Ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ենթակայության “Նորք Մարաշ” ԲԿ-ի և “NECO” (Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիա) միջազգային ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Համաձայն հուշագրի “Նորք Մարաշ” ԲԿ-ում կմեկնարկի համատեղ բարեգործական ծրագիր, որի շրջանակում սրտի արատով տառապող երեխաների վիրահատական և անհհրաժեշտ բուժման ծախսերը կհոգա “NECO” միջազգային ընկերությունը, իսկ վիրահատությունները կիրականացնեն “Նորք Մարաշ” ԲԿ-ի փորձառու վիրաբույժները: 
Կարևորելով միջազգային կառույցների հետ համատեղ բարեգործական ծրագրերի իրականացումն ու հատկապես երեխաների առողջության վերականգնման առաջնահերթությունը, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական կարևոր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար. “Սա իրապես կարևոր և անհրաժեշտ համագործակցություն կարելի է որակել, քանզի բազմաթիվ երեխաներ հնարավորություն կստանան վերականգնել իրենց առողջությունն ու առողջ ապրելակերպը: Որպես Երևանի քաղաքապետ կարող եմ վստահեցնել, որ մենք միշտ սատարելու ենք նմանատիպ բարեգործական և մարդասիրական նախաձեռնություններին, հատկապես հաշվի առնելով, որ մեր ենթակայության այս հաստատությունը տարածաշրջանում միակ մասնագիտացած բուժհաստատությունն է, որն իր որակական չափանիշներով մեծ համբավ է վայելում ամբողջ աշխարհում: Հատկանշական է, որ “Նորք Մարաշ” ԲԿ-ը գտնվում է նաև Հանրապետության նախագահի մշտական ուշադրության և հոգածության ներքո: Ըստ այդմ, վստահ եմ, մենք ունենք բոլոր հնարավորությունները անհրաժեշտ որակյալ բուժում ապահովել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև աշխարհի տարբեր երկրների մանուկների համար”,-ընդգծել է Երևանի քաղաքապետը: 
Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիայի վարչության նախագահ Նասեր Կազեմինն իր հերթին վստահեցրել է, որ իրենց ընտրության հարցում ևս շատ կարևոր դերակատարում է ունեցել հենց բժշկական կենտրոնի համաշխարհային ճանաչումն ու տարածաշրջանում միակը լինելու հանգամանքը: “Բոլոր նախադրյալները կան, որ մեր համագործակցությունը լինի երկարատև: Ունենալով ժամանակակից սարքավորումներ և բարձր որակավորմամբ մասնագետներ, վստահ եմ, “Նորք Մարաշ” ԲԿ-ը երեխաներին կմատուցի իսկապես բարձրակարգ բուժօգնություն և, որ ոչ պակաս կարևոր է, կապահովի մեր հիմնական նպատակի իրականացմանը. այն է, բարձրակարգ բուժօգնություն ապահովել դրա կարիքն ունեցող տարածաշրջանի բոլոր երկրների երեխաների համար” – ընդգծել է Նասեր Կազեմինը:




Լրահոս