Արդեն հայտնի է, որ այս տարվա հունիսի 1-ից Հայաստանում կավարտվի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի (ID քարտ) ներդրման գործընթացը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այդ դեպքում ինչ իմաստ կար տարիներ առաջ Հայաստանում կիրառության մեջ դնել սոցիալական քարտերը, եթե դրանք շատ արագ պետք է դեն նետվեին:
Նախ նշենք, որ նույնականացման քարտերը համարվում են անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ: Ըստ պաշտոնական բացատրության՝ նույնականացման քարտերի հնարավորություններն ավելի մեծ են, եւ դրանց կիրառման արդյունավետությունը կբարձրանա ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը զուգահեռ: Նույնականացման քարտերում եւ կենսաչափական անձնագրերի վերջին էջի հատվածում գտնվում է էլեկտրոնային պահոցը, որը պարունակում է քաղաքացու տվյալները, մասնավորապես՝ անուն-ազգանուն, ստորագրություն, մատնահետքեր: Նույնականացման քարտում կներառվի նաեւ քաղաքացու սոցիալական քարտի համարը:
«Ժողովուրդ»-ը նախ փորձեց պարզել, թե ինչու այդքան աշխատանք պահանջած սոցիալական քարտերը այժմ պետք է գործածությունից դուրս գան, եւ որքան գումար է ծախսվել այդ քարտերի ներդրման համար: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվական եւ վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սոցիալական քարտերի համակարգը ներդրվել է՝ սկսած 2003թ-ից, իսկ 2006-ից այն արդեն սկսել է կիրառվել. «Այդ քարտերի շնորհիվ պետական ռեգիստրներում առաջընթաց է եղել, դրա արդյունքում եղել են նաեւ հսկայական տնտեսումներ, դրա շնորհիվ բազաներից հանվել են տասնյակ հազարավոր անձինք, որոնք ստացել են տարբեր նպաստեր, որն իրենց չէր հասնում եւ այլն»:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ այդ պետական փաստաթուղթը ժողովրդին տրվել է անվճար. «Պետական բյուջեն մեկ քարտի համար վճարում է 66 դրամ, մինչեւ 100 դրամի սահմաններում»: Մեր հարցին, թե պետական բյուջեից տարեկան որքան գումար է հատկացվել սոցքարտերի համար, պարոն Չոբանյանը հայտնեց. «Յուրաքանչյուր տարի պետական բյուջեով հատկացվում է որոշակի գումար, 2012թ. հատկացված գումարի չափը կազմել է 140 միլիոն դրամ, որը, բնականաբար, կկիսվի, ամբողջությամբ չի ծախսվի, քանի որ դուրս կգա շահագործումից, բայց նշեմ, որ պետական ծախսերն արդարացված են»:
Չոբանյանը հավաստիացրեց, որ այս նոր համակարգն ավելի օպերատիվ կլինի. «Միշտ նշվել է, որ եթե պետությունը պատրաստ լինի, կանցնենք նույնականացման քարտերին, եթե այն ժամանակ սոցիալական քարտի հետ ներկայացնում էիք անձնագիր, այս քայլով այլեւս դա չի լինելու»:
Քանի որ այն տարիներին, երբ սոցիալական քարտերը ներդրվեցին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար էր ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը, փորձեցինք նրա հետ զրուցել եւ պարզել, թե ինչքանով էր լուրջ այդ գործընթացը, եթե որոշ ժամանակ հետո սոցքարտերը դուրս էին գալու կիրառությունից. «Ինքը շատ նորմալ համակարգ էր եւ ընդունված ամբողջ աշխարհում: Չնայած բազմաթիվ հիստերիաների, չգիտեմ ինչերի` սոցիալական քարտն իր հստակ դերը կատարել է: Բնականաբար, ժամանակները փոխվում են, եւ գալիս են ավելի արդիական համակարգեր, նույնականացման քարտերն ընդամենը դրանց արդիական տարբերակն են»:
Իսկ մեր հարցին, թե արդյոք մեծ գումարներ են ծախսվել սոցիալական քարտերի ներդրման համար, պատասխանեց. «Թվային բառերով չեմ հիշում, եթե չեմ սխալվում, տարեկան բյուջեով նախատեսված է եղել երեւի առավելագույնը մոտ 100-150 միլիոն դրամ, դրանք այն գումարներն են, որ «Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնը՝ որպես ՊՈԱԿ, ստանում է պետական բյուջեից: Վստահ եմ, որ նույնականացման քարտերը, որոնք պետք է ներդրվեն, շատ ավելի ծախսատար են, քանի որ շատ ավելի մեծ ինֆորմացիա են պարունակում»:
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանից փորձեցինք տեղեկանալ, թե այս անգամ որտեղից են այդ գումարները հատկացվելու նույնականացման քարտերի համար: «Կառավարությունը մրցույթ է հայտարարել գնման պայմանագրով, վճարելու պարտավորությունը ոստիկանությունը չի ստանձնում. լեհական PWPW կազմակերպությունն է շահել, որը շատ հայտնի է: Արդեն տեւական ժամանակ է՝ Հայաստանում են, բոլոր ծախսերը կատարվում են այդ կազմակերպության միջոցներով»,-ասաց Հ. Քոչարյանը:
Փաստը մնում է փաստ, որ տարիներ շարունակ պետությունը հարյուրավոր միլիոններ է «լվացել» սոցիալական քարտերի անվան տակ, իսկ այսօր դրանք դարձել են ոչ պիտանի:
ՄԻԼԻՈՆՆԵՐ ԵՆ ԾԱԽՍԵԼ, ԲԱՅՑ ԱՆԻՄԱՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ