ՄԱՐՍՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: «Ես  իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն, չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ»,-իր հայտարարությունում նշել է Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը հավաստիացրել է, որ ԱԺ-ում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ եւ գործունյա խմբակցություն:  
«Ժողովուրդ»-ը փորձեց  զրուցել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչ են մտածում վերը նշված հայտարարության մասին: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ԲՀԿ-ականները «ցրում» էին խոսակցությունը, ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ ամեն ինչ պարզ կլինի ԳՄ նիստում, իսկ մյուսներն էլ պատասխանում էին շատ կարճ:

ՄԱԿ նախագահ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
-Խնդրում եմ պարզաբանեք, թե ինչն է պատճառը, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի համարում կոալիցիա կազմել ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ:
-Բովանդակային առումով մեկնաբանության կարիք չկա:
-Բայց ԲՀԿ-ն մտավախություն չունի՞, որ իր այս քայլից հետո կարող է «պատժվել» եւ գործադիր մարմնում շատ քիչ պորտֆելներ ստանալ, կամ առհասարակ դրանցից զրկվել:
-Ի՞նչ պորտֆելի մասին է խոսքը, ես արդեն ասացի, որ այդ հայտարարությունը իրա տեքստով լրիվ բավարարում է հնչեցված հարցերին: Ես երկար չեմ կարող խոսել, զբաղված եմ:

Գ. Ծառուկյանի խորհրդական, ԲՀԿ անդամ ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ
-Տիկի՛ն Պողոսյան, ինչո՞ւ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում կոալիցիա կազմել ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ:
-Ի՞նչ մեկնաբանեմ, ես դեռեւս պետք է մարսեմ այս հայտարարությունը, դրանք լուրջ հարցեր են, այսպես ասած` դա ոտի վրա չի կարելի մարսել: Այստեղ նախարարի կամ անձի ճակատագիր չէ, որ ասես՝ չի լուծվում, հիմա պահը չէ, որ ես մեկնաբանություն տամ: Ես ասում եմ` ձեռնպահ եմ մնում մեկնաբանություններ տալուց:
-Այսինքն՝ Դուք տեղյա՞կ չէիք, որ Ձեր առաջնորդը նման հայտարարությամբ է հանդես գալու, նա Ձեզ հետ չի՞ քննարկել իր որոշումը:
-Շնորհակալություն, ես ձեռնպահ եմ մնում մեկնաբանություն տալուց:

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չեք ցանկանում կոալիցիա կազմել, ինչո՞ւ:
-Տեղյակ չեմ:
-Տեղյա՞կ չեք, որ Ձեր կուսակցության առաջնորդը նման որոշում է կայացրել:
-Հեսա տեղյակ կլինեմ` կիմանամ: Եթե տարածել են, ուրեմն տենց ա, ինքը մեր կուսակցության ղեկավարն է, եթե տենց ա մտածել, մենք էլ պետք է ենթարկվենք իրա որոշումներին:
-Դուք կուսակցությունո՞վ չեք քննարկել կոալիցիայի հարցը:
-Չէ՛,  ես տեղյակ չեմ, ասացիք` իմացա:

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ ԱՐՇԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
-Ձեր հարազատ կուսակցությունը որոշել է, որ կոալիցիա չի կազմելու…
-Տեղյակ չեմ, նոր ընկերներիցս մեկն է զանգահարել, որ նման հայտարարություն է եղել, դեռ ոչ մի բան չեմ կարող ասել: Հայտարարության հետ կապված՝ ոչնչից տեղյակ չեմ, ես քաղաքում չէի, դեռ ոչ մի բանից տեղյակ չեմ:

«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իրենք նպատակահարմար չեն համարում կոալիցիա կազմել: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ որոշումը:
-Թե հետագայում ԲՀԿ-ն ինչ գործունեություն կծավալի, չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերում է կոալիցիա կազմելու հարցին, ապա պետք է ասեմ, որ սա ընդամենը սովորական իրավիճակ է: Կարծում եմ, որ իրենք վարչապետի պաշտոնն էին ուզում, այս ժամանակահատվածում բանակցությունները դրա շուրջ էին ընթանում, եւ չստանալով իրենց ցանկացած պաշտոնը՝ որոշեցին, որ պետք չէ կոալիցիա կազմել: Ուղղակի կասեմ, որ սա ստանդարտ իրավիճակ է:

ՀՅԴ անդամ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
-Պարո՛ն Վարդանյան, ԲՀԿ-ն հայտարարել է, որ կոալիցիա չի կազմելու…
-Չեմ ուզում մեկնաբանել:

Հ.Գ. Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ՕԵԿ-ի ներկայացուցիչները, բոլորը խուսափում էին որեւէ պարզաբանում տալ ԲՀԿ առաջնորդի` վերը նշված որոշման հետ կապված:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս