15 տարի անց Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալը խոստանում է վերհանել ողջ ճշմարտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 50-ամյա Էդուարդ Գրիգորյանը պատրաստվում է ամեն ինչ պատմել դեպքի մասին:

Թե ինչու դեպքից 15 տարի անց, ցմահ դատապարտյալը բացատրում է հետևյալ կերպ. «Ողորմի ինտերնետ հնարողի հորը: Ես պատրաստվում եմ ձեզ հետ խոսել փաստերով ու փաստաթղթերով, որոնք կարելի է ստուգել: Եվ կախված չեմ ոչ մի վարձու լրագրողից կամ լրատվամիջոցից»:

Մասնագիտությամբ մանկական օրթոպեդ-տրավմատոլոգը հայտարարել է, որ հանգամանորեն ու փաստարկված ներկայացնելու է իրական պատճառները, դեպքը և հետևանքները, պատմելու է այն ամենը, ինչը երկար տարիներ «համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից»:

«Խոստանում եմ շատ պատասխանատու մոտենալ այս ամենին, որովհետև սա միայն իմ անձնական գործը չէ: Մինչև հիմա լրատվամիջոցները, չնչին բացառությամբ, իրենց տերերի պատվերով արել են ամեն ինչ, որպեսզի քննության առարկա չդառնան իրական պատճառներն ու հետևանքները: Այլապես հարցեր են առաջանալու, որոնց տակից նույն այդ տերերը երբեք չեն կարող դուրս գալ: Ընդ որում՝ տերերը ոչ միայն իշխանության մեջ են, այլև ընդդիմության: Առաջիկայում անուն առ անուն քննության կառնենք առավել նշանակալիցներին և կպարզենք, թե նրանցից ով ինչով էր զբաղված 1994-99թթ.: Առայժմ առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ Հոկտեմբերի 27-ից առաջ իշխանությունը գոյատևում էր դրա պատճառներով, դրանից հետո` հետևանքներով: Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է:

Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։ «Տուժողների» և «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին և ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»,- շարունակելով խոսքը՝ ասել է դատապարտյալը՝ միաժամանակ հավելելով, որ առանձին կանդրադառնա Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքներին։ Ըստ դատապարտյալի՝ սա ուրիշ պատմություն է ուրիշ մարդկանց մասին։ Կպարզվեն նաև շատերին հուզող ուրիշ հանգամանքներ։ Վերջում դատապարտյալը նշում է. «Հոկտեմբերի 27-ը դիտարկելու եմ երկու ասպեկտով` իրավական և քաղաքական: Այս դեպքում սրանք իրարից առանձնացնելը հեշտ չէ, բայց ես կփորձեմ»:

16396_1560287334191410_2465149632049308875_n

Իսկ Armlur.am-ի հարցին՝ երբ է պատրաստվում «բարձրաձայնել իրականությունը», դատապարտյալը խոստացավ. «Շուտով, շատ շուտով»:

Հիշեցնենք, որ 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին՝ երեկոյան 17։00-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի դահլիճ են ներխուժել Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանն ու Դերենիկ Բեջանյանը՝ կրակ բացելով պատգամավորների և նախարարների ուղղությամբ։ Վարչապետ Վազգեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը սպանվեցին:




Լրահոս