Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից օրեր առաջ խոցված ուղղաթիռի դեպքի առնչությամբ.
«6-րդ օրն է, որ հակառակորդի խոցած հայկական ուղղաթիռի օդաչուների անշնչացած մարմինները գտնվում են մեր աչքի առաջ, սակայն մենք Հայաստանի քաղաքական ղեկավարության արգելքի պատճառով չենք կարողանում վերցնել և հողին հանձնել նրանց:
Եվ այս փաստն ամեն րոպե տրորում է բոլորիս, այդ թվում՝ բանակում գտնվող սպաների և զինվորների, արժանապատվությունը:
Նման ամոթալի երևույթը վկայում է հետևյալի մասին.
Իմ դիտարկմամբ՝ մեր ուղղաթիռներն անցել են շփման գծի հայկական կողմի սահմանը և թռիչքը շարունակել չեզոք գոտում: Բացառված է, որ նրանք սխալված լինեին, քանի որ նախ՝ շատ ցածր էին թռչում, ուստի իրենց համար տեսանելի էր ամեն ինչ և, բացի այդ, երկու ուղղաթիռ միաժամանակ չէին կարող նույն սխալը գործել: Նշանակում է, նրանք հրաման են կատարել: Այդ դեպքում ո՞վ է որոշել ուղղաթիռների երթուղին ու առանց պաշտպանիչ ջերմաբալոնների չեզոք գոտով թռչելու հրաման տվել՝ այդպիսով նրանց վերածելով հակառակորդի համար գրեթե 100 տոկոսանոց խոցելի թիրախների: Արդյո՞ք սա դիտավորություն չէ, թե՞ միայն հանցավոր անփութություն է: Նման կասկած է առաջանում հատկապես այն պատճառով, որ հակառակորդը կարծես թե կազմ ու պատրաստ սպասում էր:
Օդաչուների մարմինները մեր ուժերով վերցնելու հնարավորության պայմաններում Կարմիր խաչին դիմելու և 6 օր անորոշության վիճակում սպասելու երևույթը ծաղր է Հայաստանի և նրա բանակի նկատմամբ: Այնպիսի տպավորություն է առաջանում, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գործուն կերպով մասնակցում է հայկական բանակը արժեզրկելու և բարոյազրկելու նպատակի իրագործմանը:
Իսկ ինչո՞ւ ընդունված կարգի համաձայն հակառակորդը մինչ խոցելը չնախազգուշացրեց մեզ: Եվ դա այն դեպքում, որ ուղղաթիռները ընդամենը չեզոք գոտում էին և չէին անցել հակառակորդի սահմանը: Սա վկայում է այն մասին, որ նա այլևս չի վախենում հայկական բանակից, ինչի հիմնական պատճառը քաղաքական ղեկավարության զրոյական արտաքին քաղաքականությունն է: Նա բռնել է ԵՏՄ-ին անդամակցելու միջոցով Արցախը և մեր ինքնիշխանությունը հանձնելու ճանապարհը, իսկ այդ գործը գլուխ բերելու համար հարկավոր է բարոյազրկելու միջոցով կամազրկել ու թուլացնել հայկական բանակը, քանի որ նա է Արցախի և մեր ինքնիշխանության հանձնման գլխավոր խոչընդոտը:
Կատարվածի համար պետք է պատասխան տան քաղաքական ղեկավարությունը և այն բարձրաստիճան հրամանատարը, որն ուղղաթիռներին ուղարկել է չեզոք գոտի՝ այն էլ առանց պաշտպանիչ ջերմաբալոնների:
Ժիրայր Սեֆիլյան, 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար»