ԱՄԵՆ ՄԵԿԸ ՄԵԾ ՊԱՏԱՌ Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե բոլորը դեռեւս փորձում են հասկանալ՝ իրականում ինչ է տեղի ունեցել ԱԺ ընտրությունների ժամանակ: Անդրադառնալով ՀԱԿ-ում տիրող իրավիճակին՝ տիկին  Սարգսյանը նշեց, որ իրենց մոտ ամեն ինչ խաղաղ է:
-Ազգային Ժողովի ընտրությունների ավարտից հետո սկսվել է պաշտոնների շուրջ սակարկությունների գործընթացը, եւ կարելի է ասել՝ երկրում փաստացի անիշխանություն է տիրում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ստեղծվել:
-Ես կարծում եմ, որ երկրում ստեղծվել է մի հոգեվիճակ, երբ ամբողջ ժողովուրդը իրեն հաշիվ է տալիս, թե ինչ կատարվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իրականում ժողովրդի կամքն այսօր խորհրդարանում արտահայտված չէ, որովհետեւ մի մասը բռնի ուժով տեղափոխվեց ընտրատեղամասեր, մի մասը զրկվեց կամովին իր կարծիքն արտահայտելուց, եւ բնականաբար, ժողովուրդն ինքն իրեն հաշիվ է տալիս: Մենք գիտենք, թե իրականում ինչ տեղի ունեցավ, աննախադեպ ընտրություններ էին, որտեղ իշխում էր փողը, որի արդյունքներն էլ արդեն բոլորին պարզ են: Ցավալի է, բայց փաստ, որ ժողովուրդը գերադասեց փողի իշխանությունը:  
 -Այս օրերին շահարկվում էր կոալիցիա կազմելու, ինչպես նաեւ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակամարտության հարցը, ըստ Ձեզ՝ Քոչարյանի սրտո՞վ չէր կոալիցիա կազմելը: Քոչարյան-Սարգսյան պայքարի դրսեւորումներ չե՞ք տեսնում:
-Ես կարծում եմ, որ այդ պայքարը մշտապես շարունակվում է՝ սկսած 2008թ. վերջից, միգուցե ոչ բացահայտ, բայց այդ պայքարը դեռ առջեւում է, քանի որ առջեւում նախագահական ընտրություններն են: Եւ Քոչարյանը դեռեւս ամեն ինչ փորձելու է անել` վերադառնալու համար քաղաքականություն: Բայց ես այն կարծիքին եմ, որ Քոչարյանի հնարավորությունները շատ փոքր են, ժողովուրդը դեռեւս չի մոռացել մարտի 1-ն  ու հոկտեմբերի 27-ը եւ թե ով իրականում այդ ոճրագործություններն իրականացրեց:
-Տիկի՛ն Սարգսյան, վերջին ժամանակներս ՀՀԿ-ի «գլխին կրակ է թափվում» Հանրապետության հրապարակում պայթեցին փուչիկները, իսկ նախօրեին էլ հրդեհ բռնկվեց ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի կտուրում: Ինչի՞ հետ եք այս ամենը կապում:
-Ես դրա մեջ նախախնամություն եմ տեսնում, Սերժ Սարգսյանն իշխանության եկավ արյան գնով: Դատավորը ժողովուրդն է եւ Աստված:
-Կոնգրեսի ներսում եւս  խաղաղ չէ, որոշ կուսակցություններ լքում են ՀԱԿ-ը, ի վերջո, այսպես մինչեւ ե՞րբ է շարունակվելու:
-Ես Կոնգրեսում նման վիճակ չեմ տեսնում, մեզ մոտ ամեն ինչ կարգին է, ընդամենը վերադասավորումներ են տեղի ունենում, մենք հաշվարկում ենք մեր հետագա քայլերն ու  մարտավարությունը: Կոնգրեսում արտառոց ոչ մի բան չկա: Մեզ մոտ ամեն ինչ խաղաղ է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս