«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը զայրացած է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանի վրա: Բանն այն է, թե Սարգսյանին տեղեկացրել են, թե Շաբոյանն իր ամեն մի քայլը զեկուցում է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Անգամ երբ պետք է ինչ-որ կազմակերպության տուգանի, Շաբոյանը «թույլտվություն» է հարցնում վարչապետից: Փորձեցինք լուրը ճշտել ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից, որն ասաց. «Տեղեկատվությունը լիարժեք անհեթեթություն է, նման խոսակցություններ ընդհանրապես չկան: Պարոն Շաբոյանը լավ հարաբերություններ ունի ե՛ւ երկրի նախագահի, ե՛ւ վարչապետի հետ, ու որեւէ խնդիր կամ բարկանալու առիթ չի եղել: Ավելին, հանձնաժողովի աշխատանքը շատ բարձր է գնահատվել, որը բազմիցս բարձրաձայնվել է: Իսկ տուգանքների առումով ասեմ, որ հանձնաժողովն անկախ է, եւ ոչ մի քննարկում չի լինում ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ նախագահի հետ»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ