Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է մի հանրային միջոցառում, որն առաջարկում է “Մոսկվիչկա” սուպերմարկետի մոտից Աբովյան փողոց վերադարձնել քանդակագործ Լևոն Թոքմաջյանի կերտած Կարաբալայի արձանը։
Միջոցառման նկարագրության մեջ նշված է.
“Սիրելի” երևանցիներ, ամեն օր տեսնելով Կարաբալայի արձանը Москвичка սուպերմարկետի դիմաց լքված կանգնած՝ ափսոսում եմ, որ իբր թե արձանի լինելիությամբ հարգանք ենք մատուցում իրեն… Եկեք փորձենք նրան տեղափոխել Աբովյան փողոցի իր նախկին տեղը, որտեղ նա անցորդներին իրոք կբաժանի իր վարդերը… Այս փոքր քայլով փորձենք մի փոքրիկ դետալ մեր հին քաղաքից ետ բերել…”։
Նախաձեռնության հեղինակները և Լևոն Թոքմաջյանը ցանկանում են Կարաբալայի արձանն Աբովյան փողոց տեղափոխել։ Այդ խնդրանքով քանդակագործը դիմել է նաև Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ իր Ֆեյսբուքյան էջում գրել է, որ քաղաքապետարանում արդեն հարցը քննարկվում է, և առաջիկայում իր կողմից կդրվի քննարկման քաղաքաշինության գեղարվեստական խորհրդում, և արդյունքների մասին տեղյակ կպահեն հանրությանը։ Քաղաքապետը խոստացել է հաշվի առնել նախաձեռնության հեղինակների կարծիքը։ Քաղաքապետարանը որևէ հստակ պատասխան չի տվել նաև քանդակագործ Լևոն Թոքմաջյանին, ով վճռական է տրամադրված և պատրաստվում է ամեն ինչ անել նախատեսված օրը՝ հունիսի 16-ին, Երևանի խորհրդանիշերից մեկը դարձած ծաղկավաճառի արձանն իր նախկին տեղը վերադարձնելու համար։ Քանդակագործն արդեն աշխատում է արձանի պատվանդանի պատրաստման վրա։