ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ առաջ կատարված դատախազական եւ քննչական ապարատի վերակառուցման արդյունքում քննչական ապարատը, առանձնացվելով դատախազությունից, խիստ թուլացավ, զրկվեց փորձառու եւ պրոֆեսիոնալ կադրերից, որը, անշուշտ, անդրադարձավ նախաքննության որակի վրա։
Բերեմ մեկ օրինակ մեր փաստաբանական գրասենյակի պրակտիկայից։
2010թ. վերջին մեր գրասենյակը ոստիկանական ծառայության կողմից պահպանվող պահեստարանից կատարված սուրճի մեծաքանակ գողության վերաբերյալ վարույթը կասեցված գործով ներկայացնում էր տուժողի շահերը։ Հարցի ուսումնասիրությունից պարզվեց, որ նախաքննությունը կատարվել է մակերեսորեն եւ ոչ լրիվ, մասնավորապես չի ստուգվել հանցագործության կատարմանը պահեստարանի պահպանությունն իրականացրած ոստիկանության աշխատակիցների մասնակցության վարկածը։
Վարույթի կասեցման որոշումը բողոքարկվեց ինչպես դատախազին, այնպես էլ դատարան, սակայն բողոքը վերջին հաշվով մերժվեց եւ հանցագործությունը նախաքննությունն իրականացրած քննիչի մասնագիտական ցածր մակարդակի պատճառով երկար ժամանակ մնաց չբացահայտված։
Այս տարի՝ արդեն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ տեղափոխված նույն գործի նախաքննության ընթացքում, հանցագործությունը բացահայտվել է, եւ պարզվել է, որ այն կատարել են պահեստարանի պահպանությունն իրականացրած ոստիկանները, եւ գործն ուղարկվել է դատարան։
Քննչական ապարատի պրոֆեսիոնալիզմի բարձրացման եւ կայացման ճանապարհին կան նաեւ օրենսդրական խոչընդոտներ։ Դրանցից են.
ա. մինչդատական վարույթի իրականացման ընթացքում մրցակցության բացակայությունը (չհաշված դրանց առանձին տարրեր, որոնք խիստ անբավարար են),
բ. նախաքննության արդյունքների համար պատասխանատվությունից ազատ եւ անկախ դատախազական հսկողության բացակայությունը։
Մրցակցության սկզբունքի ներդրումը մինչդատական վարույթի կատարման ընթացքում նախաքննության օրինականության եւ մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքի ռեալ իրականացման գրավականն է։
Դրանից զատ, գործող դատավարական օրենսդրության մեջ եղած բացերը նույնպես մինչդատական վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն են տալիս ոտնահարել կասկածյալի անգամ այնպիսի հանրահայտ իրավունք, ինչպիսին պաշտպանության իրավունքն է։ Ամենատարածվածը փաստացի կասկածյալի վիճակում գտնվող անձին որպես վկա հարցաքննելն է, որի անթույլատրելիությունն արձանագրվել է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կասկածյալ է համարում միայն այն անձին, որը ձերբակալվել է, կամ ում  նկատմամբ մինչեւ մեղադրանք առաջադրելը կիրառվել է խափանման միջոց։
Պրակտիկ տեսանկյունից ներկայում առաջին պլան է մղվել երկրորդ գործոնը՝ նախաքննության արդյունքների համար պատասխանատվությունից ազատ եւ անկախ դատախազական հսկողության բացակայությունը։
Նախաքննությունը դատախազությունից առանձնացնելու նպատակը, անշուշտ, այն էր, որ դատախազությունը զբաղվի զուտ դատախազական հսկողությամբ եւ ապահովի նախաքննության օրինականությունը։
Ստացվեց այնպես, որ սպանությունների, տեռորիստական ակտերի եւ մի շարք այլ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը պետք է քննեին ոստիկանության քննիչները, որոնք մինչ այդ նման գործեր չէին քննել։ Օրենսդիրը հավանաբար նկատի էր ունեցել, որ դատախազության վերակառուցման արդյունքում նրա քննչական ապարատի փորձառու քննիչները կտեղափոխվեն ոստիկանության քննչական ապարատ եւ կապահովեն որակյալ քննություն, սակայն իրականում այդպես չեղավ, եւ շատերը նախընտրեցին անցնել փաստաբանական կամ այլ աշխատանքի։ Դրանից բացի, փաստաբանական աշխատանքը գերադասեցին նաեւ ոստիկանության քիչ թե շատ փորձառու եւ մասնագիտական պատշաճ մակարդակ ունեցող քննիչները։
Ահա այս պայմաններում օրենսդիրը դատախազության մասին օրենքում նախատեսեց նորմ, համաձայն որի՝ նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազը պատասխանատու է նախաքննության արդյունավետության համար, որի նպատակն այն էր, որ փորձառու եւ բարձր պատրաստվածություն ունեցող դատախազներն օգնեին քննիչներին փորձի եւ պրոֆեսիոնալիզմի բացը լրացնելու հարցում։
Սակայն նոր պայմաններում քննչական ապարատի կայացման հարցում դա ճիշտ հակառակ արդյունքը տվեց։
Մեղադրողը շահագրգռված չէ նախաքննության թերությունները վեր հանելու հարցում, այլ աշխատում է ամեն կերպ մեղադրական դատավճիռ ունենալ, քանի որ պատասխանատու լինելով նախաքննության արդյունավետության համար՝ քննիչի հետ միասին պատասխանատվություն է կրում նրա բոլոր թերությունների ու բացթողումների համար։
Նման վիճակը քննիչին զրկում է իր վրա աշխատելու, մասնագիտական մակարդակը բարձրացնելու խթանից՝, քանի որ համոզված է՝ դատախազը դատարանում գործը «անց կկացնի»։
Ստացվում է, որ ժամանակին լավ նպատակով ստեղծված նորմը ներկայումս խոչընդոտում է ոչ միայն քննչական ապարատի կայացմանը, այլեւ նախաքննության նկատմամբ անաչառ եւ անկախ դատախազական հսկողության ապահովմանը: Հետեւաբար` այն վերացնելը ժամանակի հրամայականն է։

«Հատկապես կարեւոր գործերով
փաստաբանների գրասենյակ»-ի
հիմնադիր, նախկին դատախազ
ՀԱԿՈԲ ԲԱԲԱՅԱՆ




Լրահոս