՍԴ-ի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ լարված իրավիճակ էր: Ոստիկանները բռնի ուժով, հրելով, քաշքշելով տարածքից հեռացրել են ակցիայի մասնակիցներին: ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը փորձում է «ընկած» քաղաքացիներին օգնություն ցուցաբերել: Ոստիկանությունը երեկ պաշտոնապես հայտնեց, որ դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել:

 

 

ՀԱՐՑ. Հուլիս ամսից անցել եմ կենսաթոշակի: Կենսաթոշակ ստանալու թուղթը ստացել եմ 2 ամիս անց, որը հաշվարկված էր այն օրվանից, երբ դիմում եմ ներկայացրել: Ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք տարիքը լրանալու պահից սկսած չպետք է հաշվարկվի կենսաթոշակը: Բացի այդ՝ աշխատում եմ դպրոցում, իսկ հուլիսին կամ օգոստոսին արձակուրդում գտնվող հիմնարկությունից ցանկության դեպքում չէի կարող վերցնել փաստաթղթերը:

Կարինե Սարգսյան (63 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` կենսաթոշակ նշանակվում է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
Կենսաթոշակ նշանակելու ժամկետներին (այդ թվում` վերոհիշյալ) առնչվող որեւէ բացառություն օրենքով սահմանված չէ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար, եթե քաղաքացին կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում, դիմում չի ներկայացրել, ապա նրա կենսաթոշակը հաշվարկվում է դիմելու օրվանից: Այս դեպքում քաղաքացին արձակուրդի պատճառով հնարավորություն չի ունեցել վերցնելու համապատասխան փաստաթղթերը, հետեւաբար հուսանք, որ 3 ամիսը թեկուզեւ լրացել է, բայց մեր պատկան մարմինները հաշվի կառնեն այն փաստը, որ քաղաքացին իր ցանկությամբ չէ, որ չի ներկայացրել փաստաթղթերը, եւ կենսաթոշակ կսահմանվի քաղաքացու տարիքը լրանալու օրվանից:

 

 

 

ՀԱՐՑ. Արտերկիր մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում չվերթերի վերաբերյալ հայտարարություններն օդանավում արվում են անգլերեն եւ ռուսերեն լեզուներով, մինչդեռ շատ երկրներում՝ տվյալ երկրի պետական լեզվով: Խնդրում եմ պարզաբանեք, երբ ՀՀ պետական լեզուն հայերենն է, ապա այդ դեպքում ինչո՞ւ հայտարարությունները նաեւ պետական լեզվով չեն արվում:

Կարինե Բարսեղյան (66 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դեպի ՀՀ տարածք եւ ՀՀ-ից չվերթներ իրականացնում են մասնավոր կազմակերպություններ, այդ թվում՝ արտասահմանյան: Նրանք շահագործում են իրենց պատկանող (սեփականության, վարձակալության, լիզինգի կամ այլ ձեւի տիրապետման) ինքնաթիռներ: Մասնավոր ընկերություններն են որոշում, թե ինչ լեզվով հնչեցնել հայտարարություններ իրենց կողմից շահագործվող ինքնաթիռներում: Տվյալ պարագայում լեզուների ընտրության հարցը չի կարգավորվում ՀՀ օրենքներով, հետեւաբար գտնվում է քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության կարգավորման ենթակա տիրույթից դուրս:

Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա, իհարկե, միանշանակ պետական լեզվի մասին օրենքի խախտում է: Օտարամոլությունը մեր ժողովրդի մեջ, մանավանդ իր երկրում՝ Հայաստանում, ուղղակի զավեշտալի մակարդակի է հասել: Եթե օդանավերի դեպքում, ինչպես նշվեց, հարցը ՀՀ օրենքի կարգավորումից դուրս է (թեեւ` դարձյալ անընդունելի է), ապա մեր հարազատ հեռուստաեթերից սփռվող օտարալեզու հաղորդումները պարզապես արդեն խայտառակություն են: Էլ չասած ողջ քաղաքը ողողած օտարալեզու ցուցանակների մասին:




Լրահոս