ՎԱՆԱՁՈՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԵՌՈՒԶԵՌ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին զանգի կապակցությամբ Վանաձորի խանութներում եռուզեռ է: Շրջանավարտների ծնողներն ակտիվորեն պատրաստվում են այդ օրվան: Սակայն բողոքում են թե՛ առեւտրականները, թե՛ ծնողները:
Առեւտրական Մարինեն, որը հագուստ է վաճառում Վանաձորի հագուստի շուկայում, մեզ հետ զրույցում  նշեց. «Նախորդ տարիների նման չէ, ժողովրդի ձեռքը փող չկա, վաճառողները շատ են, առնող չկա»: Իսկ շրջանավարտի ծնող Անահիտն էլ  ավելացրեց. «Ամեն ինչ թանկ է, եւ վերջին զանգի օրերին էլ ավելի են թանկանում հագուստը, կոշիկը ծաղիկները»:
Ավարտական դասարաններում երեխա ունեցող յուրաքանչյուր ծնող փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ օրն իր երեխան մնացածներից հետ չմնա եւ իրեն վատ չզգա, քանի որ վերջին զանգը կյանքում մեկ անգամ է լինում: Եւ այսպես, մեկը մյուսին նայելով՝ ծնողները հաճախ մրցավազքի մեջ են մտնում միմյանց հետ:
Վերջին զանգի միջոցառման համար ծնողխորհուրդների որոշմամբ հավաքվում են կլորիկ գումարներ` սցենար գրելու, երաժշտությունը եւ տեսանկարահանումը ապահովելու, դպրոցի տնօրենին, դասղեկին եւ մյուս ուսուցիչներին նվերներ գնելու, դահլիճ, դասարան զարդարելու, միատեսակ զանգեր պատվիրելու,  «վինետկա» հանելու եւ այլ նպատակներով: Սա դեռ ամենը չէ, դրան գումարվում են երեխաների հագուստի եւ արտաքին տեսքի ծախսերը: «Շատ դժվար է, ուզեմ-չուզեմ պետք է անեմ ամեն ինչ, որ իմ երեխան հետ չմնա իր դասընկերներից, բայց այս աղքատ պետությունում, որի աշխատողը ստանում է միջինը 40.000 դրամ, ծնողն ինչպե՞ս հոգա այդ ծախսերը, ստիպված պարտքեր ենք անում»,-նշեց շրջանավարտի հայր Սուրենը:
Խանութների շրջանում մեր կատարած հարցումը ցույց է տալիս, որ տղաների կոստյումների գները սկսվում են 35.000, իսկ կոշիկները՝ 15.000 դրամից: Եթե տղաները կբավարարվեն այսքանով, ապա աղջիկների դեպքում այլ է: Աղջիկները  սովորաբար բեմում հագնում են սեւ-սպիտակ հագուստ, որը սկսվում է 25.000 դրամից, իսկ ավարտական երեկոյի զգեստը՝ 30.000-ից: Դրան գումարվում են  նաեւ այդ երկու տեսակի հագուստի հետ հագնելու կոշիկները, որոնց գինը կազմում է մոտ 35.000 դրամ: «Մեր մոտ կոշիկները սկսում են 5.000 դրամից մինչեւ 15.000: Շրջանավարտները գնում են, կան մարդիկ, որ նաեւ «նիսյա» են տանում, ի՞նչ անեմ, հարմարվում ենք, իսկ թանկացման հետ կապված մեծ փոփոխություն չկա»,-նշեց Վանաձորի «Հերմես» հագուստի շուկայի առեւտրական Անժիկը:
Բայց աղջիկների դեպքում ծախսը մեծանում է նաեւ այն պատճառով, որ կա վարսավիրանոց գնալու եւ հարակից ծառայություններից օգտվելու հարց: «Մեր վարսավիրանոց շատ են դիմել վարսահարդարման համար, մենք այդ օրը ժամը 6-ից աշխատելու ենք, հիմնականում «դիֆուզ» սանրվածքն են ընտրել, որը սկսվում է 1500 դրամից: Գները հիմնականում կախված են մազի երկարությունից»,-նշեց «Էլլա» գեղեցկության սրահի մենեջեր Գայանեն:
Այս ամենից բացի, կա ավարտական երեկո անցկացնելու եւ ռեստորան գնալու խնդիրը, որի համար տարբեր վայրերում տարբեր գումարներ են հավաքում:

ԼԻԱ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ
Լոռի




Լրահոս